Երեկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում հանդիպել է «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ` քննարկելու Հայաստանի սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցերը: Ասել է թե` Մովսիսյանը երեկ Միլլերի հետ փորձել է պայմանավորվել վարչապետ Տիգրան Սարգսյանի խոստացած 30-տոկոսանոց սուբսիդավորման շուրջ, սակայն դատելով «Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրությունից՝ դա կրկին փորձ է արվել ստանալ Հայաստանի պետական, այսինքն` ժողովրդի ունեցվածքի հաշվին՝ «Հայռուսգազարդ»-ի` ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոսն էլ «Գազպրոմ»-ին փոխանցելով: Ընդ որում, հայտնի չէ` դա ավելի շատ ռուսական, թե հայկական կողմի ցանկությունն է: Հիշեցնենք, որ դեռեւս մեկ տարի առաջ մամուլը, հիմնվելով մաքսային ծառայության տվյալների վրա, բացահայտեց, որ ռուսական գազը հրապարակվածից զգալիորեն թանկ գնով է ներմուծվում Հայաստան: Եվ խոսակցություններն այն մասին, որ ՀՀ իշխանություններն ընտրական տարում թանկացումը թաքցնելու դիմաց ի վերջո զիջելու են «Հայռուսգազարդ»-ի 20-տոկոսանոց բաժնեմասը, փաստորեն իրականանում են: Միակ հարցն այն է, թե արդյոք այդ 20 տոկոսով փակելու են միայն անցած տարվա պարտքը, թե նաեւ կկարողանան ռուսներից մի երկու տարվա սուբսիդիայի գումար էլ «պոկել»: Իսկ ամենակարեւոր հարցը հետեւյալն է. ո՞վ է լիազորել Ա. Մովսիսյանին վաճառել «Հայռուսգազարդ»-ի՝ Հայաստանի 20 տոկոս բաժնեմասը:
ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎԱՏՆՈՒՄ ԱԹՈՌԻ ԴԻՄԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ