ԳԱՂՋԱՐԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Չեխիայի վարչապետ Պյոտր Նեչասը հրաժարական է տվել: Ընդ որում, նա հեռացել է ինչպես երկրի կառավարության ղեկավարի, այնպես էլ իշխող Քաղաքացիական դեմոկրատական  կուսակցության առաջնորդի պաշտոնից:  Իսկ պատճառը կոռուպցիոն սկանդալն է, որում ներգրավված են երկրի արդեն նախկին վարչապետի աշխատակազմի անդամները, այդ թվում` գրասենյակի ղեկավարը: Իր հրաժարականը Չեխիայի վարչապետը հիմնավորել է շատ կոնկրետ` «քաղաքական պատասխանատվությամբ»: Հատկապես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված  վերջին օրերի «օֆշորային սկանդալից» հետո  Չեխիայի վարչապետի  այս քայլը  հերթական անգամ հիշեցնում է, թե ինչ բան է եվրոպական քաղաքական համակարգը, ինչ բան` հայկականը, որի ղեկավարները իբր թե ձգտում են դեպի եվրոպական արժեքներ: Հիշեցնենք, որ  Չեխիայում  կոռուպցիոն սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ այդ երկրի  Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը, առանց նախագահ Միլոշ Զեմանի իմացության,  խուզարկություններ  է սկսել վարչապետի գլխավորած կուսակցությանը մոտ կանգնած գործարարների գրասենյակներում եւ բացահայտել, որ վարչապետի շրջապատը կոռուպցիոն գործարքների մեջ է մտել նրանց հետ` չարաշահելով իրենց պետական դիրքն ու փորձելով գնել խորհրդարանի պատգամավորներին: Հիմա փորձենք նման իրավիճակ պատկերացնել Հայաստանում, երբ Վլադիմիր Գասպարյանի ենթակայության տակ գտնվող կառույցը, առանց Սերժ Սարգսյանի իմացության, խուզարկություններ սկսի, օրինակ, Ֆլեշ Բարսեղի` Բարսեղ Բեգլարյանի գրասենյակներում եւ հայտնաբերի, որ  վարչապետի քարտուղարը փորձել է համոզել, օրինակ, Գալուստ Սահակյանին, որ նա Բարսեղի բիզնեսի օգտին օրենքների ընդունմանն աջակցի: Աբսո՞ւրդ է: Լիակատա’ր: Իսկ ինչո՞ւ: Որովհետեւ մեզանում վերը նշված շղթայի բոլոր օղակները մեկը մյուսին գորդյանից էլ ավելի ամուր հանգույցներով են կապված: Ավելին` գլոբալ առումով սպասարկում են մեկ մարդու`  Սերժ Սարգսյանի շահը, որն էլ ժամանակ առ ժամանակ որոշում է, թե ում կարելի է մի թեթեւ «ժերտվա տալ»` հանուն խարխլված իմիջի վերականգնման: Ահա թե ինչու երբ Տ. Սարգսյանն իր օֆշորային գործունեության հետ կապված հրապարակումից հետո դիմեց դատախազություն, դա  ընդամենը ՀՀ քաղաքացիների մոտ քմծիծաղ առաջացրեց: Որովհետեւ  Հայաստանում բոլորը` մանուկից ծեր, քաջ գիտեն, որ մեր երկրում Աղվան Հովսեփյանն ու ընդհանրապես իրավապահ մարմինները գործում են բացառապես  Ս. Սարգսյանի հրահանգով ու բացահայտում  միայն այն գործերը, որոնք, ըստ այդ նույն հրահանգի, պետք է բացահայտվեն: Եվ ընդ որում, այն, որ Տիգրան Սարգսյանն ինքը դիմեց դատախազություն, արդեն իսկ ցույց է տալիս առկա մթնոլորտի գաղջության աստիճանը. նորմալ երկրում դատախազությունն ինքը, առանց սպասելու վարչապետի արձագանքին, մամուլի նշված հրապարակման հիման վրա գործ կհարուցեր:




Լրահոս