Apple կորպորացիայի հիմնադիր Ստիվ Ջոբսն այսօր կդառնար 61 տարեկան (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1955 թվականի փետրվարի 24-ին է ծնվել ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էյփլ (Apple) կորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ստիվ Ջոբսը:

Ջոբսի մայրը` Ջոան Քերոլ Շիբլը, իր մեկ շաբաթական որդուն հանձնել է դաստիարակության Փոլ և Կլարա Ջոբսերի ընտանիքին: Դպրոցում տղան հետաքրքրվում էր էլեկտրական սարքավորումներով: Հենց դպրոցում էլ նա ծանոթացել է իր ապագա գործընկերոջ` Ստիվ Վոզնյակի հետ: Դպրոցն ավարտելուց հետո`1972թ., Ստիվ Ջոբսն ընդունվում է Օրեգոն նահանգի Ռիդի քոլեջը, սակայն առաջին կիսամյակից հետո ինքնակամ դուրս է գալիս:

stiv-dgobs-odegda

Որոշ ժամանակ անց նա սկսում է վայելչագրության կուրսերի հաճախել, ինչի շնորհիվ հետագայում Mac OS համակարգը վերազինում է տառաչափերի մեծացման հնարավորությամբ: Այնուհետև Ջոբսն սկսում է աշխատել համակարգչային խաղեր մշակող Atari ընկերությունում:

1976 թվականին Ջոբսն իր դպրոցական ընկերոջ` Ստիվ Վոզնյակի հետ հիմնադրում է Apple ընկերությունը, որն զբաղվում է սեփական դիզայնի և նախագծի հիման վրա համակարգիչների արտադրությամբ: Apple-ի նորույթների հիմնական մշակողը Վոզնյակն էր, իսկ Ջոբսն զբաղվում էր մարքետինգային հարցերով:

jobs

Ստիվ Ջոբսի և Ստիվ Վոզնյակի առաջին անձնական համակարգիչը Apple I-ն էր, որն արժեր 666 դոլար 66 ցենտ: Apple I-ն ու ավելի ուշ թողարկված Apple II-ն իրենց ստեղծողներին մեծ հաջողություն բերեցին: IPO-ով բորսա դուրս գալուց հետո` 1980 թվականին, Ջոբսը դարձավ միլիոնատեր:

1985 թվականին՝ ընկերության նախագահների խորհրդի հետ պայքարում իշխանությունը կորցնելուց հետո, Ջոբսը հեռացավ ընկերությունից և հիմնադրեց համակարգչային NeXT ընկերությունը: 12 տարի անց նա վերադարձավ Apple` որպես ժամանակավոր գործադիր տնօրեն: 1997-ին նա միացրեց ընկերությունները:

jobsnew_1980127c

Վերջին տասնամյակում iPod նվագարկիչների, iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների շնորհիվ ընկերությունը կարողացավ արագորեն ընդլայնել ազդեցության գոտիները: Տեխնոլոգիական նորույթները թողարկման պահից մինչ օրս չեն դադարում վաճառքի նորանոր ռեկորդներ սահմանել:

1986 թվականին Ջոբսը դարձավ The Graphics Group ընկերության սեփականատերը: Ընկերությունն այնուհետև անվանվեց Pixar: Շուտով նա ձեռք բերեց նաև Lucasfilm կինոստուդիան` դրա համար վճարելով 5 միլիոն դոլար` չնայած այն կրկնակի թանկ էր գնահատվում:

1000509261001_1822941199001_BIO-Biography-31-Innovators-Steve-Jobs-115958-SF

Ստիվ Ջոբսի ղեկավարման օրոք Pixar-ը թողակել է այնպիսի մուլֆիլմեր, ինչպիսիք են «Խաղալիքների պատմությունը» և «Հրեշների կորպորացիան»: 2006 թվականին Pixar-ի բաժնետոմսերը 7,4 միլիարդ դոլարով գնեց Walt Disney-ը: Ջոբսը մնաց Disney-ի տնօրենների խորհրդում:

Նա դարձավ ընկերության ամենամեծ բաժնետեր-ֆիզիկական անձը`ստանալով ստուդիայի բաժնետոմսերի 7%-ը: Հարկ է նշել, որ Apple-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում գործադիր տնօրենի՝ աշխարհում ամենահամեստ վարձատրությամբ:

Ջոբսի աշխատավարձը պաշտոնապես սահմանված էր տարեկան 1 դոլար: Որպես խրախուսանք` Ջոբսը Apple-ից ստացել է 43,5 միլիոն դոլար արժողությամբ Gulfstream օդանավը: Օդանավի բոլոր ծախսերն ընկերությունն իր վրա էր վերցրել:

stiv-jobs

2003 թվականի աշնանը Ստիվ Ջոբսի որովայնի հետազոտման ժամանակ բժիշկները հայտնաբերեցին ենթաստամոքսային գեղձի ուռուցք, որը ենթակա էր վիրահատության: 2009 թվականին Ջոբսը Շվեյցարիայում ենթարկվեց լյարդի փոխպատվաստման: 2011 թվականի հունվարի 17-ին ընկերության գործադիր տնօրենն առողջական խնդիրների պատճառով հերթական արձակուրդը վերցրեց:

Oգոստոսին Ջոբսը հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին: 2011թ. հոկտեմբերի 5-ին կյանքի 56-րդ տարում մահացավ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը: Աշխարհի մեծագույն գործարարներից մեկին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել քաղցկեղը, որը տարիներ շարունակ հյուծել էր նրա օրգանիզմը:

«Այն միտքը, որ շուտով կյանքից հեռանալու եմ, ամենակարևոր գործիքներից է, որ օգտագործել եմ իմ կյանքի ամենակարևոր որոշումները կայացնելիս, որովհետև փաստացիորեն ամեն ինչ՝ բոլոր սպասումները, հպարտությունը, խայտառակության կամ անհաջողության վախը, խամրում են մահվան առջև՝ թողնելով միայն այն, ինչն իսկապես կարևոր է: Վաղ թե ուշ կյանքից հեռանալու մասին հիշելը ինձ հայտնի լավագույն միջոցն է չտրվելու այն պատրանքին, թե դու կորցնելու բան ունես: Դու արդեն անզեն ես, սրտի ձայնին չհետևելու պատճառ չունես:

Համարյա 1 տարի առաջ ինձ մոտ քաղցկեղ ախտորոշեցին: Առավոտյան 7:30-ին ռենտգեն արեցին, և այն հստակ ցույց տվեց, որ ես ենթաստամոքսային գեղձի ուռուցք ունեմ: Ես նույնիսկ չգիտեի՝ ինչ է ենթաստամոքսային գեղձը: Բժիշկներն ասացին, որ գրեթե կասկած չկա, որ քաղցկեղի այդ տեսակն անբուժելի է, և ինձ մնացել է ոչ ավելի, քան 3-6 ամսվա կյանք: Բժիշկս խորհուրդ տվեց գնալ տուն ու գործերս կարգի բերել, որ բժշկական լեզվով ասած՝ նշանակում է պատրաստվել մահվան: Դա նշանակում է մի քանի ամսվա ընթացքում փորձել ասել երեխաներիդ այն ամենը, ինչ մտածում էիր պատմել նրանց հաջորդ 10 տարիների ընթացքում. դա նշանակում է ամեն ինչ այնպես անել, որը նտանիքիդ համար հնարավորինս հեշտ լինի. դա նշանակում է բոլորին ասել՝ մնաք բարով:

Ես այդ ախտորոշումով ամբողջ օրն ապրեցի: Ավելի ուշ՝ երեկոյան, բիոպսիա կատարեցի, կոկորդովս ու ստամոքսովս էնդոսկոպ անցկացրին ենթաստամոքսային գեղձիս մեջ և ուռուցքից մի քանի հյուսվածք վերցրին: Ես անգիտակից վիճակում էի, բայց կինս, որ այնտեղ էր, պատմեց՝ երբ բժիշկները մանրադիտակի տակ ուսումնասիրեցին հյուսվածքները, թեթևացած շունչ քաշեցին. պարզվում է՝ ինձ մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հազվագյուտ տեսակ է, որը կարելի է բուժել վիրահատության միջոցով: Ինձ վիրահատեցին, և ես հիմա լավ եմ:

steve-jobs-pic

Այդ օրը ես շատ մոտ էի մահվանը և հուսով եմ, որ ավելի մոտ դեռ մի քանի տասնամյակ էլ չեմ լինի: Այդ ամենի միջով անցնելով՝ ավելի քան վստահ կարող եմ ասել, որ մահն օգտակար, բայց բացառապես մտավոր հասկացություն է: Ոչ ոք չի ուզում մահանալ: Նույնիսկ նրանք, ովքեր ուզում են հայտնվել երկնքում, չեն ուզում մեռնել, որպեսզի այնտեղ ընկնեն: Եվ, այնուամենայնիվ, մահը մեր բոլորիս վերջնակետն է: Ոչոքի չի հաջողվել փախչել դրանից: Այդպես էլ պետք է լիներ. մահը, գուցե, Կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն Կյանքի փոփոխությունների գործակալն է. նա դուրս է մղում հինը՝ տեղ բացելով նորի համար: Հիմա նորը դուք եք, բայց շատ շուտով կգա այն պահը, երբ դուք կդառնաք հին, ու ձեզնից կազատվեն: Կներե՛ք, որ դա այդպես ողբերգական է հնչում, բայց դա է ճշմարտությունը:

Ձեր ժամանակը սահմանափակ է. մի՛ վատնեք այն՝ մեկ ուրիշի կյանքն ապրելով: Մի՛ ընկեք պարտադրանքների ցանցը. մի՛ ապրեք այլոց մտքերի արգասիքներով. թույլ մի՛ տվեք, որ այլոց կարծիքների աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը, ձեր սրտին ու ներքին ձայնին հետևելու արիությո՛ւն ունեցեք: Հե՛նց նրանք է, որ գիտեն՝ ինչ եք իրականում ուզում դառնալ:Մնացածը երկրորդական է:

Երբ երիտասարդ էի, մի այսպիսի հրաշալի պարբերական կար՝ «Ողջ երկրագնդի տեղեկագիր». դա իմ սերնդի աստվածաշունչներից մեկն էր: Այն ստեղծել էր Ստյուարտ Բրենդ անունով մի մարդ, ով ապրում էր այստեղից ոչ հեռու ՝ Մենլո Պարկում, և նա հոգով էր մոտեցել այդ գործին: 60-ականների վերջում էր՝ մինչ անձնական համակարգիչների ու սեղանի հրատարակությունների հայտնվելը, այդ պատճառով ամեն ինչ կատարվում էր գրամեքենաների, մկրատների ու ֆոտոխցիկների միջոցով: Դա Գուգլի պես մի բան էր, ուղղակի թղթի վրա՝ Գուգլի հայտնվելուց 35 տարի առաջ. ինչ-որ իդեալիստական բան էր՝ բացառիկ գործիքներով ու հիանալի գաղափարներով լի:

Steve-Jobs-Apple-todestag-35.0.0

Ստյուարտն ու իր թիմը «Տեղեկագրի» մի քանի համար թողարկեցին, իսկ հետո, երբ եկավ առաջ շարժվելու ժամանակը, թողարկվեց վերջնական տարբերակը: 70-ականների կեսերին էր. ես մոտավորապես ձեր տարիքին էի: Վերջին համարի շապիկի դարձերեսին առավոտյան արված մի լուսանկար էր՝ քաղաքից դուրս ինչ-որ փողոցի, որով կարող էիք ճամփորդության մեկնել, եթե բավականին համարձակ լինեիք: Լուսանկարի տակ գրված էր՝ «Մնա՛ քաղցած, մնա՛ անխոհեմ»: Դա նրանց հրաժեշտի հաղորդագրությունն էր բաժանումից առաջ: Մնա՛ քաղցած: Մնա՛ անխոհեմ: Ու ես միշտ այդ էի մաղթում ինձ: Եվ հիմա, երբ դուք ավարտում եք համալսարանը՝ ձեր ուղին սկսելու համար, ձեզ նույնպես այդ եմ մաղթում:
Մնացե՛ք քաղցած: Մնացե՛ք անխոհեմ»:




Լրահոս