ՀԱՐՑ. Ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ եւ հաճախում եմ յոգայի պարապմունքների: Հետաքրքիր է իմանալ, թե եկեղեցին ինչպես է վերաբերում յոգային, արդյոք յոգան չի հակասում քրիստոնեությանը, վտանգներ չի պարունակում, որեւէ այլ կրոնի կամ աղանդի հետ կապ չունի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ առաքելական եկեղեցին յոգան աղանդ է համարում: Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները նրանք են, ովքեր, առաքելական ավանդության համապատասխան, մկրտված են առաքելական եկեղեցում եւ ամեն կիրակի մասնակցում են Սուրբ պատարագին՝ հաղորդվելով Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Հետեւորդ լինել նշանակում է հետեւել, հետեւից գնալ, վստահել, նշված ուղուց չխոտորվել: Չի կարելի հետեւել մեկին եւ համարվել մյուսի հետեւորդ: Եթե Դուք զբաղվում եք յոգայով, ուստի յոգայի էլ հետեւորդն եք: Մի՛ համարեք, որ Մայր եկեղեցու հետեւորդն եք: Բուն քրիստոնեությունը Տեր Հիսուս Քրիստոսի հետ Սուրբ հաղորդությունն է, ում առաջնորդությամբ մենք կարող ենք հասնել երանավետ հանգստյան, որ մեղքերի քավության միջոցով է լինում: Յոգայի բերած հանգիստն ու անդրդվելիությունը պատրանք է, որովհետեւ խաղաղության կերպարանք տալով յոգայով զբաղվողին՝ սվաղում, ծածկում է նրա մեջ մեղքերից վատթարագույնը՝ հպարտությունը: Յոգայով զբաղվելով՝ Դուք չեք նկատի, թե ինչպես եք ընկնում հպարտության ախտի մեջ: Հենց դա է պատրանքը: Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը», «Չեք կարող երկու տիրոջ ծառայել»:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ մեր ընթերցողը պնդում է, որ նա յոգայի դասընթացներին հաճախելու հետ մեկտեղ առաքելական եկեղեցու հետեւորդ է, բայց եւ այնպես պատասխանում տրված է ճիշտ հակառակ գնահատականը: Փաստորեն, առաքելական եկեղեցին յոգան աղանդ է համարում՝ չընդունելով դրա հետեւորդներին: