Դեռեւս ապրիլին Կիպրոսում ստեղծված ֆինանսական ճգնաժամի պատճառները հետաքննելու նպատակով նախագահ Նիկոս Անաստասիադիսի հրահանգով նշանակվել է դատական կոլեգիա: Տեղեկություններ կան, որ Անաստասիադիսի այս որոշման վրա անմիջական ազդեցություն են ունեցել մասոնական ամենաբարձր օթյակի երեք հայազգի անդամները: Վերջիններս պահանջել են որոշ բարձրաստիճան հայ պաշտոնյաներից Կիպրոսի բանկերում օֆշորային տարբեր ընկերությունների անունով գրանցված գումարները հանել եւ տնտեսական ներդրումներ կատարել Հայաստանում, այլապես զգուշացրել են, որ նրանք կկանգնեն այդ գումարները կորցնելու վտանգի առջեւ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ ստեղծված «օֆշորային սկանդալն» այս համատեքստում պատահական չի ընկալվում:
ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ի՞նչ արդյունք կտան Կիպրոսի նախագահի նշանակած դատական կոլեգիայի ստուգումները եւ արդյոք էական ազդեցություն կունենան Հայաստանի գործարար էլիտայի վրա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անկախ ամեն ինչից, ես դեմ եմ, որ մեր պաշտոնյաներն օֆշորային գոտիներում գրանցված բիզնեսներ ունեն: Եթե այդչափ հրաշալի բիզնեսմեններ են, թող դադարեցնեն իրենց գործունեությունը պետական կառույցներում եւ զբաղվեն արդար միջոցներով կապիտալ կուտակելով: Մենք բոլորս մեր մաշկի վրա զգում ենք, թե մեր «գործարար էլիտան» որքան վատ է կազմակերպում պետության կառավարման գործը: Գաղտնիք չէ, որ նրանց գործարարությունը սկսվում է բյուջեի թալանումով, որի հետեւանքով էլ Հայաստանի տնտեսությունը գտնվում է սարսափելի խայտառակ ու անհուսալի վիճակում: Ես կարծում եմ, որ կրկնակի վտանգավոր է մեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից օֆշորային գոտում տարբեր ընկերությունների հիմնումը: Բավական չէ՝ նրանք թալանում են պետական բյուջեն, երկրից դուրս են հանում հիմնական խոշոր կապիտալը, որը ներդնում են այլ երկրների տնտեսության զարգացման մեջ՝ այդպիսով մեր երկիրը կանգնեցնելով տնտեսական, սոցիալական եւ այլաբնույթ խնդիրների առջեւ: Եթե Կիպրոսի նախագահի որոշմամբ իրավապաշտպանները խախտումներ հայտնաբերեն, որն ուղղակի առնչություն կունենա հայ պաշտոնյաների գործունեության հետ, ապա դա առաջին հերթին, արդարաբար, կվնասի «գործարար էլիտային», սակայն շահող դուրս կգա Հայաստանը, նրա տնտեսությունը եւ, հետեւաբար, շարքային քաղաքացին:
«Ժառանգություն» կուսակցության
փոխնախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Սա համակարգային խնդիր է, եւ պետք չէ այս հարցին մասնավոր վերաբերմունք ցույց տալ: Մենք աշխարհի մի մասնիկն ենք, եւ, բնականաբար, համաշխարհային բոլոր լավ եւ վատ երեւույթներն իրենց ազդեցությունն են ունենում մեր երկրի վրա: Տվյալ պարագայում օֆշորային ընկերություններ կան շատ երկրներում, իսկ թե ինչ ազդեցություն կունենան կիպրոսյան ստուգումները մեր տնտեսության կամ գործարար աշխարհի վրա, կապված է երկու երկրների քաղաքականությունից: Կա ավելի նուրբ մի հարց. արդյո՞ք կարելի է միանշանակ վստահել Կիպրոսի դատական կոլեգիայի տվյալներին:
ԱԻՄ կուսակցության նախագահ
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ