Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, ՀՀ ոստիկանությունը տեղեկացրեց, որ որոշել է 2012թ. հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավել Աշոտ Սուքիասյանին: Ու քանի որ ադամանդագործի գտնվելու վայրն անհայտ է, ուստի նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի` խարդախության հատկանիշներով միանգամից երեք հոդվածներով, եւ հենց նա է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ համատեղ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը: Զարմանալի զուգադիպությամբ երեկ՝ կեսգիշերին, Սուքիասյանը «հայտնվեց» ու «Հետք»-ին փոխանցեց իր նամակը՝ տեղեկացնելով. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ, եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»: Գրեթե նույն խոսքերն են, ինչ սկանդալային բացահայտումից հետո ասում էր Տ. Սարգսյանը: Ու կարծես թե ուրվագծվում է այն սցենարը, որով փորձ է արվելու «ջրել» այս գործը: Ըստ ամենայնի, Սուքիասյանը կդառնա քավության նոխազ, իսկ Տ. Սարգսյանը՝ խաբեության զոհ: Բայց տուժողը կմնա իրականում ունեզրկված Փայլակ Հայրապետյանը:
ՆՈԽԱԶԸ ՀԱՅՏՆԻ Է. ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ