Զինդատախազություն, ԴԱՀԿ, քաղավիացիա. ով է Սերժ Սարգսյանի նորանշանակ ռեֆերենտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության համաձայն՝ նախագահի ռեֆերենտները նախապատրաստում են նախագահի ելույթները, դիմումները, ուղերձները և նամակները, ինչպես նաև` նրա անունից կազմվող այլ փաստաթղթեր, իրականացնում են տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ, կատարում են նախագահի, աշխատակազմի ղեկավարի և համապատասխան օգնականի առանձին հանձնարարականները։

Նշենք, որ նախագահի ռեֆերենտների թիվը և գործունեության ուղղությունները
որոշում է նախագահը։

Եվ այսօր հայտնի դարձավ, որ նախագահի համար ելույթ գրողների թիվն ավելացել է ևս մեկով: ԴԱՀԿ պետի տեղակալ Արմեն Հարությունյանը հետայսու զբաղեցնելու է նախագահի ռեֆերենտի պաշտոնը:

Նախ նշենք, որ պաշտոնապես Սերժ Սարգսյանն այս պահին երեք ռեֆերենտ ունի՝ Արմեն Դավթյանը, Նաիրի Պետրոսյանը և այսօրվանից Արմեն Հարությունյանը:
ArmLur.am-ը փորձեց հասկանալ՝ ով է նորանշանակ ռեֆերենտը և ինչ ճանապարհ է անցել: Այսպես, 43-ամյա Արմեն Ռազմիկի Հարությունյանը Հայաստանում ստանալով բարձրագույն իրավաբանական կրթություն՝ ուսումը շարունակել է ԱՄՆ մի քանի համալսարաններում:

1995 թվականին երկու ամիս տևողությամբ զբաղեցրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավաբանի պաշտոնը: 1995-1998-ին եղել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական
հանձնաժողովի մասնագետ, այնուհետև՝ ավագ խորհրդատու: Ապա երկու տարի պաշտոնավարել է որպես այն ժամանակ դեռևս ՀՀ ազգային անվտանգության նախարարության 9-րդ վարչության պետի օգնական:

Նախագահի նոր ռեֆերենտը երկու ամիս գործել է նար զինդատախազությունում: Եղել է ՀՀ Զինվորական դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ:

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում տարբեր պաշտոններ զբաղեցրել է 14 տարի: Եվ 2014-ից մինչ այսօր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալն էր:

Այսքանով Արմեն Հարությունյանի գործունեությունը չի սահմանափակվում: Նա 2009-ից առ այսօր ՀՔԾ մրցութային, ԴԱՀԿ կից խորհրդակցական, ԴԱՀԿ ապահովող ծառայության մրցութային և ատեստացիոն հանձնաժողովների անդամ է:

Գիտական աստիճանը՝ Իրավաբանական գիտությունների թեկնածու, գիտական կոչումը՝ Իրավաբանություն մասնագիտությամբ դոցենտ: Զինվորական կոչումը՝ Արդարադատության փոխգնդապետ, պարգևները՝ ՌԴ դատական պրիստավների Դաշնային ծառայության տնօրենի հրամանով «Ծառայությունների համար» մեդալով
(2011թ.), ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի
Հանրապետության արդարադատության նախարարության  դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով (2012թ.), Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով (2014թ.), ՌԴ դատական պրիստավների Դաշնային ծառայության  տնօրենի հրամանով «Դատական պրիստավների ինստիտուտի հիմնադրման 150 ամյակ» մեդալով (2015թ.):

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:




Լրահոս