ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի “Իսպաներեն լեզու եւ գրականություն” բաժնի ուսանողները բաց նամակով դիմել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որտեղ հարց են բարձրացնում, թե ինչու ասպիրանտուրա ընդունվելու համար չեն ընդունվում իսպաներեն DELE քննության՝ որպես երկրորդ մասնագիտական լեզվի դիպլոմների արդյունքները:
Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.
“Հարգելի պարոն Նախարար.
Այս խնդրանք-դիմումով ցանկանում ենք բարձրաձայնել մի խումբ ուսանողների բողոքը սույն հրատապ խնդրի շուրջ.
Արդեն որքան ժամանակ է՝ ուսանողները սպասում են, թե վերջապես երբ պետք է ասպիրանտուրա ընդունվելու համար Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարարության կողմից ընդունվեն իսպաներեն DELE քննության՝ որպես երկրորդ մասնագիտական լեզվի դիպլոմների արդյունքները: Դիպլոմներ, որոնք շնորհվում են այն ուսանողներին, ովքեր կարողանում են հաղթահարել Իսպանիայի կրթության եւ գիտության նախարարության, ինչպես նաեւ Իսպանիայի Սերվանտեսի համալսարանի կողմից կազմակերպվող բավական դժվարին քննությունները:
Եվ սա այն դեպքում, երբ բացի անգլերենի TOEFL քննության արդյունքներից, ընդունվում են նաեւ ֆրանսերենից եւ գերմաներենից հանձնվող քննությունների արդյունքները: Ստացվում է, որ ֆրանսիական եւ գերմանական բաժնի ուսանողները ընդունվում են ասպիրանտուրա՝ հանձնելով քննություններ ֆրանսերենից եւ գերմաներենից, մինչդեռ իսպաներեն բաժնի ուսանողները ստիպված են հանձնել TOEFL քննություն ինչպես անգլիական բաժնի ուսանողները, ինչը, կարծում ենք՝ անարդար է:
Հարկ ենք համարում նաեւ նշել, որ իսպաներենի DELE քննությունը, որը տարեկան երկու անգամ կազմակերպվում եւ անցկացվում է ԵՊՀ-ում, ոչ միայն օրինական է, այլեւ ունի միջազգային որակավորում, եւ ստացվում է, որ այն ընդունելի է ամբողջ աշխարհում՝ բացի Հայաստանից:
Այդ դեպքում ո՞րն է քննությունն անցկացնելու եւ դիպլոմներ ստանալու իմաստը: Նույն խնդրի առջեւ կանգնած են ոչ միայն Մայր բուհի, այլեւ՝ Բրյուսովի եւ Մանկավարժական համալսարանի ուսանողները:
Պարոն Աշոտյան, խնդրում ենք լուծում տալ այս հրատապ խնդրին՝ անպատասխան չթողնելով մեր խնդրանք- դիմումը:
Հարգանքներով՝ Ռուզաննա Պետրոսյան, Մերի Զոհրաբյան, Նարինե Վարդանյան, Լիլիթ Սազբանդյան, Սաթինե Սմբատյան”: