«Գնացեք՝ վայելեք պոնչիկով ձեր եվրոսեմինարները». Վարդգես Գասպարին հրաժարվել է խոսել դիտորդական խմբի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի փետրվարի 24-ին երեկոյան 20:00-ի սահմաններում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը (այսուհետ` Խումբ) ահազանգի հիմքով այցելություն է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում դիտորդական Խմբի անդամներ Ռ․Ռևազյանը և Ռ․Սարգսյանը հանդիպում են ունեցել կալանավորված անձ Վարդգես Գասպարիի հետ։ Դիտորդների հետ հանդիպման ժամանակ վերջինս հրաժարվել է խոսել, խնդրել է թուղթ և գրել է դիմում (հայտարարություն), որը խնդրել է տարածել։

Կից կարող եք ծանոթանալ Վ.Գասպարիի կողմից գրված հայտարարության տեքստին։

«ՀՀ ԱՆ-ին կից ՔԿՀ-ների դիտորդական խմբի ինձ 24.02.16թ. ժ 20։25 այցելելու մասին: Ձեր այցելությունն ինձ համար շատ վիրավորական և վրդովեցուցիչ է: Դուք ընդամենը հաստիքային իներցիոն սովետական իրավապաշտպաններ եք. պրոֆկոմի աշխատակիցներ: 2008 թվից հետո ու այսօր իմ գտնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ոչ մի բան ոչնչով չեք բարելավել, այլ բազմակի անգամ այն վատացել է, պրոբլեմները խորացել:

Իհարկե դուք միշտ կարող եք արդարանալ, որ եթե չանեիք այս ընթացքում ձեր արածը, վիճակը բազմակի անգամ վատ կլիներ: Սկզբունքորեն չեմ կարող հակաճառել… Իսկ ավելին գրել չեմ կարող. գնացեք վայելեք պոնչիկով ձեր եվրոսեմինարները: Հաջողություն»։

Հիշեցնենք, որ համաձայն Դիտորդների Խմբի գործող Կարգի՝ Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել բոլոր քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը հասարակական վերահսկողության տակ պահել։

Խմբի գործունեության նպատակներն են՝

1) ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկումը, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավումը, հասարակությանը քրեակատարողական ծառայության հիմնախնդիրները ներկայացնելը,

2) քրեակատարողական ծառայությունում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված գործունեություն ծավալելը,

3) քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում իրավիճակի վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը,

4) քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում՝ դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

5) քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների, ինչպես նաև քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց հետ կապված այլ խնդիրների լուծմանը աջակցելը։

Դիտորդական Խումբը կշարունակի իր ուշադրության կենտրոնում պահել Վ․Գասպարիի պահման պայմաններին և անվտանգությանն առնչվող խնդիրները, վերջինիս առողջական վիճակը։ Խումբը ինչպես միշտ, հետագայում նույնպես՝ հետամուտ է լինելու ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում առկա և արձանագրված խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությանը։




Լրահոս