Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կստեղծվի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 25-ին «Արմենպրես» մամուլի ակումբում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները. ներկա իրավիճակ և հետագա ծրագրեր» թեմայով:

Ասուլիսի խոսնակներն էին FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, բրիտանական Peak Wildlife Park կենդանաբանական այգու տնօրեն Քոլին ՄքԴուգալը և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչ Ջեյմս Ֆոլդենը:

«Լավ լուրով եմ ուզում սկսել. Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու՝ անմխիթար պայմաններում հայտնված կենդանիների խնդրին այժմ փայլուն լուծում է տրվել՝ FPWC-ի, Կենդանաբույժների համաշխարհային ծառայության և այլ տեղական ու միջազգային գործընկերների համակարգված գործողությունների արդյունքում», նշեց փոխնախարարը: Պարոն Հակոբյանը հավելեց, որ նախարարությունը ոչ միայն արագ արձագանքել է բարձրաձայնված խնդրին, այլև ձեռնամուխ է եղել համապատասխան օրենսդրական դաշտի բարելավմանը՝ պետական գերատեսչության, հասարակական հատվածի և միջազգային մասնագետների ներգրավմամբ:

«Անգլիական Daily Mail պարբերականում Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու մասին պատմող նյութը ստվեր նետեց Հայաստանի վրա՝ վերհանելով խնդիր, որը, ցավոք, այսօր մեր երկրում խիստ արդիական է: Նյութը մեծ աղմուկ առաջացրեց միջազգային մակարդակով, սակայն մինչ դրա հրապարակումը FPWC-ն արդեն սկսել էր համագործակցությունը Հայկական բնապահպանական ցանցի, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ այս խնդրի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելով: Բրիժիտ Բարդո հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արջերը տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կարանտինային շրջան անցնելուց հետո կտեղափոխվեն Ռումինիա: Առյուծներն այժմ գտնվում են FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նորաստեղծ կարանտինային կենտրոնում, որտեղից առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կտեղափոխվեն Peak Wildlife Park ապաստարան», ասաց FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: «Կարևոր է հասկանալ, որ սա միանգամյա համագործակցություն չէ: Խնդրին արձագանքած մեր միջազգային գործընկերները հասկացան դրա հրատապությունը և պատրաստակամություն հայտնեցին աջակցել կարանտինային կենտրոնի ստեղծմանը՝ որպես մաս ավելի մեծ և խիստ կարևոր նախագծի՝ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի», ընդգծեց նա:

Peak Wildlife Park-ի տնօրեն Քոլին ՄքԴուգալը պատմեց, որ իրենք անմիջապես արձագանքել են Daily Mail-ում հրապարակված հոդվածին՝ կապ հաստատելով Կենդանաբույժների համաշխարհային ծառայության հետ և առաջարկելով կենդանիներին ապաստան տրամադրել իրենց տարածքում:

«ԿՀԾ-ն անմիջապես արձագանքեց. այդ օրերին մեր մասնագետները Փրո Փոուզ բարեգործականի, FPWC-ի և Երևանի կենդանաբանական այգու հետ գործակցությամբ շների ստերջացման ծրագիր էին իրականացնում Երևանում և, իհարկե, չհապաղեցին մեկնել Գյումրի և տեղում ծանոթանալ իրավիճակին: Հանրային դրամահավաք նախաձեռնեցինք, որին արագ արձագանքեց միջազգային հանրությունը: 6000 եվրո նվիրաբերեց International Animal Rescue կազմակերպությունը, ևս 29,000 եվրո կազմեց աշխարհի բոլոր անկյուններից ստացված հանգանակությունների ընդհանուր գումարը», պարզաբանեց ԿՀԾ ներկայացուցիչ Ջեյմս Հոլդենը: «Սա FPWC-ի հետ մեր երկարաժամկետ համագործակցության առաջին քայլն էր: Հուսով ենք, որ կարանտինային կենտրոնի, իսկ այնուհետ նաև՝ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի ստեղծումը կայուն լուծում կդառնա գոյություն ունեցող խնդրին», ամփոփեց նա:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում այժմ ընթանում են կարանտինային կենտրոնի կառուցապատման աշխատանքներ: Տեղական և միջազգային մի շարք կառույցների համագործակցության արդյունքում FPWC-ի մասնավոր պահպանվող տարածքում կստեղծվի ոչ միայն Հայաստանի, այլև հարավկովկասյան տարածաշրջանի համար աննախադեպ ենթակառուցվածք՝ Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ մարդկային գործունեության հետևանքով խոցելի իրավիճակում հայտնված կենդանիները կստանան համապատասխան բուժում և խնամք, ըստ անհրաժեշտության կուղղորդվեն վայրի բնության միջազգային ապաստարաններ:




Լրահոս