ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ «ԳԱՂՏՆԻՔԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնի հավակնորդ Լեւոն Մկրտչյանը բոլոր ժամանակներում ջրի երեսին մնալու ֆենոմենալ հատկություն ունի: Իշխանական վերնախավում շատերը կան, որոնք երեք-չորս կամ ավելի անգամ նախարարական պաշտոններ են զբաղեցրել, բայց Լեւոն Մկրտչյանից բացի՝ հնարավոր չէ գտնել մեկ ուրիշի, ով կարողացել է ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում չորս անգամ միեւնույն նախարարական պորտֆելը զբաղեցնել:

Լեւոն Հովհաննեսի Մկրտչյանը մասնագիտությամբ պատմաբան է: Թերեւս, հենց այս հանգամանքով է պայմանավորված նրա՝ դաշնակցական լինելը: Բանն այն է, որ դաշնակցական հայացքներով ոգեւորվելը պատմության ֆակուլտետի ուսանողների շրջանում տարածված երեւույթ է: Պատմաբանների մեծ մասը, սակայն, տարիք առնելով եւ հասունանալով՝ դաշնակցական հովերից ազատվում է: Լեւոն Մկրտչյանի դեպքում, սակայն, դաշնակցական հայացքները ոչ այնքան գաղափարական արժեհամակարգի, որքան չոր հաշվարկի դրսեւորում են: Մկրտչյանների խաղաքարտերից մեկը երկու եղբայրների` Լեւոն եւ Վահագն Մկրտչյանների «ճիշտ» ընտրությունն է: Ավագ եղբայրը դաշնակցական է, իսկ կրտսերը` Վահագն Մկրտչյանը` հանրապետական:
Դերակատարության այս բաժանումը գործում է դեռ 1998-ից, երբ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իրականացրած փետրվարյան հեղաշրջումից հետո Լեւոն Մկրտչյանն առաջին անգամ նշանակվեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար: Նա պաշտոնավարեց մինչեւ 1999 թվականի մայիսի 30-ի ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփումը: Այն բանից հետո, երբ այդ ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքը Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ իշխանության եկավ, Լեւոն Մկրտչյանը դաշնակցական մյուս նախարարների պես կորցրեց պորտֆելը: Սակայն, ի տարբերություն մյուսների, Լեւոն Մկրտչյանին 1999-ին վստահվեց վարչապետի խորհրդականի պաշտոնը: 1999-ի Հոկտեմբերի 27-ի սպանդի միջոցով Հայաստանում իրականացված երկրորդ հեղաշրջման ավարտից հետո դաշնակցությունը կրկին աստիճանաբար վերադարձավ իշխանության: 2000-ին Լեւոն Մկրտչյանը նշանակվեց ԿԳ փոխնախարար, իսկ մի քանի ամիս անց նա դարձավ ՀՀ ԿԳ նախարար: Այդ պաշտոնում նա պաշտոնավարեց մինչեւ 2003 թվականի մայիսի 25-ի ԱԺ ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումը: Դրանից հետո Մկրտչյանը տեղափոխվեց խորհրդարան եւ ստանձնեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարի պաշտոնը: 2006-ին` մեկ տարի անց կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ, Լեւոն Մկրտչյանը կրկին նշանակվեց ՀՀ ԿԳ նախարար եւ այդ պաշտոնում մնաց մինչեւ 2008-ի հունիսը: ԿԳ նախարարի պաշտոնից նա կրկին ազատվեց ՀՅԴ բյուրոյի անդամ ընտրվելու պաշտոնական պատճառաբանությամբ:
Իշխանական բուրգում տարիներ շարունակ տեղ ունենալու գործում Լեւոն Մկրտչյանին օգնել է մի քանի հանգամանք: Ըստ կուսակցական շրջանակներում տարածված խոսակցությունների՝ Մկրտչյանն իշխանական համակարգի համար մշտապես ցանկալի պաշտոնյա է եղել նախեւառաջ ժամանակին եւ ազնվորեն մուծվելու անփոխարինելի հատկության շնորհիվ: Ինչպես արդեն նշվեց, նա մշտապես նախարար է նշանակվել դաշնակցության քվոտայով եւ դրա դիմաց իր հայրենի կուսակցությանը շռայլորեն վարձահատույց է եղել: Միեւնույն ժամանակ, տվյալ պահին իշխանության բուրգի գլխավերեւում կանգնածին եւս չի ընդդիմացել: Ամենեւին էլ պատահական չէր, որ 2003 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուի պաշտոնը վստահվել էր Լեւոն Մկրտչյանի եղբորը` ՀՀԿ անդամ Վահագն Մկրտչյանին: Իհարկե, չար լեզուներն ասում են, որ նրա գործունեությունից Քոչարյանը շատ դժգոհ է մնացել եւ առավելապես հենց նրան է մեղադրել այն բանում, որ իշխանություններին չհաջողվեց ցանկալի արդյունքին հասնել հենց առաջին փուլում: 2003-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն իշխանությունների համար ենթադրում էր տասնյակ միլիոնավոր դոլարների լրացուցիչ ծախսեր եւ հարյուրավոր մարդկանց նկատմամբ ռեպրեսիաներ, որոնց հետեւանքները մեղմելու համար անհրաժեշտ էր լինելու նաեւ միջազգային կառույցների «բերանը փակել», ինչը եւս ծախսատար գործ է:
Այդուամենայնիվ, կարելի է արձանագրել, որ Մկրտչյան եղբայրներն իրենց «հնարավորություններն» առավել քան արդյունավետ են օգտագործել: Լեւոն Մկրտչյանը դեռեւս ՀՀ ԿԳ նախարար էր, երբ Լենինգրադյան փողոցում բացվեց նրանց ընտանիքին պատկանող «ՎԱԼԵՄ ՊԼԱԶԱ» համալիրը, որը կառուցված է ֆրանսիական «Մուլեն ռուժ» կաբարեի նմանությամբ: Բնականաբար, տերերը հենց այնպես չէին իրենց օբյեկտը հատուկ այդ տեսքով կառուցել: Այն այցելուին հուշում է, թե տվյալ ռեստորանա-հյուրանոցային համալիրում ինքն ինչ «ծառայություններ» կարող է ակնկալել: Բացի այդ, անցած տարիներին պարբերաբար լուրեր են շրջանառվել այն մասին, որ Մկրտչյան եղբայրները մասնաբաժին ունեն նաեւ լոտոների, գինիների արտադրության, տրավերտինի մշակման բիզնեսներում: Մի խոսքով՝ Մկրտչյանները միշտ պատրաստ են «մուծվել» եւ իրենց «գործը» պատշաճ կատարել, որպեսզի ո՛չ իրենց պաշտոն առաջարկողը եւ ո՛չ էլ նշանակողը դժգոհ չմնան:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱԶԱՏԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ՝ ԱՌԱՆՑ ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵԼՈՒ

«Ժողովուրդ»-ին է դիմել Երեւանի 76-ամյա բնակիչ Շաքրո Մուրադյանը` բողոքելով, որ երկար տարիներ «Հայաս-Գրուպ» ԲԲԸ-ում որպես պահակ աշխատելուց հետո ինքը «խաբվել» է ընկերության կողմից:

Քաղաքացին պատմում է, որ ինքը 2005 թվականից մինչեւ 2014 թվականն աշխատել է «Հայաս-Գրուպ» ԲԲԸ-ում որպես պահակ: «Ես 2014 թվականի սեպտեմբերին արձակուրդի մեկնելու դիմում ներկայացրեցի: Գնացի արձակուրդ այն հույսով, որ հետ գալիս աշխատավարձ կստանամ: Բայց երբ վերադարձա, աշխատավարձ չկար, չտվեցին: Փոխարենը՝ ասեցին, որ այլ աշխատող են գտել: Այսինքն՝ առանց տեղյակ պահելու՝ ինձ ազատել են աշխատանքից: Բայց իմ աշխատանքային գրքույկում նշել են, որ ես ազատվել եմ աշխատանքից իմ սեփական դիմումի համաձայն: Մինչդեռ, ես դիմում գրել եմ միայն արձակուրդի մեկնելու, այլ ոչ աշխատանքից ազատվելու համար»,-պատմեց Շ. Մուրադյանը:
Այնուհետեւ տուժած քաղաքացին գնացել է ընկերություն եւ պահանջել իրեն տալ իր վերջնահաշվարկը: Սակայն ընկերության տնօրինությունը ձգձգել է եւ միայն 8 ամիս անց է քաղաքացուն տվել ընդամենը 76 հազար դրամ: «Այնինչ, իրենք, իմ հաշվարկներով, ինձ պետք է տային 115 հազար դրամ: Ես ոչ թե փողի համար եմ պայքարում, այլ՝ ազնվության եւ իմ իրավունքների համար: Իրենք ոտնահարել են իմ իրավունքները: Մտքիցս դուրս չի գալիս իրենց պահվածքը»,- զայրացած նկատեց 76-ամյա քաղաքացին:
«Ժողովուրդ»-ն ընկերության հաշվապահ Ռոբերտ Ցագանովից հետաքրքրվեց քաղաքացի Մուրադյանին աշխատանքից ազատելու պատճառների մասին:
Մեր այն հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ քաղաքացին աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել, սակայն աշխատանքային գրքույկում նշված է, որ նա ազատվել է՝ իր սեփական դիմումի համաձայն, հաշվապահը պատասխանեց. «Գնացել է արձակուրդի ու ազատվել աշխատանքից: Ընկերությունն իրավունք ունի ազատի»:
Թե որ օրենքի որ կետի համաձայն ընկերությունն իրավունք ունի ազատել իր աշխատակցին՝ առանց ազատման դիմումի եւ աշխատակցին տեղեկացնելու, ընկերության հաշվապահը դժվարացավ մատնանշել: Միայն ասաց հետեւյալը. «Ինքը թոշակառու է եւ այն վիճակում չէ, որ կարողանա աշխատել»: Իսկ վերջնահաշվարկի հետ կապված էլ նշեց, որ քաղաքացուն տրվել է այնքան գումար, որքան նա աշխատել է:
Նկատենք, որ միայն անբարեխիղճ ղեկավարները կարող են նման կերպ վարվել իրենց աշխատակիցների հետ: Հուսանք, որ աշխատանքի պետական տեսչությունն անպատասխան չի թողնի քաղաքացու բողոքը եւ կարձագանքի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԴԻՏԱՐԿԵՆ
Փետրվարի 18-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ:

 

ԶԳՈՒՇՈՐԵՆ ՔԱՆԴԵՔ
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կիսում է այն արվեստագետների մտահոգությունները, ովքեր բարձրաձայնում են Երեւանի հին տեսքի ոչնչացման մասին: Armlur.am-ի հետ զրույցում նախարարն ասել է, որ շատ հաճախ այդ ամենն ունի օբյեկտիվ պատճառներ: «Ընդհանուր առմամբ, մտահոգությունը մնում է մտահոգություն, եւ, բնականաբար, երբ մեր արվեստագետները նշում են այդ մտահոգությունների մասին, նշանակում է` կան հարցեր, որոնց շուրջ մենք պետք է մտածենք, պետք է լուծումները գտնենք: Պետք է ավելի սթափ մոտենալ այդ խնդիրներին: Որ այդ խնդիրները կան, ոչ ոք չի առարկում»: Անդրադառնալով Արամի 30 շենքին` նախարարն ընդգծել է, որ այդ շենքը հուշարձան չէ: «Ինչ վերաբերում է Աֆրիկյանների շենքին, անշուշտ, հուշարձան էր: Այդ քանդել եւ ապամոնտաժել բառերը մենք պետք է շատ զգույշ օգտագործենք: Այդ շենքերն ապամոնտաժվել են, եւ այդ քարերն այսօր պահպանվում են»:

 

ՉՔՄԵՂԱՆՈՒՄ Է
Նախօրեին «Ժողովուրդը» «Ձախողված մարզպետը՝ ջրի մեջ» հրապարակմամբ անդրադարձել էր ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի հնարավոր պաշտոնանկությանը, քանի որ նրա` Կոտայքի մարզպետ աշխատած ժամանակահատվածում չարաշահումներ էին հայտնաբերվել: Սակայն Կոտայքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում էր տարածել, ըստ որի՝ Կոտայքի մարզպետարանում հայտնաբերված խախտումները պետք չի վերագրել մարզի նախկին ղեկավարությանը: Այսպիսով, Բուլկի Արամ մականվամբ հայտնի Արամ Հարությունյանը, ինչպես միշտ, ջանում է «ջրից չոր դուրս գալ»` մեղքը ենթակաների վրա բարդելով: Նա այդպես վարվեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարար եղած ժամանակ, երբ կաշառքի աղմկահարույց գործով դարձյալ ենթակաները կալանավորվեցին:

 

ԳԱՂՏՆԻ ԶԵԿՈՒՅՑ
WikiLeaks համացանցային ռեսուրսը հրապարակել է Եվրամիության գաղտնի ռազմական զեկույցի պարունակությունը ներգաղթյալների դեմ պայքարի մասին: Զեկույցը, որը կազմվել է 2016թ. հունվարի 29-ին Իտալիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Էնրիկո Կրեդենդինոյի կողմից, նվիրված է «Սոֆյա օպերացիայի» առաջին 6 ամիսներին: Զեկույցի համաձայն՝ օպերացիայի առանցքային փուլերից է անցումը 2A փուլից (միջազգային ջրերում գործողություններ) դեպի 2B փուլ (օպերացիաներ Լիբիայի տարածքային ջրերում, որտեղ չի դադարում քաղաքացիական պատերազմը): Զեկույցը կոչ է անում ԵՄ մարմիններին արագացնել Լիբիայում հուսալի կառավարության ձեւավորումը, որը թույլ կտար Եվրամիության զորքերին օպերացիաներ սկսել երկրի տարածքային ջրերում, ապա ափամերձ հատվածներում:




Լրահոս