ԲՈՒԺԶՆՆՈՒՄ «ԼԻՎԵՐՊՈՒԼ»-ՈՒՄ
Կարելի է ասել՝ ամեն ժամ նոր տեղեկություններ են տարածվում հայտնի ֆուտբոլիստների` այս կամ այն ակումբ տեղափոխվելու վերաբերյալ: Մեզ, բնական է, հետաքրքրում է առաջին հերթին հայ ֆուտբոլիստների ճակատագիրը:
Ինչպես արդեն գրել էինք, Դոնեցկի «Շախտյոր»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլ»-ը: Եվ ահա, ինչպես հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, հղում անելով Դոնեցկի «Շախտյոր»-ում սեփական աղբյուրներին, հայ ֆուտբոլիստն առաջիկա երկու օրերին բուժզննում կանցնի «Լիվերպուլ»-ում: Մխիթարյանը շտապ կմեկնի Անգլիա, պայմանագիրը կկնքվի այս շաբաթ, իսկ տրանսֆերի գումարը կկազմի մոտ 30 միլիոն եվրո։
Բրիտանական «Bleacher Report» պարբերականն էլ գրում է, որ Հենրիխը հրաշալի արագություն եւ խաղարկողի որակներ ունի ու կարող է դառնալ «Լիվերպուլ»-ի դասական 10 համարը: Ապա լրատվամիջոցը հավելում է. «Եթե «Լիվերպուլ»-ը չվաճառի Լուիս Սուարեսին եւ գնի Հենրիխ Մխիթարյանին, ապա այդ զույգը կարող է ճակատագրական լինել մրցակիցների համար: Մխիթարյանը շատ է տեղաշարժվում խաղադաշտում, մշտապես ազատ գոտիներ է ստեղծում խաղընկերների համար: Եթե գործարքը կայանա, ապա «Լիվերպուլ»-ը կհամալրվի երիտասարդ եւ տաղանդավոր հարձակողական խաղացողով, որը հսկայական օգուտ կբերի թիմին»:
Իսկ ահա Հայաստանի առաջնության առաջատար խաղացողներից մեկը` Կապանի «Գանձասար»-ի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, մեկնել է Հունգարիա, որտեղ փորձաշրջան է անցնելու «Պեշ» թիմում: Այդ թիմը ելույթ է ունենում Հունգարիայի բարձրագույն խմբում: Նախորդ մրցաշրջանի արդյունքներով թիմը մրցաշարային աղյուսակում 16 ակումբների մեջ 37 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Սպասվում է, որ Դաշյանի՝ Հունգարիայում կարիերան շարունակելու հարցը կլուծվի առաջիկա երկու օրում: Ձմռանը 23-ամյա Դաշյանը «Բանանց»-ից տեղափոխվել էր «Գանձասար», որի կազմում դարձավ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր:
ԱՐԹՈՒՐԸ ԿԱՎԱՐՏԻ՞ ԿԱՐԻԵՐԱՆ
Ինչպես տեղեկացնում է «Boxingscene»-ը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21 նոկաուտ) կարող է հրաժարվել Նամիբիայի ներկայացուցիչ Վիլբերֆորս Շիհեպոյի (20-6, 15 նոկաուտ) հետ մենամարտից։ Բանն այն է, որ Աբրահամին չի գոհացնում գումարը, որն իրեն առաջարկում է «Sauerland Event» ընկերությունը։ Դա այնքան է զայրացրել Արթուրին, որ նա հայտարարել է. «Եթե «Sauerland Event»-ը համաձայնության չգա իրավաբանիս հետ, ապա չեմ պատրաստվում մենամարտել ո՛չ օգոստոսի 24-ին, ո՛չ էլ դրանից հետո։ Կարող եմ կարիերաս ավարտել։ Մարզիկի հետ պետք է արդար վարվել»: