«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ ստուգումներ է անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում: Վերահսկողականի մասնագետների ուշադրությունը առավելապես կենտրոնացված է պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացի վրա: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ռազմամթերքի, այլ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ոչ ռազմական ապրանքների գնման գործընթացի մասին է: Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» նախօրեին հրապարակեց Հայաստանի պաշտպանության համակարգի 2015 թ. հակակոռուպցիոն համաթիվը, որում հստակ արձանագրված է. «Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաեւ անձնակազմի առանձին անդամներ, հանդիսանում են մի շարք առեւտրային կազմակերպությունների կամ դրանց բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների սեփականատեր, որոնց գործունեությունը եւ ֆինանսական հաշվետվությունները թափանցիկ չեն»: Ուստի ամենեւին էլ պատահական չէ այն, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ ՊՆ որոշ աշխատակիցները սկզբում փորձել են ստուգողներին «համոզել», որ ինչ-ինչ փաստեր չնկատելու տան: Ըստ լուրերի՝ եթե ստուգումները շատ խորքային անցկացվեն, ապա արդյունքները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկության պատճառ կարող են դառնալ: ՊՆ-ում շրջանառվող լուրերի համաձայն՝ գնումների գործընթացները մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում կարող է պարզվել, որ նախարարի ընտանիքի որոշ անդամներ ազդել են գնումների գործընթացի վրա:
Ի դեպ, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է ՊՆ-ում ստուգումներ անցկացնելու հանգամանքը` ասելով. «Ձեր տեղեկությունները ճիշտ են, ու դրանք աշխատանքային ստուգումներ են»:
Ինչպես հայտնի է՝ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման խնդրին անդրադարձել են նախորդ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած եւ հանրաքվեն դիտարկած ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդները իրենց զեկույցներում: ՀՀ իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ քվեարկության էլեկտրոնային համակարգ ներդնելու դեպքում ընտրողների մասնակցության գործընթացն ավելի արժանահավատ կդառնա: Եւ արդեն իսկ դիմել են միջազգային կազմակերպություններին` նրանց խնդրելով աջակցել քվեարկության էլեկտրոնային համակարգ ներդնելու գործում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը խոստացել է աջակցել: Սակայն մի քանի պայմաններ են առաջ քաշել: Իշխանությունների համար թերեւս ամենավատ պայմանն այն է, որ քվեարկության էլեկտրոնային համակարգի սերվերները պետք է լինեն միայն ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի մասնագետների վերահսկողության տակ: Այլ կերպ ասած՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը չի ցանկանում, որ իրեն մեղադրեն ՀՀ իշխանությունների կողմից ընտրությունների կեղծման մեխանիզմը ֆինանսավորելու մեջ: Նրանք ցանկանում են վճարել եւ անձամբ վերահսկել: Տեսնենք՝ ինչպես կստացվի:
ՀՀ կառավարությունը երեկ տեղի ունեցած նիստում, մեղմ ասած, տարօրինակ մի որոշում ընդունեց` թույլատրեց Համաշխարհային բանկից վարկ վերցնել, որպեսզի դրանով մարվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլէներգիա արտադրողների նկատմամբ կուտակած պարտքերը: Այսինքն՝ կրկին ՀԷՑ-ի պարտքերը մարում են հարկատուների եւ սպառողների հաշվին: Բայց ուշագրավն այն է, որ կառավարությունը երեկ այդպես էլ չհրապարակեց վարկային համաձայնագիրը, եւ անհայտ մնաց, թե կոնկրետ որքան գումարի մասին է խոսքը: «Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարությունից փորձեց պարզել, թե վարկային համաձայնագիրը եւ կառավարության որոշումը ինչու չեն հրապարակվում, մեզ պատասխանեցին, որ վարկը վերցվում է ՀԷՑ-ի «առողջացման ծրագիրը իրականացնելու համար: Իր (փաստաթղթի) մեջ առեւտրային գաղտնիք է պարունակում, իսկ որոշման նախագիծն աշխատանքային խմբի կողմից ամբողջական տեսքի կբերվի 3-օրյա ժամկետում, որից հետո այն կհրապարակվի»:
ՀՀ կառավարության անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ինքնաձիգներով հսկողություն իրականացնել: Մինչեւ անցած տարվա նոյեմբերը կառավարության, խորհրդարանի եւ նախագահականի անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցները կրում էին միայն ատրճանակներ: Այդ փոփոխությունը կապվեց անցած տարվա նոյեմբերի 25-ին բացահայտված «հանցախմբի» հետ: Բայց տարօրինակն այն է, որ չնայած այդ գործով մի քանի տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել, կալանավորվել, սակայն «ավտոմատներով» ծառայությունը շարունակվում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊՊԾ աշխատակիցներին հատուկ զգուշացվել է, որ մինչեւ հատուկ հրաման չլինի, նրանք պարտավոր են ինքնաձիգներով ծառայությունն իրականացնել: Ենթադրվում է, որ նման հրամանը կտրվի «հանցավոր» խմբի քրգործի նախաքննության ավարտից հետո միայն, երբ բոլոր վտանգները չեզոքացված լինեն: Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ «հանցախմբի» ղեկավարը Հայաստանից եւ Արցախից այնպիսի մարդկանց անուններ է տվել, որոնք Սերժ Սարգսյանի մտերիմներն են:
ԿՐԿԵՍՈՒՄ
ՀՀ կառավարության նիստում երեկ հաստատվեց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը նորից բաժանելու առաջարկը եւ ուղարկվեց Ազգային ժողով՝ այսօր մեկնարկելիք արտահերթ քննարկման։ Որպես այս առաջարկի հիմնավորում ներկայացվեց քաղաքական համագործակցության արդյունքում առաջացած անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ ընդամենը 1 տարի 2 ամիս առաջ առանձին գործող տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորելիս իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում` համոզելու համար, թե դա ամենեւին կապ չունի ինչ-ինչ քաղաքական պայմանավորվածությունների, կառավարության նեսում այս կամ այն նախարարի դիրքերի ուժեղացման կամ թուլացման հետ, թե այդ երկու կառույցների միավորմամբ անհամեմատ կմեծանա աշխատանքի արդյունավետությունը, իսկ 2 նախարարությունների անձնակազմերի համատեղմամբ եւ օպտիմալացմամբ էլ զգալիորեն կկրճատվեն համակարգի ծախսերը:
Իհարկե, անցած տարվա ընթացքում ակնհայտ դարձավ (թեեւ ի սկզբանե էլ պարզ էր), որ արդյունավետության եւ նրա մասին հայտարարությունները սովորական քաղաքական դեմագոգիայի ժանրից էին, քանի որ որեւէ առանձնահատուկ ձեռքբերում, որը չէր կարող լինել այս նախարարութունների` առանձին-առանձին գործելու դեպքում, այդպես էլ չարձանագրվեց: Սակայն ամեն դեպքում, այդ հավաստիացումներն ու պատճառաբանությունները բերվել էին, եւ հիմա` այսքան կարճ ժամանակ անց, չեղարկելով սեփական որոշումը, իշխանությունները, փաստորեն, հրապարակավ արձանագրում են, որ իրենց խոսքը գրոշի աժեք չունի, որ իրենց կայացրած որոշումներն ընդամենը անձնական քմահաճույքների արդյունքում են եւ ոչ ամենեւին պետության շահերի մասին մտածելու:
Մինչդեռ այդ տհաս եւ անձնական քմահաճույքով պայմանավորված որոշման արդյունքում բազմաթիվ մարդիկ զրկվեցին իրենց աշխատատեղերից, կատարվեցին հսկայական ծախսեր եւ մեկ էլ, հոպ, պարզվում է՝ այդ ամենն իզուր էր` «Նաջարյանը փոշմանելա»:
Ընդ որում, իրավիճակի անհեթեթությունը շատ լավ հասկանում են նաեւ Հանրապետական կուսակցությունում: Պատահական չէր, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս վերակազմավորման շուրջ լրագրողների բազմակի հարցերին ՀՀԿ մամլո խոսնակ Էդ. Շարմազանովն այդպես էլ չկարողացավ պատասխանել` անվերջ կրկնելով, թե եկեք, սպասենք վաղվան /այսօրվան/, երբ Աժ-ում կներկայացվեն հիմնավորումները:
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե իրենք շատ լավ գիտակցում են, որ ՀՀԿ-ն վարկաբեկված է, սակայն գնում են համագործակցության` երկիրը փրկելու առավել կարեւոր նպատակի համար: Նկատենք, որ երկրի փրկությունը նման անհեթեթ եւ անարդյունավետ կառուցվածքային փոփոխություններով սկսելով` Դաշնակցությունը հավակնում է շատ կարճ ժամանակ անց լուրջ մրցակից դառնալ Հանրապետականին` վարկաբեկվածության առումով: