ՇԵՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մարտին Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ խոսել էր նաեւ դեռ չկառուցված թատրոնի շենքի մասին` նշելով, որ եթե մյուս տարի այս ժամանակ Մնջախաղի թատրոնի շենքն էլի կառուցված չլինի, ինքը բեմ չի բարձրանա: Պատասխանելով լրագրողի հարցին` նա ասել էր, որ թատրոնի շենքի շինարարությունը կմեկնարկի օգոստոսից, եւ հույս էր հայտնել, որ 4-5 ամսում թատրոնը կունենա իր շենքը: Հիշեցնենք, որ շենքը կառուցվելու է Հյուսիսային պողոտայում:
«Ժողովուրդ»-ը դիմեց Ժ. Դադասյանին` պարզելու, թե ինչ ընթացքի մեջ են աշխատանքները: «Նախնական ամբողջ նախագծային աշխատանքներն արված են, բայց քանի որ թատրոնի շենքը պիտի տեղավորվի երկու շենքի արանքում, դրանց սեփականատերերի հետ կապված խնդիր կա. պատուհաններ պիտի փակվեն եւ այլն,-հայտնեց Դադասյանը` հավելելով, որ այդ հարցով զբաղվում է անձամբ ճարտարապետը, սակայն դեռ վերջնական լուծում չկա,-երբ որ դա կլինի, մամուլի ասուլիս, շնորհանդես կկազմակերպենք, ծրագիրը կներկայացնենք»:
Իսկ եթե կան նման խնդիրներ, մի՞թե հնարավոր չէ մեկ այլ վայրում կառուցել շենքը: «Արդեն տասնհինգ տարի է` դրանով զբաղվում ենք, էլ Երեւանում շենք չի մնացել, որ չնայենք, ոչ մի կերպ չի ստացվում: Կան առաջարկներ, որոնք շատ անհեթեթ են. օրինակ` տեղ հատկացնել Կայարանի մոտ, Երրորդ մասում: Բայց ժանրային միակ թատրոնն այդպիսի վայրերում չի կարող գործել, պիտի այնպիսի վայրում լինի, որտեղ տուրիստական հոսք, երիտասարդներ, քաղաքային միջավայր կա»,-կարծում է Դադասյանը: Զրույցից պարզվեց նաեւ, որ Մնջախաղի թատրոնը ամեն հինգշաբթի Պատանի հանդիսատեսի շենքում ներկայացում ունի:




Լրահոս