ՀՀ գործող իշխանությունները հետեւողականորեն փորձում են մեր երկրում ոչնչացնել ազատամարտիկի օրինակելի տեսակը՝ նրանց դարձնելով կա՛մ ծաղրի, կա՛մ խղճմտանքի առարկա: Ու սա այն դեպքում, երբ ինքը՝ Սերժ Սարգսյանը, իրեն համարում է «կռված տղերքից մեկը»:
Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում «կռված տղերքի» գաղափարի կոտրումը: Նախ նրանց կամաց-կամաց դուրս մղեցին պետական գրեթե բոլոր օղակներից (որոշ անէական բացառություններով), ապա թուլացրին նրանց ազդեցությունը կյանքում՝ նույն պետական լծակներով, ինչի արդյունքում ազատամարտիկների ճնշող մեծամասնությունն այսօր քաղցած օր է մաշեցնում՝ չունենալով հնարավորություն անգամ վճարելու հիվանդանոցներին անհրաժեշտ գումարները: Իսկ նրանք, ովքեր շարունակեցին տարբեր պատճառներով ու նպատակներով մնալ գործող ռեժիմի կողքին, հաճախ դառնում են ծաղրի առարկա:
Ու զավեշտն այն աստիճանի է հասել, որ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը երեկ ԱԺ-ում ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը: Մարդ, որը պարզապես չի ծառայել հայոց բանակում եւ հավանաբար չգտի նաեւ ազատամարտիկի ու զինծառայողի արժեքը: Ս. Ֆարմանյանը, որ նախ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, ապա դարձավ ՄԻԱԿ քարտուղար (սակայն խնամքով թաքցնում է այս փաստը), իսկ հիմա էլ ՀՀԿ-ական է, այս կյանքում ունի ընդամենը մեկ «արժանիք». Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմն է: Ու այս փաստն արդեն բավական է, որ նա ԱԺ-ում ոտք գցի պատերազմի բովով անցած գեներալներ Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի հետ՝ համատեղ նախագիծ ներկայացնելով: Թեեւ վստահ ենք, որ նա նախագծի մանրամասներին ու նրբություններին չի էլ տիրապետում:
Երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը Ֆարմանյանից փորձեց պարզել, թե ինչու է նախագծի համահեղինակը, երբ անգամ բանակում չի ծառայել, նա պատասխանեց. «Առաջարկություն է արվել, ես համաձայնել եմ, մասնակցել եմ աշխատանքներին եւ շատ ուրախ եմ դրա համար»: Դե իհարկե:
Հ.Գ. Ավելորդ չէ հիշեցնել, որ 2002թ., երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Ռուբեն Գեւորգյանն առաջարկել էին ազատամարտիկներին կարգավիճակ տալ եւ ՀՀ պետբյուջեով նախատեսել 300 մլն դրամ (ազատամարտիկների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման եւ զոհվածների ընտանիքներին բնակարանների ձեռքբերման համար), նրանց առաջարկը ո՛չ գործադիրում, ո՛չ էլ խորհրդարանում հավանության չէր արժանացել: Ու երբ դեմ էին քվեարկել օրենքի նախագծին, 3-ն էլ հեռացվել էին ՀՀԿ-ից: Մի՞թե հնարավոր չէր այս գիտակցությունն ունենալ 11 տարի առաջ:
ԵՐԲ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ Է ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ