Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Այսօր տոն է Արցախի յուրաքանչյուր ընտանիքում, որովհետեւ մեր երկրում դժվար է գտնել մի ընտանիք, որը մասնակից չլիներ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Տոն է մեր ողջ ժողովրդի համար, որովհետեւ Արցախի ազատության ու անկախության կերտմանը մասնակցել են շատ քաջ հայորդիներ աշխարհի տարբեր ծայրերից:
Ես շնորհավորում եմ բոլորիդ եւ հատկապես նրանց, ովքեր օր ու գիշեր հսկում են հայրենի երկրի սահմանները, պաշտպանում հարազատ ժողովրդի անդորրը` հնարավորություն տալով մեզ ապրել ու արարել խաղաղ երկնքի տակ: Դա մեր խիզախ զինվորներն են, սպաներն ու գեներալները, դա մեր հերոսական բանակն է, որը եղել է, կա ու կլինի մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքը, նրա անվտանգության հիմնական երաշխավորը: Հավե~րժ փառք ու պատիվ Արցախի նվիրյալ զավակներին: Թանկագի՛ն բարեկամներ, Այս տոնական օրը մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, հայրենիքի պաշտպաններին` անպարտելի ուժ ու զորություն»: