ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ` ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Մադրիդ: Իսպանիայի ԱԳՆ ղեկավարի հետ հայ-իսպանական արտաքին հարաբերությունների հիմնահարցերի քննարկումից հետո նախատեսված են Նալբանդյանի հանդիպումներն Իսպանիայի խորհրդարանում եւ ելույթը «Մադրիդի ակումբ» քաղաքագիտական կենտրոնում։
ԱՆԱՊԱՀՈՎ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆԵՐԸ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, հայրենի Մխչյան գյուղից պետական աջակցության ծրագրի շրջանակներում անցած աշնանը ձեռք է բերել 35.000 լիտր կամ 35 տոննա դիզվառելիք: Նրա տղան՝ Հովհաննես Աբրահամյանը, ձեռք է բերել 12.900 լիտր կամ 12,9 տոննա դիզվառելիք: Այս տեղեկությունը կայքի հետ հեռախոսազրույցում հաստատել է նաեւ Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը: Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց անապահով գյուղացիներին մատչելի գնով դիզվառելիք հատկացնել: Կառավարության հատկացրած 1 լիտր դիզվառելիքն արժե 350 դրամ, շուկայական արժեքը մոտ 450 դրամ է: 100 դրամ տարբերությունը վճարվում է ՀՀ բյուջեից: Այսինքն՝ Հենրիկ եւ Հովհաննես Աբրահամյանները ձեռք են բերել մոտ 48 հազար լիտր դիզվառելիք, որի դիմաց պետությունը նրանց համար վճարել է մոտ 4 մլն 800 հազար դրամ:
ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է
Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով («Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով) մեկնել է 312 հզ. 340, ժամանել 261 հզ. 703 մարդ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013թ. առաջին 5 ամիսներին հանրապետությունից մեկնել եւ չի վերադարձել 51 հզ. 637 մարդ:
ԼԻՍԿԱՆ ՓՈՇՄԱՆԵԼ Է
«Առավոտ»-ի տեղեկություններով` Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը Գորիսում ստորագրահավաք է նախաձեռնել՝ ի պաշտպանություն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի: Մարզպետի ներկայիս պաշտոնակատարը, հավաքելով մտավորականների, ուսուցիչների, արվեստագետների, ասել է, որ Ս. Խաչատրյանին պետք է օգնեն իրենց ստորագրություններով, որպեսզի նա կարողանա կրկին մարզպետ աշխատել:
ԵԱՀԿ-Ն ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան քառօրյա այցով կժամանի Հարավային Կովկաս, որտեղ կհանդիպի Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ու քաղաքական կուսակցությունների առաջնորդներին: Կքննարկվեն Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի ակտիվությանն առնչվող հարցերը, այդ թվում եւ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Աբխազիայի ու Հարավային Օսիայի հիմնահարցերի կարգավորման ուղիները:
ՌՈՀԱՆԻՆ ՀԱՂԹԵՑ
Հունիսի 14-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած 11-րդ նախագահական ընտրություններում հաղթել է «չափավոր հոգեւորական» եւ բարեփոխական համարվող Հասան Ռոհանին` ստանալով ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը: Իրանի նախագահական ընտրություններում 50 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել են գրեթե 37 միլիոնը (72,7%):