Արամ Հարությունյանը պարտքեր է կուտակում, Կառավարությունը՝ մարում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին ավելի քան 610 մլն դրամ կհատկացնի: Բանն այն է, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ոռոգման ծառայություններ մատուցող ջրօգտագործողների ընկերություններում առաջացել են էլեկտրաէներգիայի գծով եւ «Սեւան-Հրազդանյան ջրառ», «Ախուրյան-Արաքս» ՓԲԸ-ի կողմից մատակարարված  ոռոգման ջրի դիմաց կրեդիտորական պարտավորություններ:

Ըստ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի՝ վերը նշված պարտքերի վճարումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով:

Այսինքն՝ ջրօգտագործողների ընկերությունների փոխարեն եւ նրանց անունից կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Սեւան-Հրազդանյան-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-երին համապատասխանաբար էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտավորությունների դիմաց կվճարի մոտ 610 մլն դրամ: Նշված գումարից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց կվճարվի ավելի քան 609 մլն դրամ: Իսկ «Սեւան-Հրազդանյան-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-երին ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու նպատակով կվճարվի 1.5 մլն դրամ:

Նշենք, որ այս նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կողմից:

Այստեղ ակնհայտ է, որ կոռուպցիոն մեծ ռիսկեր կան, որովհետեւ ոչ մի ձեւ չկա վերահսկելու, պարզելու, թե ինչպես են կարողանում ՋՕԸ-երը պարտքեր կուտակել: Չէ՞ որ հատկապես վերջին տարիներին, գարնան, ամռան եւ աշնան ամիսներին Արարատի, Արմավիրի մարզերի գյուղացիները բողոքում են ջուր չլինելուց: Բոլորին է հայտնի, որ ՋՕԸ-երի ղեկավարները պարտադրում են գյուղացիներին վճարել իրենց ծառայության դիմաց վարձավճարները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս