ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում ծնելիությունը տարեցտարի նվազում է, վաղուց գաղտնիք չէ: Սակայն հատկապես վերջին տարիներին այս տխուր միտումն առավել տեսանելի է Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:

Նշենք, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում ծնվել է 41 հազար 815 երեխա, իսկ մահացությունը կազմել է 27 հազար 835: Այսինքն՝ բնակչության թվի բնական աճը կազմել է ընդամենը 13 հազար 980:
«Ժողովուրդ»-ն այս մտահոգիչ միտման առնչությամբ զրուցել է Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյան
-Պարո՛ն Սարգսյան, ըստ պաշտոնական վիճակագրության՝ Վայոց ձորի մարզում ծնելիության թիվը գնալով նվազում է: 2015 թվականին մարզում ծնված երեխաների թիվը մահացածների թվից ավել է եղել ընդամենը 58-ով: Արդյոք այս թվերը Ձեզ չեն մտահոգում, եւ ինչ քայլեր եք կատարում մարզում ծնելիության խթանման ուղղությամբ:
-Հիմնականում բնակչությանը հետ բերելու խնդիրներն ենք մենք առաջ դնում: Ովքեր որ դուրս են եկել աշխատելու Ռուսաստան կամ արտերկիր, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի պայմաններ ստեղծենք նրանց հետ վերադարձնելու իրենց տները, իրենց ընտանիքները: Արդեն այս տարվա ապրիլ ամսից «Գեոթիմ» ՓԲԸ-ն («Գեոթիմ» ՓԲԸ-ն երկրաբանական աշխատանքներ է իրականացնում Վայոց ձորի մարզում` Ամուլսարի տարածքում), մարզում սկսելու է գործունեություն ծավալել, ինչի արդյունքում հազարից ավելի աշխատատեղեր են բացվելու, եւ կարծում եմ՝ ովքեր որ եկել են, իրենց ընտանիքներն էլ չեն գնալու: Արդեն շատ մարդ է գրանցվում, որպեսզի աշխատի: Անցյալ տարի մեր պահածոների գործարանը վերաբացվեց, եւ այժմ աշխատանքները ընդլայնվում են: Այս ամենը կնպաստի գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, որովհետեւ գյուղացին արդեն իր մթերքի հանձման տեղն ունի: Անցյալ տարի պահածոների գործարանը մոտ վեց հարյուր տոննայի չափ բանջարեղեն մթերեց: Այս տարի այդ ցուցանիշը կկրկնապատկվի, որովհետեւ գյուղացին զբաղվելու է գյուղատնտեսությամբ եւ հանձնելու է իր արտադրածը: Մենք ամեն ինչ ձգտում ենք անել, որպեսզի աշխատատեղեր բացվեն:
-Այդուամենայնիվ, այդ ձգտումների արդյունքը առայժմ բավարար չէ…
-Աշխատատեղեր բացելու համար կառավարությունը, պետությունը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ներդրողների համար պայմաններ ստեղծի: Այս պահի դրությամբ Ջերմուկում 47 մլն դրամի շինարարություն է ընթանում: Անհատներ են աշխատում, Ռուսաստանի քաղաքացիներ կան: Հյուրանոցներ, առողջարաններ են պատրաստվում: Եվ այս բոլորը աշխատատեղեր են: Այսպիսի ծրագրերով պետք է ավելացնենք մեր ազգաբնակչությունը եւ, ինչու չէ, նաեւ պետք է մեր երիտասարդներին ողջունենք, ամեն հարցում օգնենք, որպեսզի ընտանիքներ կազմեն, ծնելիությունը մեծանա, երեխաների թիվը շատանա. դա ամենակարեւորն: է:
-Պարո՛ն Սարգսյան, Դուք ասում եք՝ պետությունն ամեն ինչ փորձում է անել, բայց իրականությունն այն է, որ այսօր էլ արտագաղթը մեծ տեմպերով շարունակվում է, եւ մարդիկ գնում են չվերադառնալու հստակ որոշմամբ:
-Մեր մարզում, ի ուրախություն մեզ, շատ մարդիկ չեն, որ մշտական բնակություն են հաստատում օտար երկրներում: Մեծ մասը ժամանակավոր աշխատանքով է զբաղվում, գնում, գալիս է: Ամեն դեպքում, ինչ հնարավոր է, մենք պատրաստ ենք անել եւ աշխատում ենք դրա վրա:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան
-Պարո՛ն Նալբանդյան, ՀՀ բնակչության թիվը տարեցտարի նվազում է, ինչն ավելի շատ նկատվում է հատկապես մի քանի մարզերում, որոնց թվում է նաեւ Ձեր ղեկավարած մարզը: Օրինակ՝ Լոռիում 2015 թվականին ծնված երեխաների թիվը մահացած մարդկանց թվից ավել է եղել ընդամենը 266-ով: Ի՞նչ են ասում այս թվերը, եւ արդյո՞ք Դուք այս վիճակը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկում եք:
-Այնքան ծավալուն հարց եք տալիս: Հիմա ես չեմ կարող մեկ րոպեի մեջ այդ ծավալուն հարցին պատասխանել: Ես շատ շուտով հաշվետվությամբ եմ հանդես գալու եւ Ձեր նշած բոլոր հարցերի պատասխանները Դուք այդ հաշվետվությունում կտեսնեք:
Հ. Գ. Մենք, իհարկե, կապ հաստատեցինք նաեւ Սյունիքի եւ Տավուշի մարզպետների հետ: Սակայն թե՛ Սուրիկ Խաչատրյանը, թե՛ Հովիկ Աբովյանը խուսափեցին պատասխանել այս ցավոտ խնդրի շուրջ մեր հարցերին: Խաչատրյանը նշեց, թե խորհրդակցության է, իսկ Աբովյանն էլ խուսանավեց` ասելով, որ հեռախոսով ոչ մի հարցի չի պատասխանում: Իհարկե, բավականին հարմար պատճառաբանություններ են, հատկապես երբ ասելիք չկա:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 

 
ԱՐՑԱԽՈՒՄ ՆԱԽԿԻՆ ՈՒ ՆԵՐԿԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԼԱՐՎԱ՞Ծ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում կանխատեսել էր, որ Հայաստանի օրինակով ԼՂՀ-ում եւս սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում չէր բացառել, որ Արցախում եւս սահմանադրական փոփոխությունների գործընթաց կարող է սկսվել: «Անձամբ ես եւ իմ ղեկավարած կուսակցությունն արդեն տեւական ժամանակ է` խոսում ենք Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, ինչն այդքան էլ պայմանավորված չէ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով», – ընդգծել էր ԼՂՀ վարչապետը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս փոփոխությունը Արցախում եւս փոթորկել է իրավիճակը, քանի որ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ցանկանում է վերադառնալ մեծ քաղաքականություն, սակայն Բակո Սահակյանը, ըստ էության, թույլ չի տալիս: Ի՞նչ իրավիճակ է Արցախում: «Ժողովուրդ»-ը զրուցել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան, ՀՀ սահմանին իրավիճակը լարված է: Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների քայլերը որո՞նք պետք է լինեն:
-Այդ լարվածությունը նորություն չէ: Արդեն մոտ 20 տարի է` զինադադարից հետո եւ, բնական է, որ ե՛ւ բանակը, ե՛ւ իշխանությունները կատարում են իրենց պարտականությունները: Ես անմիջապես ընդգրկված չեմ այդ պրոցեսների մեջ, բայց գիտեմ եւ գիտակցում եմ, որ դժբախտաբար մենակ մեզանից չէ կախված այդ լարվածության թուլացումը: Դա նաեւ պետք է բարի կամք լինի Ադրբեջանի կողմից, որը, դժբախտաբար, չկա: Ադրբեջանը սրում է իրավիճակը, եւ մաքսիմում մեզանից կախվածը, իմ կարծիքով, մենք անում ենք:
-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերջերս երկու հակահայ զեկույց էր ներկայացված, որից միայն մեկը հաջողվեց չեզոքացնել: Այստեղ ո՞ւմ բացթողումն եք տեսնում:
-Ադրբեջանը մեզ պատերազմ է հայտարարել ոչ միայն ռազմի դաշտում: Ադրբեջանը պատերազմի մեջ է բոլոր դաշտերում` քաղաքական, ռազմական, քարոզչական, եւ դա նույն քարոզչական պատերազմն է:
-Իսկ այդ պատերազմից մեզ հաջողվե՞ց պատվով դուրս գալ:
-Գիտեք, արդյունքները շոշափելի չեն լինում քաղաքականության մեջ, մի քիչ ժամանակ է պետք, որ հասկանանք: Բայց ես համարում եմ, որ ե՛ւ մեր դիվանագետները, ե՛ւ մեր զինվորներն իրենցից կախվածն անում են:
-Պարո՛ն Ղուկասյան, ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխություններ են նախատեսված, որի դեպքում Բակո Սահակյանի համար ավելի երկար իշխանավարելու պայմաններ կստեղծվեն: Ի՞նչ կտան փոփոխությունները:
-Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ ընթացքներ են Ղարաբաղում, բայց ենթադրում եմ, որ քննարկում են այդ փոփոխությունների փաթեթը: Եվ բնական է, որ ժողովուրդն է որոշելու:
-Իսկ Ձեր կողմից կրկին ԼՂՀ նախագահ դառնալու ցանկություն կա՞:
-Իմ ցանկությունների մասին Դուք ավելի լավ գիտե՞ք երեւի, քան ես:
-Ո՛չ, ես Ձեզ եմ հարցնում, չէ՞ որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ մրցակցություն կառաջանա:
-Ո՛չ, ես ընդհանրապես դրա մասին չեմ մտածել:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 
65 ՄԻԼԻՈՆԻ ՅՈՒՐԱՑՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի՝ երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Այս գործի շրջանակներում ԵՄ երեւանյան գրասենյակը ճանաչվել է որպես տուժող: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում պարզվել է, որ «Մարտունու ուսանողական խորհուրդ» անվանումով կազմակերպությունը 2012թ. մշակել է «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» ծրագիր-նախագիծ եւ ներկայացրել ՀՀ-ում ԵՄ երեւանյան գրասենյակ եւ այն իրականացնելու համար ստացել է դրամաշնորհ: Մեր տեղեկություններով՝ ԵՄ-ն կազմակերպությանը տրամադրել է մոտ 120 հազար եվրո, սակայն ծրագիրն այդպես է չի իրականացվել, ասել է, թե գումարները յուրացվել են:

 

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՐՅՈՒԿ
Երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում Ղուկասյանն ու իր ընկերը մահակներով ինչ-որ անձանց են ծեծել: Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էր, որ գործով տարբեր մարդիկ են հարցաքննվել, որոնք ժխտել են ծեծի մասին տեղեկությունները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մարմնի վրա վնասվածքի բռնության հետքեր չեն եղել: Հենց այս հանգամանքն էլ կասկածներ է առաջացնում առ այն, որ ծեծկռտուքի լուրը միգուցե սարքված է եղել: Այս տարվա սեպտեմբերին Գյումրիում պետք է տեղի ունենան քաղաքապետի ընտրություններ: Ըստ լուրերի՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ի սկզբանե փորձում է «չեզոքացնել» բոլոր պոտենցիալ մրցակիցներին:

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ Է
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը վարչական տույժի է ենթարկել իրենց մարզի մի շարք գյուղապետերի: Տույժի են ենթարկվել Գեղադիր, Կամարիս, Ակունք եւ Բջնի համայնքների ղեկավարները: Օրինակ՝ Կամարիսի գյուղապետ Զարզանդ Եգորյանը տուգանվել է հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար: Նույն խախտումն անելու համար տուգանվել են նաեւ Ակունքի գյուղապետ Հունան Ռուբենյանը եւ Գեղադիրի գյուղապետ Հրաչ Սարգսյանը: Իսկ, ահա, Բջնիի գյուղապետ Արմեն Մաթեւոսյանը տույժի է ենթարկվել իրենց համայնքային սեփականություն համարվող հողամասերի օտարման կարգը խախտելու համար: Գյուղապետերը որպես տույժ պետք է վճարեն 150 հազար դրամ տուգանք: Ակունքի գյուղապետ Հունան Ռուբենյանն իրեն տուգանելու արդարացված լինել-չլինելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Որ սխալ եմ արել, ուրեմն պետք է պատժվեմ: Մարզպետը տուգանել է հողային տեսչության ստուգումների արդյունքների հիման վրա»:




Լրահոս