Եվ այսպես` վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ կապված «օֆշորային սկանդալը» կարծես թե մոտենում է կանխատեսելի հանգուցալուծմանը: Օֆշորային եռյակի առանցքային դերակատարը` Աշոտ Սուքիասյանը, գլխավոր դատախազին ուղղած հինգէջանոց նամակում երեկ հայտնեց, որ WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային կազմակերպությունը ինքն է հիմնադրել եւ Տ. Սարգսյանի ու Ն. Կճոյանի անունով բաժնետոմսերը գրել է առանց նրանց համաձայնության եւ գիտության: Այդպիսով` Սուքիասյանը հաստատեց այն, ինչի մասին դեռեւս հունիսի 12-ին ԱԺ-ում հայտարարել էր Տիգրան Սարգսյանը: «Այսօր որեւէ մեկի համար դժվարություն չէ «օֆշորային գոտում» ստեղծել ձեռնարկություն, ասենք` Նիկոլ Փաշինյանի անունով` չունենալով պատգամավորի թույլտվությունը դրա համար»` Սուքիասյանի «ինքնախոստովանության» ուղղությունը կանխանշել էր Տ. Սարգսյանը: Սակայն հնչեցված բացատրությունը, բնականաբար, հանրության համար հավատարժան չդիտվեց, հատկապես որ` Տ. Սարգսյանն այդպես էլ չբացատրեց, թե ինչպես էր հնարավոր իր անվամբ բացված հաշվին նստեցնել, ապա հանել այդ չարաբաստիկ 10 միլիոն դոլարը` առանց իր իմացության: Բացի այդ, հրապարակավ ամբողջ մեղքն իր վրա վերցրած Կճոյանի սանիկը շուրջ հինգէջանոց մանրակրկիտ պարզաբանման մեջ փորձել է ներկայանալ որպես պարկեշտ գործարար, որին խաբել են, ու մեկ էլ վերջում` անսպասելիորեն, խոստովանել է, որ հենց ինքն է խաբեբա: Այնպիսի տպավորություն է, որ Սուքիասյանի` դեռ երկու շաբաթ առաջ մամուլով ներկայացված պարզաբանումը ինչ-որ մեկի կողմից թեթեւակի սրբագրվել է, եւ վերջում պարզապես կցվել է օֆշորային մեղայականի հատվածը: Այդպես է դա, թե ոչ` արդեն դժվար էլ իմացվի, քանի որ, ամենայն հավանականությամբ, Սուքիասյանին դեռ շատ երկար ժամանակ կամ առհասարակ չեն հայտնաբերի: Եվ նրան, թերեւս, այլ բան չի մնում, քան իր ֆեյսբուքյան` «Աշոտ Սուքիասյանի ճշմարտությունը» էջում պարբերաբար ինքնաարդարացնող հրապարակումներ տեղադրելը: Ի դեպ, այդ նույն էջում ինքնախոստովանական նշված նամակից ընդամենը երկու օր առաջ Սուքիասյանը տեղադրել էր մի հրապարակում, որով բացատրվում է օֆշորներում կազմակերպություններ բացելու եղանակը, եւ հասկանալի չէ, թե որն էր նման հրապարակում տեղադրելու նպատակը, եթե երկու օր անց պիտի խոստովաներ, որ ինքն է վարչապետի անունով բացել այդ կազմակերպությունը: Եվ մի ուշագրավ համընկնում էլ. այս սկանդալի հիմքում, ինչպես հայտնի է, գործարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Ամերիա» բանկն է, որի տրամադրած գումարով էլ իրականացվել է խնդրո առարկա գործարքը: Այն նույն Ռուբան Վարդանյանի, որի հիմնադրած «Դիլիջանի միջազգային դպրոցին» 20 մլն դոլարի հարկային արտոնություններ տալու օրենսդրական նախագիծը ԱԺ-ն ընդունեց երեկ, ընդ որում` կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում:
ՕՖՇՈՐԱՊԱՏՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ