«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Գրին Փաուր» ՍՊԸ-ն 2015 թվականի նոյեմբերի 5-ին հայտով, իսկ 2016 թվականի հունվարի 11-ին եւ փետրվարի 16-ին գրություններով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ըստ որի՝ հանձնաժողովը փետրվարի 24-ին կայանալիք նիստին ընկերությանը կտրամադրի «Մեղրի-1» ՓՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝ մինչեւ 2033 թվականի դեկտեմբերի 18-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը՝ մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 18-ը: ՀԾԿՀ-ի կողմից կհաստատվի նաեւ ընկերության «Մեղրի-1» ՓՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի պայմանները:
Նշենք, որ «Մեղրի-1» ՓՀԷԿ-ը գտնվում է Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի վարչական տարածքում՝ Մեղրի գետի վրա: Մինչ ՀԾԿՀ-ն ընկերությանը էլէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրում, այս ընթացքում, բնապահպանները ահազանգում են, որ «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի շինարարության եւ շահագործման ընթացքում շրջակա միջավայրը կվնասվի:
Ըստ բնապահպանների՝ ՓՀԷԿ-ը տարեկան կշահագործվի 11 ամիս կամ 330 օր, եւ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ ամռան ամիսներին Մեղրի գետը դառնում է խիստ սակավաջուր, եւ գետի ջուրը չի բավարարում ոռոգման համար: Եթե գետի սակավաջուր ամիսներին ՓՀԷԿ-ը գործի, ապա գետում մոտ 2 կմ տարածքում ընդհանրապես ջուր չի մնա: Բացի այս, «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտում ուսումնասիրված չէ ՓՀԷԿ-ի տարածքի տակ ընկնող կենսաբազմազանությունը եւ Մեղրի գետի ձկնաշխարհը:
Սյունէ Համբարձումյան