ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱԼԱՆՔԻՑ ԿԱԶԱՏԵ՞Ն
Պարույր Հայրիկյանի դեմ  իրականացված մահափորձի գործով երեկվա դատական նիստում մեղադրյալ Վարդան Սեդրակյանը դատարանում հայտարարել է, որ Հայրիկյանի հետ կատարվածի մասին իմացել է հեռուստատեսությամբ տանը՝ ընտանիքի անդամների հետ։ «Որեւէ կապ չունեմ կատարվածի հետ»,-հայտարարել է Սեդրակյանը` դատարանին խնդրելով, որպեսզի իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվի։

ԴԵՄ ԵՆ ՀԱՆՔԵՐԻՆ
Մեղրիում թվով 14 հանքավայր շահագործելու կառավարության ծրագրի դեմ մայիսի 29-ից  «Կայուն զարգացում» հ/կ-ի կազմակերպած ստորագրահավաքին միացել է 2398 հոգի, որից 2382 հոգի դեմ է արտահայտվել Մեղրու տարածաշրջանում հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին եւ նոր հանքավայրերի հավանական շահագործմանը:

ԽՐԻՄՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ
Հունիսի 15-ին Երեւանից Բաթում  է մեկնել  այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Այն «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջին անվանական լոկոմոտիվն է, որը կրում է «Արարատ Խրիմյան» անունը: Հիշեցնենք, որ Խրիմյանը երկար տարիներ ընկերության տնօրենն էր եւ վերջերս երկարատեւ հիվանդությունից հետո մահացավ:

ԳԻՏԻ, ՈՐ ԵՂԲԱՅՐԸ ՍՊԱՆՎԱԾ Է
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանին երեկ կրտսեր եղբայրն ու հայրը հայտնել են եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի մահվան մասին: Գնդապետին մեծ քանակի քնաբեր դեղեր են ներարկել, որպեսզի ստացած սթրեսը հնարավորինս հեշտ հաղթահարի:  

ՊՈՒՏԻՆԸ ՄԱՏԱՆՈՒ ԳՈ՞Ղ
Ամերիկյան «New England Patriots» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոբերտ Կրաֆտը ՌԴ նախագահին մեղադրել է մատանի յուրացնելու մեջ: Այս մասին նա հայտարարել է նաեւ 2005թ., սակայն այն ժամանակ այդ հարցն ուշադրության չի արժանացել: Հիմա Կրաֆտը նորից է անդրադարձել դրան՝ հայտարարելով, թե ինքը 2004թ., երբ այցելել է Սանկտ Պետերբուրգ, հանդիպել է Պուտինին: Եվ երբ նրան ցույց է տվել ֆուտբոլային լիգայի մրցանակը՝ «Super Bowl ring» ադամանդակուռ ոսկե մատանին, ՌԴ նախագահը փորձել է այն, իսկ հետո դրել գրպանը: Ամերիկացու խոսքով՝ ինքը հետո ցանկացել է վերադարձնել մատանին, սակայն այն ժամանակ զանգահարել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմից, խնդրել աղմուկ չբարձրացնել, քանի որ դա բխում է ԱՄՆ շահերից:

ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ԴԱՏԱՎՈՐԻՆ
Հունիսի 13-ին Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 22 բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով անհայտ անձինք ներս են մտել բնակարան եւ այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր, բիժուտերիա, 7 հազար 300 ԱՄՆ դոլար, 300 եվրո եւ 2 միլիոն 900 հազար ՀՀ դրամ: Ընդհանուր նյութական վնասը կազմում է 14 միլիոն ՀՀ դրամ: Բնակարանի սեփականատերը Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանն է:

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ
Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ 2013թ. հունիսի 29-ին (շաբաթ օրը)՝ ժամը 19:00-ին,  «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի է ունենալու հիշատակի մոմավառություն, որին հետեւելու է բողոքի երթ Ավան վարչական շրջան:




Լրահոս