ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՋԱՐԴՎԱԾ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐՈՎ ՏՈՒՐԻԶՄ
Դիլիջան-Սեւան թունելի մուտքի մոտ եւ միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածում մոտ 3 տարի առաջ կառուցվեցին հասարակական զուգարաններ: Դրանք կառուցման օրից թալանվեցին. պետքարանների մեջ եղած սանիտարական տեխնիկան, դռների փականները հանվեցին-գողացվեցին, եւ հանրային այդ պետքարաններն այդպես էլ չգործեցին: Տավուշի մարզի տարածքում հաճախ կարելի է տեսնել, որ միջպետական ճանապարհով երթեւեկողները ավտոմեքենան կանգնեցրել եւ իրենց բնական կարիքները հոգում են հենց ճանապարհի եզրին: Առավել ամաչկոտները հեռանում են ճանապարհից` «ռիսկ անելով» ընկնել Աղստեւ գետի կիրճը կամ անտառում ինչ-որ պատահարից տուժել: Զարմանալի է, որ պետբյուջեի միջոցներով կառուցված, սակայն այդպես էլ չշահագործված հասարակական զուգարանների հարցն անցած 3 տարում չի հուզել պատկան մարմիններին: Շատ է խոսվել այն մասին, որ Տավուշի մարզում առկա են զբոսաշրջությունը զարգացնելու լավ նախադրյալներ` շքեղ բնություն, պատմաճարտարապետական գեղեցիկ կոթողներ: Սակայն զբոսաշրջիկներն այլ պահանջների հետ նաեւ ճանապարհին հանգրվանելու, զուգարանից օգտվելու կարիք ունեն: Արտասահմանցիները սովոր չեն իրենց բնական կարիքները ճանապարհի եզրին կամ թփուտի մեջ հոգալ:

ԱՀԱԶԱՆԳ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հունիսի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում մեկնարկեց Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Մուշեղ Գուրգենի Դանիելյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 14-ին` ժամը 01:24 րոպեին, իր բջջային հեռախոսահամարով զանգահարել է «112», ժամը 01:36 րոպեին՝ «911» հեռախոսահամարներին եւ հայտնել, որ իր ընկեր Վոլոդյան զանգահարել եւ իրեն ասել է, որ վաղը Վոլգոգրադ քաղաքի «Վորոշիլովսկի» առեւտրի կենտրոնի 2-րդ հարկում ահաբեկչական ակտ է տեղի ունենալու: Մուշեղ Դանիելյանը գիտակցել է, որ սուտ տեղեկություն է հաղորդում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը): Այդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս