5-ՏՈԿՈՍԱՆՈՑ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին նիստում անդրադարձ եղավ նաեւ գազի գնի բարձրացման հետեւանքով տրանսպորտի սակագների թանկացման խնդրին: Եվ Ռոբերտ Նազարյանն այդ ժամանակ հայտարարեց, որ գազի նոր սակագինը գազալցակայաններում կունենա 5% բարձրացման ազդեցություն: Սակայն, “Սպառողների միություն” հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ, գազի սակագնի բարձրացման հետեւանքով հասարակական տրանսպորտի գինը կկրկնապատկվի: Իսկ “Քաղաքացիական դիրքորոշում” հ/կ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանն էլ վստահեցնում է, որ 5 տոկոսի բարձրացման հետեւանքով ոչ միայն սպառողն է տուժելու, այլեւ տաքսիների վարորդները:
“Դեռ գազի գինը չթանկացած` գործարարներն արդեն սկսել են իրենց ապրանքատեսակների գները թանկացնել: Իսկ հասարակական տրանսպորտում 5-տոկոսանոց գնաճն անհնար է: Փորձը ցույց է տալիս, որ այն 100 տոկոսով է թանկանում: Հիշո՞ւմ եք, թե ինչպես մետրոյի վարձը 50-ից դարձավ 100 դրամ: “Կայուն զարգացման հեռանկարային ծրագրում” նշված է, որ գներն ու սակագները պետք է չորս տոկոսի սահմաններում փոփոխվեն: Բայց մեր աչքի առաջ մետրոյի վարձը 100 տոկոսով թանկացավ, չէ՞”,-նշեց Արմեն Պողոսյանը` ափսոսանքով նկատելով, որ ՀԾԿՀ-ի նիստի ժամանակ հանձնաժողովի մուտքի մոտ 15 հազար քաղաքացու փոխարեն հավաքված էր մոտավորապես 30 մարդ:
“Սպառողների միություն” հ/կ-ի նախագահի խոսքով՝ ՀՀ կառավարությունն իրավասություն ունի ապրանքատեսակների գները սահմանափակել, բայց մինչ օրս դա չի արվում. “Հավանաբար ընթերցողները կհիշեն նաեւ, որ սրանից մի քանի տարի առաջ տրանսպորտի վարձը մեկ օրում մեկ գրչի հարվածով դարձավ 130 դրամ, եւ մեզ երեք օրում հաջողվեց փոխել այդ որոշումը: Տրամաբանությունը հուշում է, որ 130-ը երկար չէր մնալու ու դառնալու էր 150, որովհետեւ կլորացումը միշտ ի վնաս սպառողի է: Անցյալ անգամ հաջողվեց դա կանխել, բայց այս անգամ՝ չգիտեմ: Ես լավատես եմ, բայց այս հարցում դժվարանում եմ կռահել”:
Իսկ “Քաղաքացիական դիրքորոշում” հ/կ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը կարծում է, որ տաքսիներից օգտվող ուղեւորների թիվը կնվազի, եւ արդյունքում մինիմալի սակագնի արժեքը 600-ից կդառնա 700-800 դրամ. “Հասարակական տրանսպորտը, բնականաբար, կշարունակի նորից գազով վարել մեքենաները` լինի 5 տոկոս ցածր կամ բարձր գնով: Ճիշտ է, այս դեպքում, ինչպես միշտ է եղել, կտուժի սպառողը, քանի որ պահանջարկի վրա այն չի անդրադառնա: Այս ամենին զուգահեռ՝ մարդկանց աշխատավարձը չի բարձրանում, ուստի  նրանք, բնականաբար, սկսելու են ավելի քիչ օգտվել տաքսիներից: Իսկ քաղաքացիներն էլ այնքան են հիասթափվել ու հուսահատվել, որ չեն ցանկանում պայքարել”:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համոզված է, որ ցանկացած թանկացում կբերի սպառողների քանակի որոշակի նվազման.”Բնականաբար, 5 տոկոսի հետեւանքները հետագայում կերեւան: Բայց եթե սպառողների քանակը չի պակասելու, ապա հնարավոր է, որ թանկացումը 5 տոկոսից էլ բարձր լինի: Գալիս ենք տնտեսագիտության կարեւորագույն օրենքին եւ առնչվում ենք առաջարկի ու պահանջարկի հետ: Ցանկացած պարագայում, ՀՀ-ի պայմաններում գինը որոշվում է առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությամբ”: Տնտեսագետի համոզմամբ՝ կառավարությունը, որը գազալցակայաններին տրամադրում է լիցենզիաները, հնարավորություն ունի նաեւ վերահսկելու գները:
Իսկ թանկացումների դեմ ցույցերի կամ բողոքի այլ ակցիաների միջոցով պայքարելը Բոստանջյանը չի ողջունում. “Հիմա տեսե՛ք, ապրանքատեսակ է, մերը չէ, օբյեկտիվ, ինչու չէ, նաեւ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ փոխվում է այդ ապրանքի գինը: Մենք՝ որպես սպառող, եթե հնարավորությունները թույլ են տալիս, պետք է շարունակենք օգտվել, իսկ հակառակ դեպքում՝ ոչ: Ենթադրենք՝ ես չեմ կարողանում սեւ իկրա ձեռք բերել եւ ուտել, դրա համար կոչ անեմ մարդկանց դուրս գալ փողոց ու ջարդուփշո՞ւր անել իրար”:
Հ.Գ. Ի դեպ, “Քաղաքացիական դիրքորոշում” հ/կ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանի հետ զրույցում “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ նա էլ բազմաթիվ հուսահատված քաղաքացիների նման առաջիկայում ընդմիշտ հեռանալու է Հայաստանից: 
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 562 համար




Լրահոս