«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ նախագահի նստավայրում ի վերջո տեղի ունեցավ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կոալիցիոն հուշագրի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը կոչվում է «Քաղաքական համագործակցության համաձայնագիր»: ՀՀԿ-ի կողմից փոխնախագահ եւ այդ պահին դեռեւս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրեց հուշագիրը, իսկ ՀՅԴ-ից՝ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Ի դեպ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս ՀՀԿ փոխնախագահ է, սակայն համաձայնագրի ստորագրումը նրան չէր վստահվել: Աշոտյանը, փաստորեն, ստորագրեց իր ազատման փաստաթուղթը՝ տեղը զիջելով Լեւոն Մկրտչյանին: ՀՅԴ-ից Դավիթ Լոքյանն էլ նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, իսկ Արծվիկ Մինասյանը՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում փոխարինեց Կարեն Ճշմարիտյանին: Ենթադրվում է, որ ՀՅԴ-ին տրվելիք Արագածոտնի եւ Շիրակի մարզպետների պաշտոններում, համապատասխանաբար Գագիկ Գյոզալյանի եւ Հովսեփ Սիմոնյանի նշանակումներն էլ կկատարվեն այսօր՝ ՀՀ կառավարության հերթական նիստում: Ուշագրավ է, որ կոալիցիոն համաձայնագիրը որոշակի ժամկետի համար չի նախատեսված, փաստաթուղթն անժամկետ է:
Համաձայնագրի այդ կառուցվածքը ենթադրում է, որ եթե ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն մինչեւ 2017 թվականի ԱԺ ընտրությունները կրկին չգժտվեն, չխռովեն, ապա խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցեն դաշինքով: Իսկ ինչ վերաբերում է համաձայնագրի բովանդակությանը, ապա այն, ինչպես Սերժ Սարգսյանի վերջին՝ փետրվարի 12-ի ելույթը, բարի ցանկությունների կենաց է հիշեցնում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: