Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի կողմից կատարված հանցագործությունների բացահայտումների շարք է սկսել: “Առավոտ”-ի հետ զրույցում նա պատմել է, որ Ս. Խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Կոռնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում՝ Ս. Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.-ի վրա: Պատճառն այն էր, որ Ա. Մ.-ն, Գորիսում տարածված լուրերի համաձայն, Ս. Խաչատրյանին հայտնել էր, որ նրանից հղի է եւ երեխայի է սպասում: Ս. Խաչատրյանը կրակել է, եւ Ա. Մ.-ին մահամերձ տեղափոխել են Սիսիան, այնտեղ վիրահատել են, եւ հրաշքով փրկվել է նրա կյանքը, իսկ իր ներսում գտնվող երեխայի կյանքը չի հաջողվել փրկել: Սիսիանի դատախազության նախկին աշխատակցի խոսքով էլ՝ ինքը Ա. Մ.-ին դեպքից հետո հանդիպել է Սիսիանի դատախազության շենքի մոտ, հարցրել` ինչու չի բողոքում.”Ասաց` ես գործ չունեմ, հազիվ եմ պրծել դրանից”:
Ո՞վ է Ա. Մ.-ն, ի՞նչ է կատարվել իրականում: Կատարվածի շուրջ ,Ժողովուրդե-ը պարզաբանում խնդրեց Գորիսի գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանից:
-Պարո՛ն Ոսկանյան, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը բավական լուրջ հայտարարություններ է անում Սյունիքի նախկին մարզպետի մասին: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ:
-Այսօրվա դրությամբ ամեն մարդ իր համար հայտարարություն է տալիս: Ես չգիտեմ այդպիսի բան, ու նման բան չի էլ եղել: Առհասարակ, Ս. Հարությունյանն իր քաղաքական ձախողումները վերագրում է մարդկային հարաբերություններին, ու էլ չեմ ուզում շարունակել:
-Դուք Գորիսի քաղաքապետն եք, Ձեզանից լավ ո՞վ պետք է իմանար Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի Ա. Մ.-ին:
-Ես չգիտեմ: Ճիշտ է, այդ անսամբլը գիտեմ շատ վաղուց, բայց Ա. Մ. անունով աղջկա ես չգիտեմ:
-Նախկին քաղաքապետը նախկին մարզպետին վարկաբեկելու ի՞նչ խնդիր ունի:
-Ս. Հարությունյանը մինչեւ հիմա բան չէր խոսում ու մեկ էլ տեսնելով, որ միջադեպ է տեղի ունեցել, սկսել է խոսել ու հրահրում է:
-Միգուցե Դո՞ւք եք ցանկանում պաշտպանել մարզպետին: Եթե հակառակն ապացուցվի՞:
-Ես չգիտեմ, այս մասին իրականում առաջին անգամ եմ լսել: Գիտեք, ես վաղը անգամ չգիտեմ, իմ հետեւից էլ այնքան բաներ կասեն, որ ես էլ կզարմանամ՝ այդ մասին լսելով:
-Լավ, եթե այս մասին առաջին անգամ եք լսում, սակայն մարզպետի ու նրա ընտանիքի անդամների կողմից արված հանցագործությունների մասին մամուլը շատ է գրել. ի՞նչ կասեք Ս. Խաչատրյանի եւ նրա եղբայրների կողմից հանցագործություններ կատարելու մասին: Գաղտնիք չէ, որ Ս. Խաչատրյանի եղբայրների՝ Աղալարի ու Հոպոպի անունները կապվել են Սյունիքի մարզում տեղի ունեցած մի շարք խոշոր հանցագործությունների հետ. Գորիսի հանրախանութում երիտասարդ աղջկա բռնաբարության դեպքն ու մի երիտասարդի սպանությունը: Ս. Խաչատրյանի եղբայրների տղաները դանակահարելով սպանել էին մի երիտասարդի իրենց ուսով դիպչելու համար: Դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը մտցրել էին հետանցքն ու վերեւ քաշել:
-Հարգելի՛ս, այնքան բաներ են ասում, ես արդեն գժվել եմ, ո՞նց կարող են նման բաներ լինել, ես չիմանամ: Առաջին անգամ եմ լսում, չեք պատկերացնում, այնքա՜ն բաներ են ասում: Մինչեւ նախապապերն ինձ արդեն հարց են տալիս:
-Գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու մասի՞ն էլ չեք լսել:
-Խնդրում եմ, ես այդպիսի գործերին չեմ խառնվում:
-Ինչո՞ւ, չե՞ք հավատում, որ այս անգամ էլ, կարող է, մեղավորը հենց Ս. Խաչատրյանն է եղել:
-Ես հարգում եմ մարզպետին: Գիտեք, Սովետական միությունից բաներ եկան, եթե մեկի հետ մի դեպք է պատահում, սկսում են ամեն ինչ շարժել՝ սուտ, թե ճիշտ: Ես այդ ամենին չեմ հավատում:
-Ինչո՞ւ չեք հավատում, որ իսկ գուցե վախենո՞ւմ եք այդ մասին խոսել, քանի որ նրա շնորհիվ եք քաղաքապետ դարձել:
-Չեմ հավատում:
-Նախկին մարզպետի հետ հանդիպե՞լ եք, նա ինչպե՞ս է վերաբերում այս խոսակցություններին:
-Այո՛, տեսել եմ Գորիսում: Դե չգիտեմ: Թողե՛ք թող իրավապահներն իրենց աշխատանքը կատարեն: Անկախ ամեն ինչից՝ այս ամենի հետեւանքով մարդ է գնացել, եւ պատկերացրե՛ք մի բան, որ Ձեր պատուհանը կոտրեն, Դուք դա կմոռանա՞ք:
-Դուք նկատե՞լ եք, որ նախկին մարզպետը նախանձել է Ավետիք Բուդաղյանին:
-Նախանձ չկա, լա՛վ էլի:
-Իսկ ի՞նչը կարող էր կրակոցների պատճառ լինել:
-Չգիտեմ:
-Դեպքից հետո Բուդաղյանների ընտանիքի անդամներին այցելե՞լ եք:
-Ո՛չ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 562 համար