ԱՊՊԱ-Ն՝ ԱՊՐԻԼԻՆ
2013թ. ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել 371,4 հազ. ավտոտերերի հետ: Մարտի համեմատ ապահովագրված ավտոմեքենաների թիվն ավելացել է 3,6 հազարով: Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը հունվար-ապրիլին կազմել է 8,2 մլրդ դրամ, փաստացի հատուցվել է 3,6 մլրդ դրամ: Ընդ որում, միայն ապրիլին հատուցումները կազմել են մոտ 0,9 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ աճելով մոտ 150 մլն դրամով: Ապրիլին տեղի է ունեցել 4400 վթար՝ նախորդ ամսվա 4500-ի համեմատ: Մեկ պատահարի հատուցման միջին չափը ապրիլին կազմել է 204,5 հազ. դրամ՝ մոտ 2000 դրամով ավելի, քան մարտին: Մեկ ավտոմեքենայի միջին ապահովագրական գումարը 2013-ի հունվար-ապրիլին կազմել է մոտ 22,2 հազ. դրամ: Սա նշանակում է, որ ԱՊՊԱ պայմանագրերում մեծ թիվ են կազմում կարճաժամկետները (1 տարուց պակաս)` հաշվի առնելով, որ ԱՊՊԱ տարեկան պայմանագրի նվազագույն արժեքը 25 հազ. դրամ է:
10-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
A.T. Kearney խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է Global Retail Development Index 2013 ամենամյա վարկանիշային աղյուսակը: Այն ներկայացնում է մանրածախ առեւտրի ոլորտում ներդրողների համար լավագույն պետությունների ցանկը: Այս տարի վարկանիշային աղյուսակի 30 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 10-րդ հորիզոնականում: Վարկանիշային աղյուսակում 3-րդ տարին անընդմեջ առաջին տեղը զբաղեցնում է Բրազիլիան: Երկրորդը Չիլին է, իսկ եռյակը եզրափակում է Ուրուգվայը: Մեր հարեւան պետություններից Վրաստանը գտնվում է 8-րդ տեղում, Ադրբեջանը՝ 29-րդ: Զեկույցի` մեր երկրին վերաբերող հատվածում նշվում է, որ Հայաստանում եկամուտների աճի ու կենսապայմանների բարելավման միջոցով ուղի է հարթվել մանրածախ առեւտրի զարգացման համար: Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ողջունում է օտարերկրյա ներդրումները, իսկ մի շարք միջազգային վարկանիշային կազմակերպություններ էլ Հայաստանը համարում են բիզնես ծավալելու համար բավական նպատակահարմար երկիր:
ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Իրանի գազի ազգային ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ անցած 6 տարիների ընթացքում Իրանից Հայաստան է մուտք գործել 1.558 մլրդ խմ բնական գազ: Նշենք, որ գազի դիմաց Հայաստանն Իրանին մատակարարում է էլեկտրաէներգիա: 2012-ին Իրանից մուտք գործած գազի ծավալը եղել է ռեկորդային` 481 մլն խմ: Հիշեցնենք, որ բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիում»-ի տվյալների համաձայն` Իրանը համարվում է գազի ամենամեծ պաշարներ ունեցող երկիրն աշխարհում: Իրանի գազի պաշարները գնահատվում են 33.6 տրիլիոն խմ: