2013-ի ապրիլի 2-ի առավոտյան գյուղապետարանի դիմաց սպանված Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահից հետո ՀՀ կառավարության որոշմամբ Պռոշյանում նշանակված գյուղապետի պաշտոնակատարը ստիպված եղավ նահանջել: Ինչպես հայտնի է, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշմամբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) էր նշանակվել ավագանու նախկին անդամ, անկուսակցական Արմենուհի Մելիքյանը, որին, սակայն, գյուղի բնակիչները թույլ չտվեցին մտնել գյուղապետարան: Ա. Մելիքյանն էլ, գյուղացիներին «բոլորդ թուրքեր եք» անվանելով, հեռացել էր՝ հրաժարվելով պաշտոնակատարի պարտականություններից: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ գյուղն ունի համայնքի ղեկավարի նոր ԺՊ: Վերջինս սպանված գյուղապետի օգնական Վրեժ Մնացականյանն է: «Առանց որեւէ մեկի ներկայացնելու Վրեժ Մնացականյանն է եկել աշխատանքի եւ անցել է իր պարտականություններին: Ամեն ինչ այս պահի դրությամբ նորմալ է, եւ գյուղացիների կողմից որեւէ դժգոհություն չեղավ»,-«Ժողովուրդ»-ին հայտնեց գյուղի ավագանու անդամ Մովսես Հակոբյանը: Հավելենք, որ պռոշյանցիները նոր գյուղապետ կընտրեն հուլիսի 14-ին:
ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ