ԾՆՆԴԿԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱԶԴԵՑԻԿ ԴԱՏԱԽԱԶՆ ՈՒ ՔՆՆԻՉԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի շուրջ աղմկալի իրադարձությունները դեռեւս շարունակվում են: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով, բացի Շուշանիկ Բախշյանից, առաջիկայում այլ անձանց եւս մեղադրանք կառաջադրվի:

7 ամսվա քրոնիկան
Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 29-ին ծննդկան Մերի Մարգարյանը հղիության 35-րդ շաբաթում մահացել էր: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել էր բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող «Շենավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել էր ու չէր կատարել իր պարտականությունները, ինչի հետեւանքով Մերի Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է: ՀՀ քննչական կոմիտեն փաստի առթիվ հարուցեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը):
Նշենք, որ դեպքից հետո հարուցված քրեական գործը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Մշտապես «ջրից չոր դուրս եկող» բժշկուհին դեպքից 7 ամիս անց ձերբակալվեց, սակայն ավելի ուշ նրան գրավի դիմաց ազատ արձակեցին: Քննիչները Շուշանիկ Բախշյանին մեղարանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Եվ, ահա, բժշկուհու նկատմամբ այս որոշումը հասարակական արհեստական ընդվզում առաջացրեց, սկսեցին իրավապահներին մեղադրել ապօրինի գործողությունների մեջ:
Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նախ հայտարարեց, որ բժշկուհու ձերբակալությունն ապօրինի է եղել: Ապա ասաց, թե քննիչը փախել է դատարանից՝ չտալով իր պաշտպանյալի ազատ արձակման թուղթը. «Ներողություն եմ խնդրում, եթե անձինք վիրավորվել են, բայց ճար չունեինք: Այն աստիճանի ճար չունեինք, որ ժամը 4-ին դատարանն ազատ արձակման որոշում է կայացնում, դատարանի շենքից չենք կարողանում դուրս գալ: Բա ի՞նչ պիտի անեմ»:
Սա էլ դեռ քիչ է, փետրվարի 8-ին Սիրունյանը հրապարակեց, թե երկու հարյուրից ավել հիվանդներ ու հղի կանայք պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ: 250 հղիներ ու հիվանդներ այս պահանջով դիմում էին ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ քննչական կոմիտե:
Այսպիսով, Շուշանիկ Բախշյանի «թիմակիցները» հնարավոր բոլոր ճանապարհները օգտագործում են՝ բժշկուհուն փրկելու համար` նախաքննություն իրականացնող մարմիններին մեղադրելով կողմնակալության, ապօրինի որոշումներ կայացնելու մեջ եւ այսպես շարունակ, իսկ թե որքանով այս ճնշումները կազդեն նախաքննության վրա, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, չպետք է մոռանալ, որ մյուս կողմում բժիշկների անփութության հետեւանքով մահացածը երիտասարդ կին է:

Ովքե՞ր են քննիչն ու դատախազը
Արդյո՞ք ծննդկան Մերի Մարգարյանի գործով քննիչն ու գործը հսկող դատախազը կարող էին ինչ-ինչ վախերով կամ ճնշումներով պայմանավորված գործողություններ անել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ծննդկան Մերի Մարգարյանի գործը քննող քննիչը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդին է՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ Հարություն Բաղմանյանը: Ու դժվար է պատկերացնել, թե ինչքան կաշառք պետք է տային նրան ծննդկանի հարազատները, որպեսզի քննիչը ապօրինություն աներ ընդդեմ բժշկուհու:
Իսկ ինչ վերաբերում է գործը հսկող դատախազին, ապա նա եւս բավականին ապահովված ընտանիքից է: Նա Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի որդին է` Ալիկ Աբրահամյանը: Ամենայն հավանականությամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը այնպիսի կուշտ մարդկանց են հանձնել գործի վարույթը, որ գոնե կաշառակերության մասով հետագայում խնդիրների առաջ չկանգնեն:

Կաշկանդված չեն
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով քննիչ Հարություն Բաղմանյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք հասարակության այս ճնշումը կաշկանդում է նրանց՝ այլ գործողություններ իրականացնելու համար. «Կարող եմ ասել, որ օբյեկտիվ քննություն է իրականացվում, հասարակությունը քննությանը չի ճնշում, կաշկանդող հանգամանք չկա»:
Անդրադառնալով այն հարցին, որ օրերս մոտ 250 հղիներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ քննչական կոմիտե՝ Շուշանիկ Բախշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով, արդյո՞ք կարող են ինչ-որ բանի հասնել, Հարություն Բաղմանյանը նշեց. «Ձեր այդ հարցը նախաքննությանը չի վերաբերում, չեմ կարող պատասխանել, միայն կարող եմ ասել՝ ես իմ աշխատանքը օբյեկտիվ կատարում եմ»:
Գործը հսկող դատախազ Ալիկ Աբրահամյանը եւս վստահեցրեց, որ չի կարող հասարակության ճնշումը կաշկանդել իրենց. «Մենք աշխատում ենք զերծ մնալ բոլոր տեսակի ճնշումներից ու գործին վերաբերում ենք օբյեկտիվ եւ անաչառ»:
Մեր այն դիտարկմանը, թե 250 հղիներ պահանջում են դարարեցնել բժշկուհու նկատմամբ հետապնդումը, Ալիկ Աբրահամյանը վստահեցրեց. «Դուք նախաքննության տվալներ եք շոշափում: Միայն կարող եմ ասել, որ ոչ մի ձեւի ճնշում հաստատ չի կարող լինել ո՛չ նախաքննության վրա եւ ո՛չ էլ մեր՝ որպես դատավարական ղեկավարումն իրականացնող մարմնի վրա»:
Մեզ մնում է սպասել զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ՈՒ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ը 2015 թվականի նոյեմբերին գրել էր, որ Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին: Եվ, ահա, դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից մի քանի օր անց Սամվել Դարբինյանի բարեկամի դիմումի հիման վրա Լոռու մարզի դատախազությունը որոշում կայացրեց հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Հարուցված քրեական գործից անցել է 2 ամիս, եւ «Ժողովուրդ»-ը քաղաքապետից փորձեց հետաքրքրվել, թե ինչ փուլում է գտնվում իր բարեկամի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը:
-Պարո՛ն Դարբինյան, Ձեզ հարցաքննե՞լ են:
-Ո՛չ:
-Ձեր բարեկամը իրավապահներին կոնկրետ Ձեր անունն էր տվել, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե Ձեր դեմ ինչ փաստեր են ներկայացվել իրավապահներին:
-Դա ի՞նչ կապ ունի ինձ հետ: Կարող է՝ քաղաքապետարանի վրա հարուցված լինի: Ինձ ինչի՞ պիտի հարցաքննեն, դրա համար բաժիններ կան, բաժնի աշխատողներ կան, բաժնի պետեր, իրենք պետք է հարցաքննվեն:
-Ստացվում է, որ Դուք մեղքը բարդում եք Ձեր աշխատակիցների վրա, մինչդեռ Ձեր բարեկամը իրավապահներին առաջինը հենց Ձեր անունն է տվել:
-Բա քաղաքապետը ես եմ, իմ անուն էլ կարող է՝ տվել է, բայց դա չի նշանակում, որ քաղաքապետի վրա քրեական գործ կա հարուցված: Նրա բողոքները հետաքննության փուլում են:
-Ձեր աշխատակիցներն առանց Ձեր իմացության կարո՞ղ են որոշակի գործողություններ իրականացնել:
-Ես այդ ժամանակահատվածում եղել եմ արձակուրդում, եւ ինձ վրա ոչինչ չկա:
-Իսկ եթե հակառակը լինի՞:
-Շատ մարդ շատ բան կարող է ասել, այդ ընթացքում արձակուրդում եմ եղել, նա բանսարկություն է անում: Իր նշած բոլոր գործողությունների ժամանակ քաղաքապետը արձակուրդում է եղել, քաղաքապետին ոնց կարող են մեղադրանք առաջադրել: Նա ինձ բարեկամ էլ չի:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՈՒՐԻՇԻ ԴԻԱԿԸ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վերին Դվին գյուղում: Այստեղ մի քանի օր առաջ մահացել է գյուղի բնակչուհի, 92-ամյա Սիրանույշ Հայկարամի Մարագուլովան: Երեկ Արարատի մարզի դիահերձարանից Ս. Մարագուլովայի դին տեղափոխել են գյուղ, հարազատներին տվել եւ հեռացել: Սակայն մինչ դին տեղափոխող բրիգադը կվերադառնար աշխատանքի վայր, հարազատները պարզել են, որ դա բոլորովին էլ Ս. Մարագուլովայի դին չէ, այլ իրենց անծանոթ անձի:

 
ԿՐԻՄԻՆԱԼԻ ՌԵՍՏԱՎՐԱՑԻԱՅԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Վերջին օրերին կրկին ակտիվացել է Ամենափրկիչ եկեղեցու փողերի յուրացման հետ կապված պատմությունից հետո անկյուն մտած Վարդան Ղուկասյանը, ըստ մամուլի հրապարակումների` նա որդու եւ թիկնապահների օգնությամբ ծեծի է ենթարկել իրենց թաղի մի քանի երիտասարդների, որոնց թվում մի բռնցքամարտի մարզիչի: Արդյոք սա նախընտրական ակտիվություն է Վարդանիկի կողմից, թե հանցագործ տեսակի սովորական արտահայտություն, դժվար է ասել: Բայց վերջին օրերին բավական ակտիվորեն խոսվում է Գյումրիում քրեական կոալիցիայի ձեւավորման մասին: Բնականաբար այն բանից հետո, երբ եկեղեցու շինարարության գումարների գողության թեման ակնհայտ դարձավ Գյումրիում (իսկ գյումրեցիները հավատացյալ մարդիկ են ), Վարդան Ղուկասյանը սեփական անձով չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ վերջնականապես խայտառակված է, ուստի նա պետք է իր ռեսուրսներն ուղղի մեկ այլ մարդու քաղաքապետ դաձնելուն: Ակտիվորեն խոսվում է, որ այդ մեկը ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն է, որը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ եւ պարծենում, թե Վարդանիկը թիկունքիս կանգնած է: Տեղյակ մարդիկ չեն բացառում նաեւ Վարդանի կողմից իր երբեմնի թշնամի կլանից Գրիգորյան Մարտունին պաշտպանելը: Արդեն ասում են՝ կամուրջներ են գցված:
Մնում է տեսնել, թե քաղաքապետ Սամվել Բալասանյանը կունենա գյումրեցիներից այնքան աջակցություն, որ կարողանա դիմակայել քրեական այս ալյանսին:

 

 

ԱԿԱՆՋԸ ԿՏՐԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդի ականջը կտրելու դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում չգործող ռեստորանի բակի դարպասի դիմաց գտնվող հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Շիրակի մարզի 23-ամյա բնակիչը դանակով կտրել է 22-ամյա երիտասարդի աջ ականջը: Կասկածյալը ձերբակալվել է եւ ցուցմունք տվել:

 

 

ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Փետրվարի 16-ին եւ լույս 17-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց: Հայկական կողմից եղել են պատասխան գործողություններ` ըստ անհրաժեշտության:




Լրահոս