Օրերս Թուրքիայում ոստիկանները կրկին դիմել են ոչ իրավաչափ գործողությունների՝ փորձելով բռնի ուժով ցրել Գեզի այգում վրանած ցուցարարներին: Բախման հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել՝ շուրջ 5 հազար մարդ, ձերբակալվածների թիվն անցնում է հարյուրը: Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ միայն ոստիկանությունն ի վիճակի չէ հանդարտեցնել ցուցարարներին: Փոխարտգործնախարար Բյուլենթ Առինչը հեռուստաեթերում հայտարարել է, որ իշխանությունները ստիպված են բանակը դուրս բերել ակտիվիստների դեմ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաները ճնշելու համար: Հիշեցնենք, որ այս ամենը սկսվեց Գեզի այգու ծառահատման դեմ ակտիվիստների խաղաղ ցույցից, որը բողոքի հզոր ալիք ստացավ հանրահավաքները ցրելու ոստիկանների անհաջող փորձերից հետո միայն:
ՀԱՐՑ. Ի՞նչ գնահատական կտաք թուրքական իշխանությունների գործողություններին, որոնք փորձում են բանակի ուժի գործադրմամբ ծնկի բերել երկրում մոլեգնող բողոքի ակցիաները: Արդյո՞ք դա չի դառնա մարտի մեկ թուրք ժողովրդի համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ հաստատ համոզմամբ՝ Թուրքիայում մարտի 1-ն արդեն եղել է. 4 սպանված, հազարավոր վիրավորներ… Կարծում եմ՝ իրենց մարտի 2-ն է տարբեր լինելու:
գրող
ՊԱՏԱՍԽԱՆ. Մարտի մեկ արդեն եղել է մի քանի անգամ, ոստիկանությունը քանիցս ջարդել է ցուցարարներին: Բանակը ժողովրդի դեմ հանելն իր մեջ խնդիրներ է պարունակում, քանի որ վերջինս 100-տոկոսանոց վստահելի ուժ չէ, ու կարող է՝ դրա որոշ հատվածներ դուրս գան հենց իշխանության դեմ: Ամեն դեպքում, Էրդողանն անելու է ամեն ինչ, որպեսզի հետքայլ չանի ու հաղթած դուրս գա, նույնիսկ եթե դա լինի տասնյակ մարդկանց մահվան գնով: Կարծում եմ՝ կառավարության նահանջելու ժամանակն է, որպեսզի մեղմվի իրավիճակը: Գյուլն ու Արընչը ճիշտ քայլեր են կատարում, սակայն Էրդողանը կողի է ընկել ու իրենն է պնդում… Ամեն դեպքում, ԱԶԿ-ի իշխանությունը չի սասանվում, սակայն Էրդողանը գնալով կորցնում է իր վարկանիշը:
Բարդ է կանխատեսել իրավիճակը, քանի որ զարգացումները կախված են մեկ անձի քմահաճույքներից: Նշեմ, որ հայ համայնքի համար ձեռնտու է, որ ԱԶԿ-ն մնա իշխանության գլխին, հնարավոր է՝ անգամ առանց Էրդողանի, քանի որ քաղաքական այլընտրանքը քեմալիստ-ազգայնականներն են:
թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ