Չնայած խոստումներին` դատախազությունն արդեն արձանագրել է պարտակման էլեմենտներ. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների օրը, արձանագրված ընտրախախտումների դեպքով հարուցված քրեական գործերին, ասաց, որ պատկերը գոհացուցիչ չէ:

«Ժողովուրդ»-ը 2016 թվականի փետրվարի 9-ին գրել էր, որ 2015 թվականին տեղի ունեցած ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրն արձանագրված ընտրախախտումներով հարուցված քրեական գործերը պատուհաս են դարձել հայրենի իրավապահների համար: Մինչ օրս դատարան ուղարկված քր. գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արձանագրված ընտրախախտումների ողջ բեռը ջարդվում է շարքային քաղաքացիների գլխին, իսկ «խոշոր ձկները» մնում են անպատիժ:

Ինչպես հայտնի է, հանրաքվեի օրն արձանագրված խախտումների մասով Լեւոն Զուրաբյանը բազում փաստեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը: «Ժողովուրդ»-ն այդ գործերի քննության ընթացքի մասին զրուցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:

-Պարո՛ն Զուրաբյան, դեկտեմբերի 6-ի ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո հարուցված քրեական գործերը ջարդվում են շարքային քաղաքացիների գլխին, հետեւո՞ւմ եք, թե ինչ է կատարվում:

-Իհարկե, հետեւում ենք, ավելին ասեմ՝ մենք 100-ից ավելի հաղորդում ենք ուղարկել դատախազություն, ստանում ենք պատասխանները, հետեւում ենք այդ գործընթացին: Ասեմ, որ այն գոհացուցիչ չէ, ըստ էության, փորձում են բոլոր գործերը այնպես հետաքննել, որ իբր այստեղ կազմակերպվածության մասին խոսք չկա, որ առանձին քաղաքացիների ցանկությունն է եղել ընտրությունները կեղծելը: Ընդհանուր գնահատական տալը դեռ վաղ ենք համարում, քանի որ շատ գործեր ընթացքի մեջ են, բայց ինչ-որ պահի, երբ պատկերը ամբողջական կլինի, մենք ավելի խիստ գնահատական կտանք: Այո՛, այս պահին տպավորությունն այնպիսին է, որ չնայած անցյալում տված խոստումներին, երաշխիքներին՝ դատախազությունը, այնուամենայնիվ, արդեն արձանագրել է իր գործողությունների մեջ պարտակման էլեմենտներ:

-ՀՔԾ-ում են քննվում նաեւ Ձեր կողմից ներկայացված 5 դիմումները, օրինակ՝ Արաբկիրի 5/38 ընտրատեղամասի արձանագրության բնօրինակը, որտեղ ստորագրված, կնքված է, որ «այո»-ն ստացել է 343 քվեաթերթիկ, իսկ «ոչ»-ը՝ 421: Իսկ նույն տեղամասից ստացված եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներում «այո»-ն 343-ի փոխարեն գրված է 1155, իսկ «ոչ»-ի 421-ի փոխարեն՝ 92: Քանի որ Դուք իրավապահների գործողություններում պարտակման էլեմենտեր եք տեսնում, փորձե՞լ եք հասկանալ, թե որտեղ է «շան գլուխը» թաղված: ԿԸՀ-ո՞ւմ են թվերը փոխել, թե՞ հանձնաժողովին վերեւներից հատուկ հրահանգ է եղել:

-Մենք դեռ սպասում ենք, քանի որ կան դեռ քննչական գործողություններ, որոնք պետք է արվեն: Մենք հիմա չենք էլ ցանկանում ո՛չ անհամբերությում դրսեւորել, ո՛չ էլ միջամտել այդ գործընթացին, դրա իրավունքն էլ չունենք: Բայց, բնականաբար, երբ ժամանակ գա, որոշումներն ընդունվեն, մենք մեր արձագանքը կտանք:

-Հաշվի առնելով այն իրողությունը, թե ովքեր են կանգնում դատարանի առջեւ, Դուք չե՞ք ցանկանում ինքներդ Ձեզ համար պարզել՝ ո՞վ է կանգնած այս աղմկահարույց գործերի հիմքում:

-Տեղամասում մեր վստահված անձը ստացել է արձանագրությունը և վերջնական փաստաթուղթը բերել է մեզ, հետո է տեղի ունեցել այդ արձանագրության կեղծում: Այդ կեղծման գործընթացին մենք ներկայացուցիչ չենք ունեցել, որ կարողանանք ասել, թե դա ինչպես է տեղի ունեցել, դա եղել է տեղամասո՞ւմ, ճանապարհի՞ն, թե՞ կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Դրանք բաներ են, որ մենք չեն կարող հետաքննել, բա ինչի՞ համար են դատախազությունը, քննիչները:

-Քանի որ առջեւում 2017 խոհրդարանական ընտրություններն են, արդեն ենթադրվում է, որ քննիչներն այս գործերը «ծածկադմփոց» կանեն: Ի՞նչ եք անելու այդ դեպքում:

-Էստեղ իրենք պետք է պատասխանը տան, ինչքան էլ փորձեն պարտակել: Էլի կարող են գտնել մի Մատրոսովի, Կամիկաձեի, որը իր վրա կվերցնի եւ կասի՝ ինքն է կեղծել ու տարել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց այստեղ կնիքներ, ստորագրություններ կան: Այսինքն՝ նրանք, ովքեր ստորագրել ու կնքել են, ներգրավված են եղել այդ հանցագործության մեջ: Հիմա ինչ ելք կգտնեն, կտեսնենք, բնականաբար հետեւելու ենք:

-Հետեւեցիք, արձանագրեցիք, հաջորդ քայլը ո՞րն է լինելու:

-Որտեղ հիմքեր ունենք, դիմելու ենք դատարան: Չենք լռի:

Մանրամասները`Armlur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս