Ո՞վ է գործարարի ինքնասպանության գործով հարցաքննված նախարարը. նամակի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության գործով առաջիկայում ուշագրավ մանրամասներ ի հայտ կգան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ինքնասպան եղած գործարարի գործով հարցաքննվել է ՀՀ ֆինանսների նախկին նախարարներից մեկը:

Եվ այսպես, ըստ պաշտոնական տեղեկության` փետրվարի 16-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, «Նոր Հաճն» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում, տանը՝ սենյակում, մահացած մարդ կա, զենքը՝ կողքին: Պարզվել էր, որ 61-ամյա Համլետ Ամիխանյանը, ով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն էր, Նոր Հաճըն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում 8:30-ին ինքնասպանություն էր գործել՝ կրծքավանդակին կրակելով:
Այս դեպքից հետո «Ժողովուրդ»-ը գրել էր, որ գործարարը մի նամակ էր գրել, դրել ծարարի մեջ եւ, մինչ ննջասենյակ բարձրանալը, այն փոխանցել էր տան աշխատակիցներին՝ խնդրելով իր չլինելու դեպքում հանձնել բարեկամներին կամ փաստաբանին:

Դեպքից 1 տարի է անցել: Մինչ օրս սպանված գործարարի հարազատները չգիտեն, թե ինչ նամակի մասին է խոսքը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործարարն իր թողած նամակում գրել էր, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն հայտնվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, քրեական տարրեր եւ արգելել են իրեն որեւէ գործողություն իրականացնել: Արդյունքում, այս նամակը հիմք դարձավ, որպեսզի ՀՀ քննչական կոմիտեից գործը տեղափոխվի ազգային անվտանգության ծառայություն, որտեղ էլ արդեն մեկ տարի է, ինչ նախաքննությունը շարունակվում է:

Սակայն գործարարի ինքնասպանության գործից եւ հատկապես նրա գրած նամակի բովանդակությունից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Լեւոն Ամիրխանյանն իր նամակում գրել է ՀՀ ֆինանսների նախարարներից մեկի անունը, իսկ թե ով է նա, մեզ առայժմ չհաջողվեց ճշտել: Նախաքննություն իրականացնող մարմինը, ի պատասխան մեր հարցման, միայն հայտնեց, որ նախաքննությունը շարունակվում է:

Հիմա փորձենք հասկանալ, թե ում մասին է խոսքը: Տեղեկացնենք, որ «Լեւոն Ամիրխանյան» ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին: Իսկ ովքե՞ր են պաշտոնավարել 2005 թվականից մինչ օրս ՀՀ ֆինանսների նախարարությունում: 2000 թվականից մինչեւ 2008 թվականը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում եղել է Վարդան Խաչատրյանը, որ ներկայումս ՀՀ նախագահի խորհրդականն է, 2008-2010թթ ՀՀ ֆինանսների նախարար է եղել Տիգրան Դավթյանը, 2010- 2013 թվականներին ՀՀ ֆինանսների նախարար է եղել Վաչե Գաբրիելյանը, որը ներկայումս ՀՀ փոխվարչապետն է եւ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարը: 2013-2014 թվականների նախարարի պաշտոնում է եղել Դավիթ Սարգսյանը: Իսկ թե նրանցից կոնկրետ ում անունն է տվել ինքնասպան եղած գործարարը, դժվար է ասել:

Նկատենք, որ իրավապահների համար այս գործը բարդ է այնքանով, որ գործարարի կողմից նամակում ներկայացված մարդիկ թեեւ հարցաքննվել են, իրենց տեսակետն հայտնել են նամակի մասին, բայց գործարարը կենդանի չէ, եւ այս դեպքում նամակում ներկայացրած փաստերն ապացուցելը իրավապահների համար, մեղմ ասած, դժվար կլինի: Թեեւ մյուս կողմից ընդունված է ասել, որ «գյուղը կանգնի, գերան կկոտրի», ապա այս դեպքում էլ, եթե ԱԱԾ-ն ցանկանա, ապա գործը գլուխ կբերի, եւ գործարարին ինքնասպանության դրդողները անպատիժ չեն մնա:

Հիշեցնենք, որ Համլետ Ամիրխանյանը Երեւանում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ պատկանում էին նրան: Իսկ գնորդները բարձրաստիճան պաշտոնյաներ ու պատգամավորներ էին:

Քնար Մանուկյան




Լրահոս