Հայտնի ճշմարտություն է, որ առողջությունն ամենաթանկ հարստությունն է: Այս պատճառով աշխարհի զարգացած երկրներում մարդիկ նախապես իրենց հնարավոր հիվանդություններից եւ դժբախտ պատահարներից ապահովագրում են: Մինչդեռ Հայաստանում գործող բազմաթիվ ապահովագրական ընկերություններից եւ ոչ մեկը քաղաքացու առողջության անհատական ապահովագրություն չի իրականացնում:
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրման թեման շրջանառվում է ավելի քան 10 տարի, իսկ իրականացման գործընթացը սկսվել է դեռեւս 1990-ական թվականներից: Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 1-ից Հայաստանում սահմանվել է սոցիալական փաթեթի հատկացման կարգը:
Սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով պետական աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթը ներառում է չորս ուղղություն` բժշկական ապահովագրություն, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար եւ զբոսաշրջություն: Սոցփաթեթով ապահովագրության փորձը ցույց տվեց, որ ապահովագրված շատ քաղաքացիներ վաղուց ունեին առողջական խնդիրներ, սակայն գումարի պատճառով չէին կարողանում հետեւել իրենց առողջությանը:
Եթե քաղաքացին ունի ապահովագրություն, ապա նա ցանկացած խնդրի դեպքում անմիջապես կարող է դիմել բուժօգնության: Կորպորատիվ ապահովագրությունը Հայաստանում դեռեւս կամավոր բնույթ է կրում, այդ պատճառով դաշտը կանոնակարգված չէ, եւ միայն որոշ ընկերություններ են, որ ապահովագրում են իրենց աշխատակիցների առողջությունը: Պարտադիր ապահովագրության ներդրման դեպքում այն կդառնա պարտադիր պայման բոլոր պետական եւ մասնավոր ընկերությունների համար: Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե ե՞րբ է մեր երկրում առողջության ապահովագրությունը լինելու պարտադիր:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ է ստանում: Նրանցից մեկը՝ 49-ամյա Վարդան Գեւորգյանը, երկար տարիներ ապրել եւ աշխատել է արտերկրում, ապա վերադարձել հայրենիք: Տեւական ժամանակ է, ինչ վերջինս ապահովագրական ընկերությունների հետ պայքարի մեջ է. դիմել է ՀՀ-ում գործող գրեթե բոլոր ապահովագրական ընկերություններին՝ իրեն ապահովագրելու պահանջով, սակայն առանց հիմնավորման` նրան ոչ մի ընկերություն չի ապահովագրում:
«Մենք ունենք առողջապահության համակարգ եւ համաձայն Սահմանադրության 75 հոդվածի՝ հասարակությունն ունի բժշկական օգնություն ստանալու իրավունք: Իսկ բժշկական օգնությունը լինում է հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային: Վերջինը պոլիկլինիկաներն են, որտեղ անվճար է բուժօգնությունը: Իսկ, ահա, հիվանդանոցային բուժօգնությունը հասարակության գերակշիռ մասի համար մատչելի չէ: Օրինակ՝ քաղաքակիրթ այլ երկրներում՝ Կանադայում, եվրոպական այլ երկրներում, մարդը, երբ հիվանդանում է, հիվանդանոց գնալու ազատ իրավունք ունի, եւ նրան անմիջապես անվճար բուժօգնություն են ցուցաբերում: Ի տարբերություն դրան՝ Հայաստանն ընտրել է ամերիկյան ձեւը. եթե գնում ես հիվանդանոց, ապա դու պետք է վճարես: Եթե սոցփաթեթներում կամ խոցելի խմբերում ընդգրկված չես, ապա դու պետք է հիվանդանոցներում վճարես»,- վրդովված նկատեց քաղաքացին:
Նշենք, որ մեր երկրի ապահովագրական ընկերություններին վերահսկող մարմինը Կենտրոնական բանկն է: Սակայն այս հարցում ԿԲ-ն պարզապես չի միջամտում՝ պատճառաբանելով, որ դա կողմերի իրավահարաբերություններն են` հաճախորդ եւ ապահովագրական ընկերություն:
Հարցին՝ ինչո՞ւ են ապահովագրական ընկերությունները հրաժարվում ֆիզիկական անձի առողջությունը ապահովագրել, «Ռոսգոստրախ»-ի հեռախոսային օպերատորը պատասխանեց. «Բժշկական ապահովագրությունը կատարվում է կորպորատիվ ձեւով, այսինքն՝ մեկ ընկերությունում աշխատող 7-10 հոգու դեպքում: Մոտեցումն այնպիսին է, որ առանձին ֆիզիկական անձը բժշկական ապահովագրություն ինքն իրեն չի կարող անել: Ոչ մի ապահովագրական ընկերություն առանձին ֆիզիկական մեկ անձով չի անում դա»:
Արդյունքում քաղաքացին անհետաձգելի վիրահատության կամ շտապ բուժում ստանալու դեպքում հենց հիվանդանոցում կանգնում է փաստի առաջ: Իսկ երբեմն էլ մարդը կենաց մահու պայքար է տալիս, բայց բժիշկը ոչինչ չի ձեռնարկում՝ նրա կյանքը փրկելու համար, որովհետեւ անհրաժեշտ վճարումները կատարված չեն:
Իսկ ավելի հաճախ հիվանդի հարազատները, հայտնվելով անելանելի դրության մեջ, միայն մտածում են իրենց հարազատին փրկելու մասին եւ ստիպված գնում բանկ՝ վարկ վերցնում կամ որեւէ մեկից պարտք անում: Ահա, թե ինչպիսին է Հայաստանում առողջապահական համակարգը:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը հաճախակի է դժգոհություններ ստանում քաղաքացիներից, ովքեր պատմում են, որ պայմանագիր կնքելուց առաջ ապահովագրական ընկերությունները ոսկե սարեր են խոստանում, իսկ երբ գալիս է պահը որեւէ բժշկական ծառայության համար վճարելու, ամեն ինչ անում են՝ ծախսերը կամ դրանց զգալի մասը հիվանդի վրա թողնելու համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ