Հայաստանի զարգացման հիմնադրամի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) աջակցությամբ ստեղծված հայկական 5900BC ապրանքանիշը փետրվարի 23-26-ը Մոսկվայի CPM նորաձևության միջազգային ցուցահանդեսում ներկայացնում է իր երրորդ՝ աշուն/ձմեռ 2016-2017 հավաքածուն։ Մեկ միասնական ապրանքանիշի ներքո ներկայացված հագուստ արտադրող հայկական 8 ձեռնարկությունների երրորդ հավաքածուն Collection Premiere Moscow ցուցահանդեսին ներկայացված է Winter charm («Ձմեռային հմայք») խորագրի ներքո:Մոսկովյան CPM ցուցահանդեսում սպասվող ավելի քան 17 000 այցելուների մեծամասնությունը կազմելու են նորաձև հագուստի արտադրության և վաճառքի ոլորտները ներկայացնող մասնագետներ:
«Կարճ ժամանակամիջոցում ծրագրի աշխատանքային խումբը մեծ աշխատանք է կատարել՝ մշակել և ստեղծել է բարձրորակ հագուստի երեք հավաքածու, որոնք ներկայացվել են տարբեր միջազգային ցուցահանդեսներում, ձեռք են բերվել գործնական կապեր ռուսական նորաձևության խոշորագույն արտադրողների և իրացնողների հետ:Ապրանքանիշն արդեն մրցունակ է, որի մասին վկայում են միջազգային խոշոր ցանցերի առաջարկները՝ արտադրանքի արտահանման վերաբերյալ»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։
Նախորդ ցուցահանդեսների արդյունքում հայկական ապրանքանիշի մի շարք նմուշներ ձեռք բերելու նպատակով բանակցություններ են ընթանում 8 միջազգային խոշոր կազմակերպությունների և առևտրային ցանցերի հետ։ Քննարկվում են տասնյակ արտադրատեսակների արտահանման պատվերներ, որոնց արժեքները գերազանցում են մի քանի միլիոն դոլարը։
5900 BC ապրանքանիշն ստեղծվել է հայ և իտալացի փորձագետների համատեղ ստեղծագործական աշխատանքի շնորհիվ, UNIDO-ի աջակցությամբ։ Ապրանքանիշի անվանումը խորհրդանշական է՝ պայմանավորված աշխարհում գտածո ամենահին հագուստներից մեկով, 5900 տարի առաջ ստեղծված շրջազգեստով, որը հայտնաբերվել է Հայաստանի Արենի համայնքում։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն