ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Բաղրամյան պողոտայում

Բաղրամյան պողոտայում գտնվող այս բարձրահարկ շենքը եւս մեկ հարկով ավելացել է: Թեեւ բնակիչներից շատերը պնդում են, որ կառուցապատումն իրականացվել է օրենքի սահմաններում: Սակայն շենքի տանիքում հավելյալ շինությունների առկայությունը վտանգավոր է շենքի սեյսմիկ կայունության համար: Համաձայնեք, որ վտանգավոր լինելուց բացի՝ նաեւ գեղեցիկ չէ:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ամուսինների ազգանունը ամուսնության գրանցման ժամանակ ինչպե՞ս է որոշվում:

Սյուզաննա Հունանյան (29 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հունանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում): Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով, որը պարունակում է կնոջ եւ ամուսնու ազգանունը միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավել եւ գրառվում է գծիկով: Եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ մարմինը մերժում է ամուսինների խնդրանքը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014թ. առաջին ինն ամիսների ամուսնությունների մեծ մասը՝ 5237-ը, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Կոտայքում՝ 1345 զույգ, իսկ ամենաքիչը Վայոց ձորում՝ 239 զույգ: Ի դեպ, վերջին հինգ տարիներին ամենաքիչ ամուսնությունները գրանցվել են հենց Վայոց ձորում:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կարգավորվում այն անձի մասնակցությունը կուտակային բաղադրիչին, որը բազային եկամուտ չունի: Եվ կցանկանայի իմանալ՝ եթե քաղաքացիություն չունեցող անձն աշխատում է Հայաստանում, ապա նա կարո՞ղ է մասնակցել կուտակային բաղադրիչին:

Արփինե Հակոբյան (49 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե անձը չունի բազային եկամուտ, ապա նա չի կատարում նպատակային սոցիալական վճար: Այնուամենայնիվ, այդ անձինք չեն զրկվի պետական կենսաթոշակային համակարգից կենսաթոշակ ստանալու իրավունքից եւ 65 տարին լրանալուց հետո ձեռք կբերեն սոցիալական կենսաթոշակի (նպաստի) իրավունք: Իսկ եթե անձն ունենա 10 եւ ավելի տարվա աշխատանքային ստաժ, ապա նա կստանա աշխատանքային կենսաթոշակ:
Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրացին եւ քաղաքացիություն չունեցող անձը կուտակային բաղադրիչին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, եթե աշխատում է Հայաստանի Հանրապետությունում (ստանում է բազային եկամուտ, որը հարկվում է եկամտային հարկով):
Այսինքն՝ եթե վերը նշված օտարերկրացին եւ քաղաքացիություն չունեցող անձը ծնվել է 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո, ապա կուտակային բաղադրիչին մասնակցում է պարտադիրության սկզբունքով (իր բազային եկամտից պարտադիր սկզբունքով կատարում է կուտակային վճար), իսկ եթե ծնվել է մինչեւ 1974թ. հունվարի 1-ը, ապա կուտակային բաղադրիչին կարող է մասնակցել կամավորության սկզբունքով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ մասնակից հանդիսացող վարձու աշխատողի, օտարերկրացու ու քաղաքացիություն չունեցող անձի (որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, եւ որի բազային եկամուտը ամսական կտրվածքով գերազանցում է 500.000 դրամը) համար պետական բյուջեից մասնակցի համար կատարվող ամսական վճարը կազմում է 25.000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը ամսական վճարվում է մասնակցի կողմից:




Լրահոս