Վերջին օրերին հայրենի քաղաքական դաշտը շարունակ քննարկում է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի բացահայտումները: Իսկ ինչո՞ւ էր նախորդ տարի լռում ՎՊ-ն, նախորդ տարի կոռուպցիոն բացահայտումների թեմա չկա՞ր: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանեց.
-Ինչո՞ւ է ուշ, չէ՛, ընդհակառակը, 2013թ. շատ ավելի հաճախ ենք անելու, որովհետեւ առաջին հաշվետվությունն արդեն արել ենք: Ես կարծում եմ՝ առաջիկայում եւս կլինեն մի քանի հաշվետվություններ, եւ 2013թ. պետական բյուջեի վերահսկողության մեթոդիկան ու ձեւը ենթադրում են, որ, ընդհակառակը, ավելի շատ պետք է լինի:
-Ես նկատի ունեի, որ 2012թ. Ձեր ձայնը չէր լսվում: Ինչ-որ խնդի՞ր կար:
-Ասեմ Ձեզ՝ որեւէ խնդիր չկար: Ամբողջ տարին, այդպես ասեմ, ընտրությունների տարի էր, եւ շատ տեղերում մեր աշխատանքները՝ վերահսկողության եւ այլն, մենք միշտ տեղափոխել ենք հետո, որպեսզի չխանգարենք այդ գործընթացներին, ավելորդ շահարկումների եւ այլն, եւ այլն առիթ չդառնա: Ու նաեւ որոշակի խնդիրներ, որոնք համակարգային բնույթի էին, ու ես խոսել եմ այդ ամենի մասին, դրանք վերաբերում էին գնումների եւ շինարարության ոլորտներին: Այս բարդ խնդիրները պետք էր ամբողջությամբ համակարգել, ավարտել, սիստեմավորել եւ նոր ներկայացնել: Ու ինչը մենք արել ենք: Սրանք են եղել պատճառները, որ մենք հաշվետվություններն ուշ ենք տվել, ավելի քիչ ենք տվել: Բայց 2013թ. տեղը կլրացնենք, ոչինչ:
-Վերահսկիչ պալատը ներկայացրեց նաեւ, որ Հայաստան բերված բիոզուգարանների համար ծախսված գումարն անարդյունավետ է եղել, քանի որ այդ զուգարանները մինչեւ այսօր չեն աշխատում: Ինչո՞ւ այդպիսի աղաղակող բացահայտումները չեք ուղարկում ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի իրավապահ մարմիններն ընթացք տան գործին:
-Չեմ կարող ասել՝ այդ ամենին ընթացք կտրվի, թե ոչ: Մենք ընդամենը տվել ենք դրա արդյունավետության խնդիրը: Մենք չենք ասում՝ ինչու եք գնել, որովհետեւ դա մեր իրավունքը չէ, մեր խնդիրը չէ: Մենք ընդամենն ասում ենք՝ մի բան չի աշխատում, եւ արդյունավետ չի ծախսվել ու վերջ: Մնացածը պետք է իրենք որոշեն:
ՄԵՆՔ ԸՆԴԱՄԵՆՆ ԱՍՈՒՄ ԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ