ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ ՀՅՈՒՍԵԼՈՒ ՄԵՆԱՇՆՈՐՀՆ ԷԼ ՀԱՍՏԱՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում պետական պաշտոնյաներից պահանջեց այլեւս չփորձել լրատվական դաշտում անձնական խնդիրներ լուծել, բայց դա չի նշանակում, որ իշխանությունները դադարելու են վերահսկել լրատվական դաշտը: Պարզապես հայկական նոր իրողության պայմաններում այդ գործառույթը պաշտոնապես կդառնա միայն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եւ նրա մերձավոր շրջապատի մենաշնորհը:

Այո, հենց այդպիսի նպատակ է հետապնդում Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ին հնչեցրած ելույթի հետեւյալ հատվածը. «Հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո, ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է եւ ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց»:
Իհարկե, միամիտները կկարծեն, թե Սերժ Սարգսյանը որոշել է կարեւորել խոսքի ազատությունը եւ այն պաշտպանել արտաքին միջամտություններից: Սակայն նման տպավորություն կարող է ստեղծվել միայն այն մարդկանց մոտ, որոնք ո՛չ հայկական իրողությանն են ծանոթ եւ ո՛չ էլ Սերժ Սարգսյանի` մամուլի նկատմամբ ունեցած վերաբերմունքին:
Շատերը գուցե այսօր չհիշեն, որ Հայաստանում երբեւէ տեղի ունեցած թերթ փակելու հատուկենտ դեպքերից մեկում նա անձնական դերակատարություն է ունեցել: 1999-ի հունիսին, երբ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարը Սերժ Սարգսյանն էր, անձամբ ձեռնամուխ եղավ իշխանական վերահսկողությունից դուրս «Օրագիր» օրաթերթի փակմանը: Նա անձամբ էր նախաձեռնել օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին լռեցնելու գործը՝ զրպարտության մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկելով: Օրաթերթը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար անցանկալի գոյություն էր դարձել այն պատճառով, որ էապես խոչընդոտել էր նշված դուետի ծրագրերի իրագործմանը: Նրանք ծրագրել էին 1999-ի մայիսի 30-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում թույլ չտալ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքի հաղթանակը: Այդ նպատակով ստեղծվել էր ՕԵԿ-ը, երբեմնի ընդդիմադիր ԱԺՄ-ն առատ ֆինանսավորվում էր, Դաշնակցությունը լիարժեք օգտվում էր իշխանական ռեսուրսներից եւ այսպես շարունակ: Սակայն ազատ մամուլն իր գործն անելով՝ փաստացի խանգարել էր, եւ ներիշխանական ինտրիգները ցանկալի արդյունքը չէին տվել:
Հետագա տարիներին Սերժ Սագսյանը աչքի է ընկել նրանով, որ մշտապես խուսափում էր լրագրողների հետ ազատ շփումներից: Նրա շփումները լրագրողների հետ մշտապես եղել են ի սկզբանե ծրագրված: Այսինքն՝ յուրային լրագրողներից բացի՝ ուրիշ ոչ մեկը չի կարող Սերժ Սարգսյանի ասուլիսներին եւ ճեպազրույցներին մասնակցել, նրան հարց ուղղել: Ի դեպ, 2008-ից նախագահական նստավայրի լրատվական ծառայությունը հենց այդ սկզբունքով էլ սկսեց գործել, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը տեղափոխվեց այդ շենք:
Ռոբերտ Քոչարյանը եւս ազատ մամուլին եւ իշխանության վերահսկողության տակ չգտնվող լրագրողներին տանել չէր կարողանում: Նա փակեց «Ա1+» հեռուստաընկերությունը, լրագրողները պարբերաբար դարանակալած հարձակումների էին ենթարկվում: Սակայն Ռոբերտ Քոչարյանը խուսափում էր լրագրողների նկատմամբ տածած իր վախը դրսեւորելուց, եւ «անցանկալի» լրագրողները երբեմն հնարավորություն էին ունենում իրեն հարցեր ուղղելու: Եւ ամենակարեւորը՝ «տակից» չէր քանդում մամուլի դաշտը, այսպես ասած, «մուտիլովկաներով»:
Ու հենց այս իրավիճակը հաշվի առնելով՝ պետք է փաստել, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին հասցեագրված Սերժ Սարգսյանի մեսիջը իրականում այլ նշանակություն ունի: Այդպիսով նա ազդարարեց, որ այսուհետ ոչ մեկը չփորձի մամուլի հետ շփվել, հարաբերություններ պարզել (բոլոր աղբյուրները կբացահայտվեն ԱԱԾ նոր պետ նշանակված Գեորգի Կուտոյանի ջանքերով): Սարգսյանի ուղերձը վերաբերում էր բոլորին, ովքեր կփորձեն որեւէ լրագրողի հետ շփվել, անկեղծանալ, ինչ-որ հարցի շուրջ դժգոհություն հայտնել: Ինֆորմացիոն խողովակները պետք է լինեն բացառապես մեդիամագնատի համարում ունեցող Միքայել Մինասյանի ու նրա թիմի ձեռքին: Միայն Սերժ Սարգսյանի փեսան ու նրա հրահանգով աշխատող մարդիկ պետք է տիրապետեն ինֆորմացիային եւ ուղղորդեն այն՝ հընթացս խարդավանքներ հյուսելով իրենց համար անցանկալի պաշտոնյաների համար: Չվերահսկվող որեւէ ինֆորմացիա չպետք է հրապարակվի: Ու եթե որեւէ պաշտոնյա ինֆորմացիոն դաշտի մենաշնորհը փորձի խախտել, ապա կարող է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում «զոհվել»:
Ի դեպ, ազատ մամուլի նկատմամբ իր տածած ակնհայտ ատելությամբ հանդերձ Սերժ Սարգսյանը, սակայն, հուրախություն մեզ, այն եզակի պաշտոնյաներից է, որն ամեն օր անձամբ է ընթերցում օրվա մամուլը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ԿՈՍՄԵՏԻԿ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ առողջապահության նախարարության անցած տարվա գործունեության կատարողականը քննարկելիս նախարար Արմեն Մուրադյանին նախատել է պետպատվերով բուժօգնության առնչութամբ ստացված բողոքների հետ կապված: Հովիկ Աբրահամյանը նախարարին ասել է, որ պետպատվերով բուժօգնությունը հաճախակի հասցեատերերին չի հասնում, եւ այդ խնդրի հետ կապված դժգոհությունները գնալով ավելանում են: Աբրահամյանը նաեւ հայտարարել է, որ առողջապահության նախարարությունն առաջիկայում կառուցվածքային լուրջ փոփոխությունների պետք է ենթարկվի:

 

ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ Երեւանի քաղաքապետարանը դեռեւս փետրվարի 9-ին մարտի 1-ի հանրահավաքի հետ կապված ի գիտություն է ընդունել ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ «Նոր Հայաստան»-ի իրազեկումները: Սակայն վերջիններս այդպես էլ համաձայնության չեն գալիս, թե հանրահավաքն ինչ ֆորմատով են անցկացնելու` առանձին-առանձին տարբեր ժամերի, թե միասին: Երեկ հրավիրված ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այս խնդրի առնչությամբ հայտարարեց, որ երեկոյան (երեկ երեկոյան) հնարավոր է՝ կողմերի միջեւ վերջնական որոշում կայացվի: Սակայն երեկվա դրությամբ խնդիրը այդպես էլ չէր հստակեցվել, կողմերը կրկին անգամ պնդում էին, որ բանակցությունները նորմալ հունով ընդանում են եւ առաջիկայում իրենք ընդհանուր հայտարարի կգան:

 

ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության այսօր կայանալիք նիստում պետք է քննարկվի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունն երկու առանձին նախարարությունների բաժանելու մասին օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու հարցը: Սակայն երեկվա դրությամբ այն դեռ ներառված չէր օրակարգային նախագծերի ցանկում: Սակայն փորձը ցույց է տվել, որ կարեւոր հարցերը կառավարության օրակարգում ընդգրկվում են նիստից րոպեներ առաջ: Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ առանձնացվելուց հետո ՀՅԴ-ի կողմից տարածքային կառավարման նախարար պետք է նշանակվի Դավիթ Լոքյանը: Իսկ ՀՀ ՏԿԱԻ ներկայիս նախարար Արմեն Երիցյանը կվերանշանակվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԸՍՏ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով ՄԻՊ-ի ՀՀԿ-ական թեկնածու Արման Թաթոյանի նկատմամբ իր վերաբերմունքին, «Առավոտի» հետ զրույցում ասել է. «Համենայն դեպս, բացասական չի: Դեռ կան հարցեր: Իշխանական-չիշխանական թեկնածուի հարց չի: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում իր՝ ՀՀ ներկայացուցչի տեղակալ լինելու հարցն է, իսկ ես այս պահի դրությամբ երկու հարց ունեմ ՄԻԵԴ-ում: Ինձ հետաքրքրում է՝ շահերի բախման խնդիր կա՞, թե՞ չէ»: «Ես Մարտի 1-ի գործով իրեն հարցրել եմ՝ սա դո՞ւ ես գրել, ինքը երաշխավորում է, որ ինքը չի գրել: Հարցրել եմ՝ ո՞վ է գրել: Ես մի կողմ եմ, ինքն էլ է կողմ, բայց հակադիր կողմեր ենք, դա կոնֆլիկտ է արդեն: Այդ կոնֆլիկտը ոնց որ թե լուծվում է, որովհետեւ ինքը բերում է փաստարկներ: ԱԺ նիստի ժամանակ կտեսնենք՝ ինչքան համոզիչ կհնչեն իր փաստարկները, ըստ այդմ էլ կորոշենք»:

 

Ի ՊԱՏԱՍԽԱՆ
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» միավորումից երեկ արձագանքել են սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» կազմակերպության` նախօրեին տարածած հայտարարությանը, որում ՕԵԿ-ը մեղադրվում էր կազմակերպության անվանման գողության մեջ: Պնդելով, որ «Վերածնունդ», «Հայկական վերածնունդ» բառերը եւ բառակապակցությունները «ոչ մեկի սեփականությունը չեն, դրանք համամարդկային եւ համազգային բովանդակություն ունեցող հասկացություններ են, նախկին ՕԵԿ-ականներն ասում են. «Երբ գրեթե մեկ տարի առաջ մեր կողմից ընտրվել է «Հայկական վերածնունդ» անվանումը, ընդհանրապես տեղեկություն չի եղել, որ սփյուռքում գործում է նմանանուն կազմակերպություն: Սա խոսում է մի բանի մասին, որ նշված կառույցը գոնե հայաստանյան լայն հանրությանը անհայտ է եղել թե՛ իր գործունեությամբ եւ թե՛ իր գաղափարներով ու նպատակներով»:

 

ՕԼԻԳԱՐԽՆԵՐՈՎ
hraparak.am-ի տեղեկություններով` երկու հայտնի ընտանիք, հնարավոր է, առաջիկայում բարեկամանան: Խոսքը Սուքիասյանների եւ Ծառուկյանների ընտանիքի մասին է: Սուքիասյանի որդին՝ Ալբերտը, պատրաստվում է առաջարկություն անել Գագիկ Ծառուկյանի դստերը՝ Անահիտին: Վերջինս սովորում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, իսկ Սուքիասյանի որդին ավարտել է ՀՊՃՀ կիբեռնետիկայի ֆակուլտետը: Ի պատասխան առաջիկա ամուսնութան շուրջ հարցին` Խաչատուր Սուքիասյանն ասել է, որ ընտանեկան հարցերը չի մեկնաբանում: Ծառուկյաններին մոտ կանգնած կայքի աղբյուրներն էլ ասել են, որ աղջիկը ոչ մեկի հետ չի հանդիպում, բայց «հազար ուզող ունի», եւ դեռ հայտնի չէ, թե ում վրա կկանգնի նրա ընտրությունը։

 

ԽԵԼԱՄԻՏ ԱՌԱՋԱՐԿ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատմանն է ներկայացվելու նախագիծ, որով կպարզեցվի ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող համաձայնեցված հայտարարագրի ձեւը, դրանում կներառվի առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացվող հայտարարագիրը: Արդյունքում պատահարի մասնակիցները պատահարի վայրում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կանոններով սահմանված չափի շրջանակներում կկարողանան առանց ապահովագրական ընկերության համաձայնության լրացնել համաձայնեցված հայտարարագիրը եւ հեռանալ պատահարի վայրից, ինչն էլ կնպաստի ԱՊՊԱ պատահարների արդյունքում խցանումների քանակի նվազեցմանը:




Լրահոս