ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ քիչ առաջ նախագահական նստավայրում ստորագրվել է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը:
Հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ քիչ անց կլինի նաև համագործակցության համաձայնագրի տեքստը: «Դուք կտեսնեք, որ դա իսկապես երկար աշխատված հիմնարար փաստաթուղթ է, որն անդրադառնում է մեր կյանքի բոլոր ոլորտներին»,- ընդգծեց նա:
Վարդանյանի խոսքով` սա նաև քաղաքական մշակույթ է փոխելու` փորձելով ցանկացած հարց քննարկել, բանակցել և ոսկե միջինը գտնել: Նա ևս մեկ անգամ նշեց, որ իրենց են տրվելու տարածքային կառավարման, կրթության և գիտության և էկոնոմիկայի նախարարությունները, ինչպես նաև Շիրակի և Արագածոտնի մարզերը:
Վարդանյանի կողքին կանգնած Արմեն Աշոտյանն այս առնչությամբ հայտարարեց. «Պաշտոնների խնդիրը տակտիկական է: Մեր համագործակցության հիմքում արժեհամակարգային նմանություններն են»: Վարդանյանն էլ հավելեց, որ պատասխանատվությունը բոլոր ոլորտներին է վերաբերում:
ՏԿ նախարար կլինի Դավիթ Լոքյանը, Էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը, իսկ ԿԳ նախարար՝ Լևոն Մկրտչյանը: Շիրակի մարզպետը կլինի ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը, իսկ Արագածոտնինը՝ Գագիկ Գյոզալյանը։