Թևոսիկը եղբոր սպանությունն իրեն թուլացնելու հետ չի կապել, այլ՝ «1 մլն 200 հազար եվրո վազվռատ անելու». նոր հանգամանքներ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, ուսումնասիրվեցին Արթուր Սաֆարյանի սպանության գործ-թերթերը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 27-ին սպանվել էր քրեական հեղինակություն համարվող Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկ) եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը: Սպանությունը կատարելու մեջ մեղադրանք է առաջադրվել Իսրայել Սարգսյանին (Իսո): Ըստ մեղադրական եզրակացության` Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը:

Ապա՝ այդ հանցանքը թաքցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, սպանել է Մովսես Ներսիսյանին: Բացի այդ նա, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել և կրել հրազեն և ռազմամթերք ու դրանք պահել իր փաստացի բնակության վայրին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում:

iso.

Այսօրվա դատական նիստին մասնավորապես ուսումնասիրվեցին գործում վկայի կարգավիճակով ներգրավված անձանց հեռախոսազրույցների վերծանումները:

Այսպես, գործ-թերթերի մեծամասնության ուսումնասիրությունից հետո պաշտպանական կողմն այն եզրահանգման էր եկել, որ իրականում Տիգրան Ասատրյանի և Թևոս Սաֆարյանի հարաբերությունները այնքան էլ լավ չեն եղել, ինչպես դատարանում հայտարարել էր Տիգրան Ասատրյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, դեռևս գործի նախաքննությանը կալանավորվել էր: Հետագայում նրա մասով առանձնացված գործ հարուցվեց՝ սպանությունը պարտակելու մեղադրանքով:

Հեռախոսազանգերից մեկը տեղի էր ունեցել ոմն Եղիշի, ով ռուսաստանաբնակ է և Տիգրան Ասատրյանի միջև: Զրույցի ժամանակ Տիգրան Ասատրյանն ասել է. «Գլխակերը բոլորի գլուխը կերավ: Իրա պատճառով քանի հոգի գնաց: Ես զարմանում եմ դրա հետ ո՞նց ենք շփվում, խի՞ ենք շփվում, ո՛չ իրա ընտանիքի, ո՛չ էրեխեքի, ո՛չ էլ մեր համար, ո՛չ մեկիս համար մի լավ բան չի արել, ինքն իրա համար չի ապրում, իրա ապրելու արժեքն էն ա, որ էսքան մարդիկ են վարի էթում»:

Խոսքը, պաշտպանական կողմի համոզմամբ, Թևոս Սաֆարյանի մասին է: Ապա խոսվում է «1 մլն 200 հազար եվրո վազվռատ անելու» մասին, ինչն էլ պաշտպանական կողմը կապում է սպանության հետ: Կողմը կարծում է, որ այս «վազվռատն» էլ սպանության պատճառ է դարձել: Իսկ թե ում միջև և ինչ հանգամանքներում է գումարային հարց առաջացել, հայտնի չէ:

Ի դեպ, Թևոս Սաֆարյանի և Տիգրան Ասատրյանի հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Սաֆարյանն ասել է, թե քննչական վարկածը, որ եղբորը սպանել են իրեն թուլացնելու համար, սխալ է: Եվ ինչպես նկատեց պաշտպան Հեկտոր Սարդարյանը, Թևոս Սաֆարյանը որևէ մեկի անունը, ում կկասկածեր սպանությունը կատարելու մեջ, չի հիշատակել, թեպետ այդ ժամանակ արդեն իսկ Իսրայել Սարգսյանը ներգրավված էր որպես մեղադրյալ:

iso

Պաշտպանական կողմը հատուկ ուշադրություն դարձրեց Թևոս Սաֆարյանի և ոմն Անի Հովհաննիսյանի հեռախոսազրույցին՝ միաժամանակ նշելով, որ Հովհաննիսյանի ցուցմունքը դեռևս չի հրապարակվել, սակայն այն կարող է էական նշանակություն ունենալ: Հ. Սարդարյանը շեշտեց, որ Արթուր Սաֆարյանի՝ առավել շատ Ռուսաստանի հետ կապված լինելու, հաճախ այնտեղ մեկնելու հանգամանքը վարույթն իրականացնող մարմինը հաշվի չի առել, քննության չի առել վարկածը՝ գուցե սպանության պատվերը հենց այնտեղի՞ց է եղել:

Այսօրվա դատական նիստին քննարկվեց նաև Մովսես Ներսիսյանի դիակի անհետացման հարցը: Դիակն, ինչպես հայտնի է, մինչ օրս չի հայտնաբերվել: Նախաքննական վարկածի համաձայն՝ այն քայքայվել է Քանաքեռավանում գտնվող կոյուղու դիտահորում: Դեպքից հետո փորձարարական գործողություններ էին կատարվել: Մասնավորապես, դիտահոր էին գցել անկենդան խոզ՝ պարզելու համար՝ արդյոք կենդանին կքայքայվի՞:

Մեղադրող դատախազ Փանոսյանը նշեց, որ ըստ քննչական փարձարարության՝ խոզը պետք է հասներ Աէրացիայի մաքրման կայան, սակայն այն այդպես էլ չի հասել: Իսրայել Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ փորձարարության համար 120 կգ-անոց խոզ են գցել, որը ԱԻՆ-ի և ջրմուղի աշխատակիցները հայտնաբերել են, սակայն այդ փաստը, չգիտես ինչու, գործում առկա չէ: Մեղադրողը նկատեց, որ դատարանում քննարկման են դրվել մինչ այս առկա փաստերը: Շատ հանգամանքներ դեռևս չեն ներգրավվել:

Այսօր ներկայացվեց նաև Մովսես Ներսիսյանի որդու՝ Կարենի և Իսրայել Սարգսյանի հեռախոսազրույցը: Մոսոյի որդին մի քանի անգամ զանգահարել է Իսոյին՝ պարզելու համար՝ չգիտի՞ արդյոք որտեղ է իր հայրը: Իսոն բացասական պատասխան է տվել: Նշենք, որ Կարեն Ներսիսյանը գործում որպես վկա է ներգրավված:




Լրահոս