«ԴԻԼԻՋԱՆ»-Ը ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջան քաղաքի կենտրոնից 7 կմ հեռավորության վրա գործում է հանքային ջրերի «Դիլիջան» գործարանը: Թիֆլիսում հրատարակվող «Բուժական Կովկաս» ամսագրի 1915թ. դեկտեմբերի համարում Դիլիջանի հանքային ջրերի մասին երկու ծավալուն հոդված կա, որոնցից տեղեկանում ենք, որ Բլդան ձորի հանքային ջուրն օգտագործվել է Դիլիջանի զինվորական հիվանդանոցում,  բժիշկը, ջուրը հիվանդների համար որպես բուժամիջոց դուրս գրելով, այն անվանել է «Դիլիջանկի»: Ճահճային վիճակում գտնվող հանքաղբյուրի օգտագործման համար առաջին անգամ նախագիծ է կազմվել, եւ գումարներ են տրամադրվել 1925-1926թթ.: 1947թ. ամռանը Բլդան գետի փոքրիկ հովտում՝ մայրուղուց 2 կմ հեռավորությամբ, սկսվել է հանքային ջրի գործարան տանող ճանապարհի կառուցումը: Երկու տարի անց գործարանը տվել է առաջին արտադրանքը` տարեկան 2,5-3 միլիոն շիշ «Դիլիջան» հանքային ջուր: Հետագայում ձեռնարկությունը տարեկան արտադրում էր մոտ 20 միլիոն շիշ, որը սպառվում էր ոչ միայն Հայաստանում, այլեւ Խորհրդային միության մյուս հանրապետություններում: 2006-2009թթ. գործարանը չէր աշխատում, վերակառուցման փուլում էր: Այդ ընթացքում ներդրումներ են կատարվել, արտադրական հին մասնաշենքը վերակառուցվել է, էլեկտրականության, ջրի կոմունիկացիաներ են անցկացվել, կառուցվել են նոր մասնաշենքեր, հանքաղբյուրի ակունքի նոր շենք: Չեխիայից բերվել է նոր հոսքագիծ, որի սարքավորումները գերմանական, ֆրանսիական եւ իտալական արտադրության են:
2006-ին «Դիլիջան» հանքային ջրերի գործարանի սեփականատերերի թվում հայտնվեց հայտնի գործարար, «Հրազդան» մարզադաշտի եւ «Դար 21» հեռուստաընկերության սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդին` Արամը: «Դիլիջան»-ի սեփականատերերը երեքն են` գործարանի նախկին տնօրեն Ժորա Սագարյանը, վերջինիս՝ Երեւանում բնակվող, ամուսնացած դուստրը` Լիանան, եւ Արամ Աղաբաբյանը: Նրանցից ոչ մեկը բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի տերը չէ: Մինչեւ 2006թ. «Դիլիջան» հանքային ջուրը սպառվում էր Տավուշի մարզում: Հիմա այն անհասանելի է Տավուշի մարզի Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում: Գործարանի սեփականատերերը գերադասում են հայրենի երկրի ընդերքից ելած, ռադիոակտիվ նյութերից զերծ ջուրն իրացնել արտասահմանում եւ շահույթներ ստանալ: Իսկ Տավուշի մարզի սպառողները նրանց չեն հետաքրքրում: Մեր իշխանավորները սիրում են պատեհ-անպատեհ առիթներով նշել հարեւան Ադրբեջանի օրինակը: Ադրբեջանում նավթի արդյունահանմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունը (SOKAR) պետական է: Դրա շահույթներն ուղղվում են պետական զանազան ծրագրերի իրականացմանը: Իհարկե, նավթադոլարների մի մասը կոռումպացված պաշտոնյաները գողանում են, սակայն հիմնական մասն օգտագործվում է հանրության կարիքների համար: Իսկ Հայաստանում ազգային հարստություն հանդիսացող ընդերքը հանձնել են մասնավոր անձանց, որոնք գերշահույթներ են ստանում: «Դիլիջան» հանքային ջրերի գործարանի տերերը եւս, մեծ շահույթներ ստանալով, չեն մտածում Տավուշի մարզի սպառողների մասին, որոնք արդեն 7 տարի զրկվել են «Դիլիջան» ջուրն օգտագործելու հնարավորությունից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս