Սերժ Սարգսյանն անգամ նախագահական ընտրությունները վերացրեց, էլ ուր մնաց ամեն մարզում հավելյալ ընտրության մեխանիզմ ներդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուներ առաջադրելու համար պայքարը ներկուսակցական հարթակում թեւակոխում է արագ տեմպերի փուլ: Փետրվարի վերջին եւ մարտի սկզբին ԱՄՆ-ում ներկուսակցական քվեարկություններ են նախատեսված առավել քան 20 նահանգներում: Նախնական հարցումները նահանգներում խիստ բազմազան են: Ընտրողները զգալիորեն կողմնորոշված չեն, թեեւ հանրապետականների ճամբարում Թրամփը լուրջ առավելություն ունի մրցակիցների նկատմամբ, իսկ դեմոկրատների մոտ Քլինթոնը թվում է անհաղթելի: Այս երկրի ընտրությունների առանձնահատկություններից են թեկնածուներին հայտնվող բազմազան աջակցությունները, ինչը Հայաստանի համար բավականին խորթ երեւույթ է:

Դեռեւս նախորդ շաբաթ օրը Հվ. Կառոլինայում կայացել էր հանրապետականների բանավեճը, որին մասնակցել էին 6 թեկնածուներ: Հարկ է նկատել, որ Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի համար ի սկզբանե պայքար էին սկսել 17 թեկնածուներ, որոնք աստիճանաբար լքեցին արշավը: Առայժմ վերջինը ընտրապայքարից դուրս եկավ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիստին, որը Նյու Հեմփշիրում հավաքած 7 տոկոս ձայնով համարեց, որ միասնական թեկնածու դառնալու իր շանսերն արդեն զրոյական են: Սա ԱՄՆ-ում քաղաքական գործընթացների հետաքրքիր յուրահատկություններից է, երբ թեկնածուն՝ տեսնելով, որ հնարավորություն չունի առաջինը լինելու, հապճեպորեն լքում է ընտրարշավը: Մի բան, որ Հայաստանում, օրինակ, չես տեսնի:

Հարկ է հավելել, որ շաբաթ օրվա բանավեճը նոր փոթորիկ առաջացրեց Հանրապետական կուսակցության ներսում: Առաջատար համարվող Դոնալդ Թրամփը բանավեճի ընթացքում ներքաշվեց կոշտ լեզվակռվի մեջ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի եւ Թեքսասի սենատոր Թեդ Քրուզի հետ: Առաջինին Թրամփը գոտկատեղից ներքեւ հարվածներ հասցրեց` մեղադրելով ներգաղթյալների հանդեպ թույլ քաղաքականություն առաջարկելու մեջ, ինչպես նաեւ անարգանքի սյունին գամեց նրա եղբորը` 43-րդ նախագահ Ջորջ Բուշին` 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը չկանխելու եւ 2003-ին Իրաք ներխուժելու համար:

Թրամփի հարձակումը, վերլուծաբանների գնահատմամաբ, անակնկալ էր, սակայն հաշվի առնելով, որ երկուշաբթի օրը Բուշն իրեն աջակցելու էր հրավիրել եղբորը, Թրամփի քննադատությունը, որին Ջեբ Բուշը նույնօրինակ պատասխան տալ չկարողացավ, զգալիորեն նվազեցրեց նախկին նախագահի սատարման ազդեցությունը: Ջորջ Բուշի մեծ հեղինակությունը նահանգում կարող էր վճռորոշ լինել, ուստի Թրամփի հարձակումը լիովին հիմնավորված էր եւ տեղին, ու կարծես թե հասավ իր նպատակին: Ի դեպ, հարցումներով իրեն հաջորդող Քրուզին էլ Թրամփը բացեիբաց ստախոս անվանեց:

Ընդհանրապես, Թրամփի ագրեսիվ կեցվածքը ոչ ոքի համար գաղտնիք չէ, սակայն վերլուծաբանները չէին կարծում, որ միլիարդատեր գործարարը ակտիվորեն կներգրավվի վիրավորանքներով, մշտական ընդհարումներով ու անվանարկումներով լեցուն երկխոսությունների մեջ` հաշվի առնելով նրա ամուր դիրքը եւ ավելի քան 15 տոկոսի առավելությունը, որ նա ունի երկրորդ տեղին հավակնող Քրուզի նկատմամբ:

Հատկանշական է, որ այս անգամ փետրվարի 20-ին հանրապետականները կքվեարկվեն Հվ. Կառոլինայում, իսկ փետրվարի 23-ին` Նեւադայում:

Մինչդեռ դեմոկրատների փետրվարի 20-ի քվեարկությունը կկայանա Նեւադայում, 23-ին` Հվ. Կառոլինայում: Այստեղ դեմոկրատներից առաջին տեղը զբաղեցնելու իրական շանսեր ունի Հիլարի Քլինթոնը, որը հարցումներով առաջ է իր միակ մրցակից Բերնի Սանդերսից ավելի քան 15 տոկոսով: Ի դեպ, ամերիկյան լրատվամիջոցների ուշադրությունը գրավել էր Հիլարի Քլինթոնի ծաղրանքը հանրապետականների հանդեպ, երբ նախագահի թեկնածուն շան նման հաչոցներ էր արձակել` ակնարկելով, որ հանրապետականների քննադատությունն իր հասցեին նույն նշանակությունն ունի:
Կարծիք կա, որ հատկապես Հվ. Կառոլինայի քվեարկությունը լրջագույն ազդեցություն կունենա հանրապետականների ընտրապայքարի վրա:

Եթե Ջեբ Բուշը չկարողանա երրորդ տեղը վերցնել կամ առնվազն բարձր դիրք գրավել Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ երկուսն էլ նույն էլեկտորատի աջակցությունն են որոնում, ապա կարելի է նախկին նախագահի եղբոր` միասնական թեկնածու դառնալը բացառել: Այս նահանգի քվեարկություններում նախորդ փուլերում հաղթել են հենց Բուշերը` 1988թ. Ջորջ Բուշ ավագը, իսկ 2000թ.-ին` Ջորջ Բուշ Կրտսերը: Բայց եւ այնպես, բանավեճի ժամանակ Թրամփի հարվածները, թվում է, լուրջ ազդեցություն են ունեցել ընտրողների տրամադրությունների վրա: Այդկերպ կարելի է բացատրել Հվ. Կառոլինայի նահանգապետ Նիկկի Հեյլիի հայտնած աջակցությունը ոչ թե Ջեբ Բուշին, ինչպես ակնկալվում էր, այլ Մարկո Ռուբիոյին: Տեղեկացնենք, որ Bloomberg-ի վերջին հարցումներով` Հվ. Կառոլինայում Թրամփը ստանում է 36, Քրուզը` 17, Ռուբիոն` 15, իսկ Բուշը` 13 տոկոս ձայն:

Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ նահանգների ղեկավարները, քաղաքապետերը եւ այլ պաշտոնյաները կարող են սատարել տարբեր թեկնածուների, Հայաստանում նման պրակտիկա գոյություն չունի: Բացառված է, որ որեւէ մարզպետ կամ նրանից էլ ավելի ցածր պաշտոնյա հանդգնի սատարել որեւէ այլ թեկնածուի՝ բացի իշխանության ներկայացուցչից: Հավանաբար վերջին նման դեպքը տեղի է ունեցել 1996թ.-ին, երբ Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանը օժանդակում էր ընդդիմությանը` հանձին Վազգեն Մանուկյանի: Դրանից հետո բոլոր ընտրություններում որեւէ մարզում իշխանության թեկնածուի պարտությունը խիստ թանկ է նստել մարզպետի վրա:

Այն պարագան, որ մարզպետները նշանակվում են, այլ ոչ թե ընտրվում, զգալիորեն նվազեցնում է նրանց անկախությունը: Բնականաբար, ժողովրդավարության ու տեղական կառավարման նշանակության բարձրացման տեսնակյունից ճիշտ կլիներ, որ մարզպետները ընտրվեին, ինչը իրականում մեծ գլխացավանք կստեղծեր առաջին հերթին հենց իշխանության համար: Սերժ Սարգսյանն անգամ վերացրեց նախագահական ընտրությունները, էլ ուր մնաց ամեն մարզում հավելյալ ընտրության մեխանիզմ ներդներ: Սա ամերիկյան ու հայաստանյան ընտրությունների հերթական տարբերություններից մեկն է` ցավալիորեն ի առավելություն առաջինի:

Ն. Հովսեփյան




Լրահոս