Ազգային անվտանգության խորհրդի վերջին նիստում Սերժ Սարգսյանն Ադրբեջանի մոտալուտ ֆիասկոն գուժելուն զուգահեռ հայտարարեց Հայաստանում տնտեսության հետեւողական աճի մասին: Ընդ որում, իր ելույթում նա ընդգծեց, թե իրենց հաջողվել է վերականգնել Հայաստանի տնտեսության նախաճգնաժամային վիճակը: Ասել է թե՝ Հայաստանի տնտեսությունը հասել է 2008թ. մակարդակին:
«Ճշմարտություն է նաեւ այն, որ Հայաստանի տնտեսական զարգացման միտումները խոստումնալից են: 2012 թվականին մեր երկրում տնտեսական աճը կազմեց 7.2 տոկոս: Տնտեսական ակտիվության նման բարձր մակարդակը պահպանվում է նաեւ 2013 թվականին: Եվ սա տեղի ունի գնաճի ոչ բարձր եւ կառավարելի մակարդակի պայմաններում: Այո՛, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարեւան բոլոր երկրներին: Ի համեմատություն բնական պաշարներով հարուստ մի շարք երկրների, այդ թվում նաեւ՝ մեր հարեւանների՝ Հայաստանում տնտեսական փոխակերպումը եւ տնտեսության դիվերսիֆիկացիան իրական պտուղներ են տալիս: Արդյունքում՝ Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր,-հայտարարել էր Ս. Սարգսյանն ու ընդգծել,-սա թույլ տվեց ի վերջո վերականգնել նախաճգնաժամային վիճակը: Ընդ որում, տնտեսության բոլոր հիմնական ճյուղերի աճի հաշվին»:
Այլ կերպ ասած, այս հինգ տարիների ընթացքում Հայաստանը դարձել է երազանքների հրաշք երկիր, իսկական Նյու-Վասյուկի, որտեղ իշխանություններն օրնիբուն քրտնաջան աշխատում են, իսկ տնտեսությունն էլ աճում է սրընթաց արագությամբ՝ իր հետեւում թողնելով ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի շատ ու շատ երկրների: Ոգեւորիչ է հնչում, բայց… Բայց փորձը ցույց է տալիս, որ Ս. Սարգսյանի հայտարարություններին պետք է վերապահումներով մոտենալ, քանի որ դրանք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Նույնն է նաեւ այս դեպքում:
Ինչպես հայտնի է, տնտեսական աճի ցուցանիշը որոշվում է համախառն ներքին արդյունքով՝ ՀՆԱ-ով: Հայաստանում նախաճգնաժամային տարում՝ 2008թ., ՀՆԱ-ն եղել է 35 մլրդ 682 մլն դրամ, իսկ ճգնաժամի պայմաններում՝ 2009թ., այդ ցուցանիշը նվազել է՝ դառնալով 31 մլրդ 417 մլն դրամ: 2010թ. ՀՆԱ-ն կազմել է 34 մլրդ 620 մլն, 2011թ.՝ 37 մլրդ 764 մլն, իսկ արդեն 2012թ.՝ 39 մլրդ 976 մլն դրամ: Ասել է թե՝ 2010թ. սկսած՝ Հայաստանում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՆԱ-ն հետեւողականորեն աճել է: Այս տարի ծրագրված է, որ ՀՆԱ-ն դառնա 42 մլրդ 454 մլն դրամ:
Դրամով հաշվելու դեպքում, այո՛, ՀՆԱ-ն գնալով աճել է: Սակայն այստեղ կա մի նրբություն. միջազգային պրակտիկայում ՀՆԱ-ն սովորաբար հաշվում են ոչ թե տվյալ երկրի արժույթով, այլ դոլարով: Առավել եւս, երբ քո երկրի ՀՆԱ-ն համեմատում ես այլ երկրների հետ: Իսկ Հայաստանի ՀՆԱ-ն դոլարով հաշվելու դեպքում բոլորովին այլ պատկեր է ստեղծվում: Ինչպես հայտնի է, 2009թ. մարտին Հայաստանում դոլարի փոխարժեքը միանգամից բարձրացավ. ԱՄՆ 1 դոլարը 306 դրամի փոխարեն սկսեց վաճառվել միջինը 360-365 դրամով:
Եվ հիմա, երբ Հայաստանի ՀՆԱ-ն հաշվում ես դրամ-դոլար հարաբերակցությամբ, ապա ստեղծվում է հետեւյալ պատկերը: Նախաճգնաժամային տարում՝ 2008թ., Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 11 մլրդ 662 մլն դոլար, իսկ ճգնաժամի ժամանակ` 2009թ., այդ թիվը կտրուկ նվազել է՝ դառնալով 8 մլրդ 648 մլն դոլար: 2010թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 9 մլրդ 372 մլն, 2011թ.՝ 10 մլրդ 137 մլն դոլար: 2012թ. Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է՝ դառնալով 9 մլրդ 949 մլն դոլար, իսկ 2013թ. նախատեսված է, որ ՀՆԱ-ն դառնա 10 մլրդ 455 մլն դոլար:
Ասել է թե՝ առ այսօր Հայաստանը չի հասել իր նախաճգնաժամային վիճակին. ՀՀ ՀՆԱ-ն 2012թ. չի դարձել 11 մլրդ 662 մլն դոլար, ոչ էլ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում: Այնպես որ, Հայաստանի տնտեսության նախաճգնաժամային վիճակին հասնելու մասին Ս. Սարգսյանի այս հայտարարությունները պարզապես բլեֆ են:
Ուշագրավ մեկ փաստ եւս. ակնհայտ էր, որ ազգային անվտանգության խորհրդի նիստում Ս. Սարգսյանի ներածական խոսքը հիմնականում ուղղված էր արտաքին լսարանին, այսինքն՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին: Եվ հիմա, փաստորեն, բավական տհաճ իրավիճակ է ստեղծվում, երբ պարզվում է, որ Ս. Սարգսյանի հայտարարություններն իրականության հետ կապ չունեն: Համենայնդեպս, միջազգային ասպարեզում քիչ չեն լուրջ տնտեսագետները եւ պարզապես խելոք մարդիկ, որոնք հասկանում են այս ողջ նրբությունները:
Հ.Գ. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքն այս հինգ տարիների ընթացքում սրընթաց աճել է եւ գերազանցել դեռ 2008թ. նրանց հայտարարագրած ունեցվածքի չափերը: Եվ այստեղ, իրոք, ռեժիմը ոչ միայն հասել, այլեւ գերազանցել է նախաճգնաժամային վիճակը:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԼԵՖ ԿԱՄ ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ