Երեկ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում, շարունակվեց ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվությունը: Պատգամավորների հարցերին պատասխանելու հերթն այս անգամ գործադիր մարմնի ղեկավարինն էր, սակայն Տիգրան Սարգսյանի փոխարեն հարցերին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Օրենսդիրի ներկայացուցիչները շատ «չոր» հարցեր էին ուղղում ու քննադատում ՎՊ-ի աշխատանքը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն Արմեն Գեւորգյանից հետաքրքրվեց` ՎՊ բացահայտած չարաշահումների հարցով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, վարկային ռեսուրսների ոչ նպատակային օգտագործում, կառավարությունն արդյոք մտադիր է դիմել ոստիկանություն եւ գլխավոր դատախազություն: Գեւորգյանն էլ նախ նշեց, թե էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել են վարկային միջոցների անարդյունավետ ծախսի հարցը, սակայն ՎՊ արձանագրած այդ խնդիրները քրեաիրավական հետեւանքներ չեն առաջացնում:
Մինասյանն էլ ասաց, թե ՓՄՁ-ներին աջակցության ծրագիրը, որը, ըստ ՎՊ ստուգումների, իրականացվել է խախտումներով, շատ դեպքերում վարկերը նպատակին չեն ծառայել. «Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածը խոսում է հենց դրա մասին: Եթե չեք դիմել, այդ դեպքում պետք է մեղադրանք ներկայացնեք ՎՊ-ին»: Փոխվարչապետն էլ տեղեկացրեց, որ ինքը նման քննարկումների կառավարությունում չի մասնակցել:
Բավական հետաքրքիր ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այն, ինչ իր տարեկան հաշվետվության մեջ նշել է ՎՊ-ն, ավելի կոպիտ ասել էր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության հետ ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ: Ս. Սարգսյանը կառավարության քառամյա գործունեությունն «ատկատների», չարաշահումների, յուրացումների, որակի առումով գնահատել էր խիստ բացասական, սակայն նույն այդ կառավարությունը շարունակում է պաշտոնավարել նույն ղեկավարով. «Ս. Սարգսյանն ասում էր` գլխից պետք է բռնենք, իսկ դուք եկել եք, ասում եք` Վայոց Ձորի գյուղատնտեսության վարչության պետին բռնել ենք»:
Պատգամավորը փոխվարչապետից հետաքրքրվեց նաեւ, թե արդյոք իրեն է պատկանում «Տոյոտա» ընկերության բաժնետոմսերի մի մասը, որից գնումներ են կատարում պետական համակարգի կառույցները, եւ դա էլ «ատկատի» ձեւերից մեկն է: Գեւորգյանը հերքեց «Տոյոտա» ընկերության բաժնետեր լինելը՝ հավելելով, որ ոչ թե քաղաքական քննարկումների օր է, այլ ՎՊ-ի անցած տարվա հաշվետվության: Փաշինյանն էլ նրան խորհուրդ տվեց վերընթերցել «Վիկիլիքս»-ի բացահայտումները, ըստ որի՝ ընկերության 1/3 սեփականատերը հենց Գեւորգյանն է:
Անհարմար վիճակի մեջ հայտնված Ա. Գեւորգյանն իր խոսքում նշեց. «Միգուցե այդ գործընթացներում ավելի մեծ կիրառում պետք է գտնի քրեական պատասխանատվության տարրը, որը, կարծում ենք, նույնպես գործող օրենսդրության կատարելագործման հարց է: Շինարարության ոլորտում արձանագրված խնդիրներն այնպիսին են, որոնք պետք է ստանան եւ ստանում են իրենց լուծումները կնքված պայմանագրերի շրջանակում: Մասնավորապես ջրանցքների վերականգնման ծրագրով արձանագրված մոտ 47 մլն դրամի անորակ աշխատանքներն իրականացվել են ձմռանը՝ անբարենպաստ եղանակային պայմաններում՝ հիմնականում մայր ջրանցքների բետոնապատման աշխատանքների տեսքով, որն անխուսափելիորեն չէր կարող զերծ մնալ նմանատիպ թերություններից: 47 մլն դրամը կազմում է ստուգված ծավալի ընդամենը 4 տոկոսը»:
Այսօր շարունակվելու է ՎՊ հաշվետվության քննարկումը:
ՀԻՇԵՑՐԵՑ «ԳԼԽԻՑ ԲՌՆԵԼՈՒ» ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ