«ՀԱՅԿՈՈՊ»-Ի ԱԲՈՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ` 2012-ի բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում, «Հայկոոպ»-ի Աբոն՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, սազանդար էր դարձել. մի գլուխ գովում էր իշխանություններին՝ զարմացնելով իրենց այլընտրանք հայտարարած ԲՀԿ-ականներին:
Իշխանություններին գովաբանելու պատճառներից մեկը հասկացանք օրերս, երբ տեղեկացանք, որ ոստիկանության աշխատակիցները թիկնազորով շրջելու համար ոստիկանության բաժանմունք են տարել անկուսակցական, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդուն՝ Արթուր Մանուկյանին: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ թիկնազորով շրջելու համար բերման են ենթարկվում «Հայկոոպ»-ի Աբոյի որդիները: Ամիսներ առաջ «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները, խուզարկելով «Hyundai sonata» մակնիշի 08 ՍՍ 800 համարանիշի եւ «Bently» մակնիշի 08 ԼԼ 800 համարանիշի ավտոմեքենաները, հայտնաբերել էին զենքեր եւ ձերբակալել վարորդներին: «Bently»-ն հաշվառված է Արթուր Աբրահամի Մանուկյանի, «Hyundai sonata»-ն՝ Հակոբ Աբրահամի Մանուկյանի անվամբ: Նրանք Ա. Մանուկյանի որդիներն են: Ավելին, «Bently»-ն սպասարկում է հենց Ա. Մանուկյանին: Եվ ուրեմն, իշխանություններին պիտի փառաբանի Աբոն, որպեսզի նրանք էլ, իրեն յուրային համարելով, չզինաթափեն բոլոր սահմաններն անցած որդիներին:
Իր ունեցվածքի հայտարարագրում բավական «համեստ» տվյալներ է ներկայացրել «Հայկոոպ»-ի Աբոն. «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է ութ շենք-շինություն՝ 40672.82 քմ ընդհանուր մակերեսով, 8 հողամաս՝ մոտ 30 հա տարածքով: «Իշխանական կայֆերով» իր որդիներին պահող օրենսդիրը չափազանց համեստ է եղել՝ ներկայացնելով հաշվետու տարվա իր եկամուտը՝ ընդամենը 15 մլն 775 հազար 825 դրամ աշխատավարձ, ինչպես նաեւ «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ից ստացած վարձակալական գումարը:
«Հայկոոպ»-ի Աբոն 1975թ. ընդունվել ու 1976-ին հեռացել է Խ. Աբովյանի անվան  մանկավարժական ինստիտուտից: Երեւի մտածել է, որ սոված դասատու է դառնալու, հազիվ է պահելու իր ընտանիքը, այդ պատճառով էլ բանակից վերադառնալուց հետո աշխատանքի է անցել «Մասիս» արտադրական միավորման «Կոշիկի նորաձեւության տուն» ֆաբրիկայում որպես կոշկակար, ապա արդեն դարձել է պահեստապետ: Չունենալով որեւէ կրթություն՝ հանկարծ դարձել է Երեւանի նուրբ բրդյա գործվածքների ֆաբրիկայի արտադրամասի պետի տեղակալ, հետո էլ դուրս է եկել ֆաբրիկայից, դարձել Երեւանի «Գործվածքհագուստկոշիկառ» համակարգի տարբեր խանութների ղեկավար աշխատող: Այսինքն՝ եղել է խանութի վարիչ: Իսկ թե ինչե՜ր էին անում սովետական խանութների վարիչները, հիշում ենք բոլորս:
1989-1991թթ. եղել է «Հագուստի տուն» ճանաչված հանրախանութի տնօրեն: Հենց այս ընթացքում էլ` 1991-ին, ավարտել է Երեւանի առեւտրատնտեսագիտական տեխնիկումի առեւտրի կազմակերպում եւ կառավարում բաժինը: Անկախության հռչակումից հետո՝ 1991թ. ի վեր, Մանուկյանի բախտը բերել է. հայտնվել է «յուղոտ» տեղում՝ «Հայկոոպ»-ի Երեւանի միջշրջանային ունիվերսալ մեծածախ բազայում՝ ընդամենը տեխնիկումի շրջանավարտի դիպլոմով զբաղեցնելով փոխտնօրենի, տնօրենի, հետո էլ՝ գլխավոր տնօրենի պաշտոնները:  Երեւի հենց նման կրթությունն էր պատճառը, որ մի ահռելի կայսրություն համարվող «Հայկոոպ»-ը Մանուկյանի կառավարման տարիներին դարձավ միայն ու միայն նրա շահերը սպասարկող կազմակերպություն, շագրենի կաշվի նման նեղացավ, իսկ հետո էլ գրեթե անէացավ…
Այս ընթացքում, ինչպես ասում են՝ ձեռքի հետ, Ա. Մանուկյանն ավարտեց «Վարդանանց» համալսարանը: Ու հենց այս կոոպերատիվ կրթությամբ էլ 2007թ. նշանակվեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ… Նա այս համակարգում ամենազավեշտալի պաշտոնյան է եղել, որովհետեւ հայտնվել է մի ոլորտում, որից բացարձակապես  ոչինչ չէր հասկանում. ամբողջ կյանքում խանութի վարիչ, պահեստապետ, հետո էլ միրգ ու բանջարեղեն մթերող մարդը հանկարծ հայտնվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնում: Ծիծաղելի այս նշանակումը, ի դեպ, կատարել է այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը 2007թ. դեկտեմբերի 13-ին:
Մինչ այդ՝ 2003-2007թթ., Ա. Մանուկյանը հասցրել էր նաեւ ԱԺ պատգամավոր լինել եւ այդ ընթացքում ընդունվել Մոսկվայի բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտի Երեւանի մասնաճյուղ: Նշենք, որ սա էլ ոչ պետական բուհ էր, որի դասերին եւս Մանուկյանը ոչ մի օր չի հաճախել:  2010թ. «Հայկոոպ»-ի Աբոն հրաժեշտ տվեց փոխնախարարի պաշտոնին ու նշանակվեց ունիվերսալ բազայի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ ահա 2012-ին նորից հայտնվեց խորհրդարանում: Մենք տեղեկացանք, որ նա նիստերի 50 տոկոսին չի մասնակցել, նշանակում է՝ օրենսդիր գործունեությունն էլ նրան չի հետաքրքրում, քանի որ մինչեւ հիմա էլ զբաղվում է ակտիվ գործարարությամբ…
Նա Արզական համայնքում գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողատարածք ունի, նրա սեփականությունն է «Բելվարմո թրեյդ» ՍՊԸ-ն: Մանուկյանը նաեւ Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանի հետ Բանվորի արձանի մոտ գտնվող տոնավաճառի փայատերն է: Ուրեմն, լինելով իրեն այլընտրանք համարող ԲՀԿ խմբակցության կազմում, պիտի գովերգի իշխանություններին…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս