Որքան կարողացել եմ, աշխատել եմ, մաղթում եմ, որ ինձնից լավ աշխատեք. Արմեն Աշոտյանը` Լևոն Մկրտչյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կրթության և գիտության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության ղեկավարը բարձր գնահատեց նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործունեությունը և նշեց, որ ՀՅ Դաշնակցության հետ համագործակցության շրջանակում նախարարական երեք պորտֆել հանձնվել է ՀՅԴ-ին, այդ թվում` ԿԳՆ-ն: «Հանրապետության նախագահի որոշմամբ` Արմեն Աշոտյանը մինչև խորհրդարանական ընտրությունները կզբաղվի կուսակցական գործունեությամբ: Համոզված եմ, որ Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ ԿԳՆ-ն կշարունակի ոլորտում բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը»,- ասաց Աբրահամյանը:

Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին` բարձր գնահատանքի համար` վստահեցնելով, որ նախարարությունում պաշտոնի հանձնումը կիրականացվի սահուն կերպով: Միաժամանակ, Աշոտյանը հուշանվեր հանձնեց Լևոն Մկրտչյանին, որի վրա գրված էր. «Որքան կարողացել եմ, աշխատել եմ, մաղթում եմ, որ ինձնից լավ աշխատեք»:

Իր հերթին Լևոն Մկրտչյանը վստահեցրեց, որ կշարունակի իրականացնել հանրապետության նախագահի նախանշած բոլոր ծրագրերը և ոլորտում արդեն 20 տարի շարունակական բարեփոխումները:

Հովիկ Աբրահամյանն ավելացրեց, որ նախարարության բոլոր լավագույն կադրերը կշարունակեն իրենց աշխատանքը, իսկ հայեցողական պաշտոնների հետ կապված Լևոն Մկրտչյանը կլինի ազատ իր որոշումներում:




Լրահոս