«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը երեկ դարձավ Հայաստանի մարդու իրավունքների չորրորդ պաշտպանը: Թաթոյանը 35 տարեկան է: Նախկին` փոխնախարարի պաշտոնում նա համակարգել է խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային չափանիշների ներդրումը Հայաստանում, ԵԽ եւ ՄԱԿ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեների հետ հարաբերություններում եղել է ՀՀ ներկայացուցիչը, համակարգել է քրեական եւ քրեադատավարական օրենսդրության բարեփոխման հետ կապված հարցերը եւ այսպես շարունակ:
Այսինքն` նա մինչ այս էլ ի պաշտոնե կարող էր աչքի ընկնել մարդու իրավունքների պաշտպանության ազնիվ մղումներով, բայց դա տեղի չի ունեցել: Ու այն փաստը, որ Թաթոյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվեց ՄԻՊ պաշտոնում, արդեն իսկ վկայում է այն մասին, որ իշխանական շրջանակներում նրանից վտանգ չեն տեսնում, այսինքն՝ համոզված են, որ նա հետեւողական եւ սկզբունքային պաշտոնյա չէ ու չի կարող լինել` ավելորդ խնդիրներ չառաջացնելով: Սակայն նրա նախորդներն էլ, մինչեւ ՄԻՊ դառնալը, առանձնապես սկզբունքային եւ հետեւողական անձերի համարում չեն ունեցել, բայց ինչ-որ պահից հետո բոլոր երեքն էլ սկսել են հակասությունների մեջ մտնել իշխանությունների հետ եւ, ի վերջո, ժամանակից շուտ հեռանալ զբաղեցրած պաշտոններից:
Նկատենք, որ ի տարբերություն նախորդ ՄԻՊ-երի` Լարիսա Ալավերդյան, Արմեն Հարությունյան եւ Կարեն Անդրեասյան, Արման Թաթոյանի օգտին քվեարկող եղան նաեւ ընդդիմադիր պատգամավորներ: Թաթոյանը ընտրվեց 96 կողմ, 7 դեմ ձայներով: Ընդդիմադիրները համոզված են, որ նոր օմբուդսմենը նախորդների պես վաղ թե ուշ իշխանությունների հետ հակասությունների մեջ է մտնելու եւ սկսելու է իր գործառույթները պատշաճ կատարել, այդ ժամանակ իրենք հնարավորություն կունենան նրան քաղաքական աջակցություն ցուցաբերել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: