Հայաստանի Զինված ուժերի Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության եւ Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու միջադեպի առնչությամբ զինվորական 6 պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, քննարկվում է այդ օրը պահակային ծառայության մեջ գտնված մարտկոցի հրամանատարին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այս մասին “Ազատություն” ռադիոկայանին փոխանցեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Խոսքը մայիսի 15-ի աղմկահարույց միջադեպի մասին է, երբ, ըստ քննության, 20-ամյա զինծառայող, զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանը իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով սպանել էր պահակախմբում ընդգրկված 19-ամյա ծառայակից Լյուքս Ստեփանյանին եւ գլխից ծանր վիրավորել 19-ամյա Հրաչյա Սարգսյանին, ինչից հետո սպանված զինծառայողի հարազատները արդարադատության պահանջով, ի նշան բողոքի որոշել էին նրա մարմինը բերել կառավարության շենքի մոտ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացավ անձամբ հետամուտ լինել, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն, եւ նշանակվեց ծառայողական քննություն:
Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ծառայողական քննության արդյունքները ցույց են տվել, որ պահակային ծառայություն իրականացնող զինվորներին հսկող սպան՝ տվյալ մարտկոցի հրամանատարը, դեպքի պահին պահակատանը չի եղել: Թե ուր է եղել նա՝ պաշտոնապես չի հաղորդվում: “Իր գործն արդեն առանձին քրեականով կգնա: Պահակային եւ կայազորային ծառայության կանոնագիրքը, ունենալով օրենքի ուժ, ենթադրում է, որ պահակային ծառայության թերացման ժամանակ պատասխանատու անձը կարող է ենթարկվել նաեւ քրեական պատասխանատվության, եթե դա հիմնավորվի”, – ասաց պաշտպանության նախարարի խոսնակը:
“Տվյալ գնդի հրամանատարի տեղակալները երկու, շտաբի պետը գնդի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը ազատվել են պաշտոնից, պաշտոնից ազատվել են նաեւ տվյալ ստորաբաժանման, այսինքն՝ դիվիզիոնի հրամանատարը, հրամանատարի տեղակալները”, – փոխանցեց Հովհաննիսյանը:
Բացի պահակակետը հսկող սպայից, պաշտոնանկ արված մյուս զինվորականներին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր պաշտպանության նախարարությունը չի տեսնում: “Քրեական պատասխանատվության ենթարկելու հարց այս պահին ծառայողական քննությունը չի գտել, որովհետեւ քրեական պատասխանատվության են ենթարկվում այն մարդիկ, ովքեր կոնկրետ հանցագործություն կատարում կամ անգործություն են թույլատրում հանցագործության կատարման համար: Իսկ այս դեպքում մարդիկ տեղում չեն եղել, մարդիկ անմիջապես ներգործություն չեն ունեցել հանցագործության վրա”, – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
“Ազատություն” ռադիոկայանի հիշեցմանը, որ աղմկահարույց այս դեպքից անմիջապես հետո սկսեցին շրջանառվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի սպասվող պաշտոնանկության մասին լուրերը, պաշտպանության նախարարի խոսնակը արձագանքեց. – “Դրանք մարդկանց ենթադրություններն են, եզրակացություններն են, միգուցե վատ տրամադրությունների եւ ցանկությունների արդյունքն են: Բացի այդ, տվյալ տրամաչափի պաշտոնյան ազատվում կամ նշանակվում է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից”: Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ Խաչատուրովի պաշտոնանկության հիմքեր չկան:
Գլխից ծանր վիրավորված զինվորը՝ Հրաչյա Սարգսյանը գիտակցության եկել է, սակայն նրա մարմնի ձախ հատվածը չի աշխատում:
Զինծառայող Դավիթ Խաչատրյանը, հիշեցնենք, ձերբակալվել է միջադեպից անմիջապես հետո, ապա նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: