«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն աշխատակազմ է հավաքում Մոսկվայում, եւ բնական է, որ իր հայաստանյան թիմի ներկայացուցիչներից ոմանք կհայտնվեն այնտեղ։ Այս սպասելիքների ներքո են, թերեւս, «Արդշինինվեստբանկում» խոսակցություններ տարածվում ֆինանսական տնօրեն, ֆինանսների նախկին նախարար, Տիգրան Սարգսյանի սանիկ Դավիթ Սարգսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին։ Բանկում ասում են, որ նա ճամպրուկային տրամադրություն ունի եւ պատրաստվում է նոր գործի գնալ՝ մի քանի հազար եվրոյին համարժեք աշխատավարձով։ Հայտնի է, որ Դավիթ Սարգսյանը ՀՀ «օֆշորային» վարչապետի սիրելի կադրերից էր։
Նա ոչ ինքնուրույն էր, ոչ էլ նախաձեռնող։ ԱԺ-ում կամ կառավարությունում ոչ մի վառ ելույթով աչքի չի ընկել եւ հայտնի էր հարցին հարցով պատասխանելու եւ լրագրողներին «ցրելու արվեստով»։ Անգամ Տիգրան Սարգսյանի թիմակիցներն էին նկատել, թե ինչ աստիճանի էր նախկին ֆինանսների նախարարը կախյալ Տիգրան Սարգսյանից, որ առանց նրա ընդունակ չէր որեւէ որոշում կայացնել։ Այս հնազանդությունն առատորեն փոխհատուցվում էր։ Դավիթ Սարգսյանի կինը՝ Փիրուզ Սարգսյանը, ֆինանսական հաշտարար է աշխատում եւ այս պաշտոնում աչքի ընկավ իր ստացած հղիության նպաստի՝ «դեկրետի» սկանդալային չափով՝ 20 մլն. դրամով։ Իսկ Դավիթ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունից հետո տաքուկ տեղավորվեց «Արդշինինվեստբանկում»։ Այնպես որ, ընտանիքը բարգավաճում է։ Ասում են՝ Դիլիջանում մոտ 300 մլն. դոլարանոց տարածք եւ առանձնատուն ունի, ու ՖԲ-ում երջանիկ նկարներ են տեղադրում՝ խոտերի մեջ պառկած։ Լուրերի իսկությունը փորձեցինք ստուգել հենց «Արդշինինվեստբանկի» ֆինանսական տնօրենից։ Նա հերքեց, որ բարձր աշխատավարձով պատրաստվում է տեղափոխվել Տիգրան Սարգսյանի մոտ՝ ԵՏՄ կառույցներ աշխատելու։
Իսկ Դիլիջանի առանձնատան մասին ասաց․ «Այո, ես Դիլիջանում ունեմ առանձնատուն, որի արժեքն այդքան չէ, ավելի քիչ է, բայց ամեն ինչ հայտարարագրված է»։ Կուզեինք հավատալ նախկին ֆիննախարարին, եւ լավ կլիներ, որ նա մնար մասնավոր բանկում, չտեղափոխվեր պետական կառույց։ Համ էլ, մեղք չէ՞ մեր նախկին վարչապետը, ինչքա՞ն կարող է նա իրեն շրջապատել մարդկանցով, որոնց փոխարեն պետք է ինքը գործ անի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: