ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը հայտնվել է երկու քարի արանքում. նախագահական ընտրություններից հետո եկել է միջազգային հանրությանը տված խոստումները կատարելու ժամանակը: Ու քանի որ հանուն իր պաշտոնի նա աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բոլորովին տարբեր, ընդ որում, իրարամերժ խոստումներ է տվել, հիմա հայտնվել է անելանելի դրության մեջ:
Վերջին ամիսներին միջազգային հանրության կողմից ակտիվորեն խոսվում է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին: ԼՂ հարցին անդրադարձ եղավ նաեւ նախօրեին` G8 գագաթնաժողովում, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները հանդես եկան միասնական հայտարարությամբ: Այլ կերպ ասած՝ միջազգային հանրությունը կրկին ձեռնամուխ է եղել ԼՂ խնդրի լուծման հարցում շոշափելի առաջընթաց գրանցելու իր նպատակին. կա՛մ լուծում, կա՛մ պատերազմ. երկար չի կարող շարունակվել:
Մյուս կողմից Ս. Սարգսյանի առաջ կանգնած է եվրաինտեգրո՞ւմ, թե՞ Մաքսային միասնական միություն հարցը: Ընդ որում, սա բավական լուրջ դիլեմա է, քանի որ ցանկացած որոշման դեպքում կողմերից մեկը դժգոհ է մնալու ՀՀ իշխանություններից` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բայց մյուս կողմից պետք է հստակ կողմնորոշվել աշխարհաքաղաքական դիրքորոշման առումով: Եվ այդ հարցում հիմնական պնդողը վերջին շրջանում դարձել է ՌԴ-ն:
Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, եվրաինտեգրման, մասնավորապես Ասոցացման պայմանագիրը, Խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագիրը ստորագրելու եւ եվրաինտեգրացիան խորացնելու դեպքում իշխանություններին լուրջ խնդիրներ են սպասվում ՌԴ հետ հարաբերություններում. ցանկացած պահի որպես մահակ կարող է օգտագործվել գազի սակագնի բարձրացումը կամ խոստացված գրանտի տրամադրումից հրաժարվելը: Իսկ եթե Հայաստանը որոշի անդամակցել Մաքսային միասնական միությանը, հնարավոր է՝ զրկվի ԵՄ-ի կողմից դրամաշնորհներից ու Հայաստանում ԵՄ կողմից իրականացվող տարբեր ծրագրերից:
Պատահական չէ, որ երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ իր պաշտոնակցի` Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ խոսեց Մաքսային միասնական միությանը Հայաստանի անդամակցության հուշագիրը շտապ պատրաստելու եւ կողմերի համաձայնությանը ներկայացնելու մասին, ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն արձագանքեց, որ իրենց անհրաժեշտ է ուսումնասիրել այդ փաստաթղթի մանրամասներն ու դրույթները:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների վստահեցմամբ՝ Ս. Սարգսյանը վերջերս այս թեմայով զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու վստահեցրել, որ Հայաստանը ՌԴ ռազմավարական գործընկերն է, ցանկանում է անդամակցել Մաքսային միասնական միությանը, միայն թե դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Ըստ նույն աղբյուրի՝ Ս. Սարգսյանը ժամանակ է խնդրել ԵՄ հետ անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու, Եվրոպայից իր ուզածը ստանալու համար, որից հետո հանգիստ կանի իր ուզածը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ պնդում էր, որ հնարավոր է համատեղել ե՛ւ Ասոցացման պայմանագիրը, ե՛ւ Մաքսային միության հետ համագործակցությունը: «Մեկը մյուսին չի խանգարում, ժամանակն է, որ մենք էդ կարծրատիպից դուրս գանք: Եվ հետո, մենք չենք գնում որեւէ տեղ՝ ո՛չ Եվրոպա, ո՛չ Ռուսաստան, մենք մնում ենք Հայաստանում, պարզապես մենք համագործակցում ենք: Իսկ համագործակցությունը չի հակասում միմյանց»,-ասաց պարոն Ճշմարիտյանը` վստահեցնելով, որ այդ առումով ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը համարում է իդեալական: Նա հերքեց տեղեկությունները, որ ԵՄ-ն իր հերթին, ՌԴ-ն իր հերթին ստիպում են Ս. Սարգսյանին կողմնորոշվել աշխարհաքաղաքական ուղղության առումով. «Չեն էլ կարող որեւէ բան ստիպել, քանի որ Ս. Սարգսյանի թիկունքում ժողովուրդն է, Հայաստանը»:
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ, իր տպավորությամբ, իշխանությունները չեն հասկանում, որ Մաքսային միությունն ու ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելը համատեղելի չեն: «Նկատելի է, որ Հայաստանի իշխանությունները ֆորմալ առումով կողմ են ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելուն եւ մասնավորապես Ասոցացման պայմանագիրը, Խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագիրը ստորագրելուն: Սակայն անհասկանալի է, երբ մյուս կողմից իշխանության որոշ ներկայացուցիչներ կարծիքներ են հայտնում, թե դա չի հակասում Եվրասիական ինտեգրմանը՝ չնայած, որ եվրոպացի պաշտոնյաները բազմիցս հայտարարեցին, որ անհնար է մի կողմից լինել Մաքսային միության ռեժիմում, մյուս կողմից ԵՄ-ի հետ ունենալ խորը եւ համապարփակ առեւտուր: Իհարկե, կողմնորոշման հրամայականը հաճելի բան չէ, հեշտ չէ: Բայց տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում, որ դրանք, վերջիվերջո, համատեղելի չեն, եւ պետք է հստակ ու կանխատեսելի լինել, պատրաստ լինել բոլոր տեսակի ուղղակի եւ անուղղակի ճնշումներին, որ կլինեն մյուս բեւեռից»,-նշեց նա: Ս. Սաֆարյանը նաեւ նկատեց. «ՀՀ իշխանություններն այնքան լուրջ չվերաբերեցին կողմնորոշման հարցին ու ռեսուրսներ չստեղծեցին, որ ոչ միայն իրենք, այլեւ ողջ երկիրն անպաշտպան մնացին, երբ թանկացավ ռուսական գազը եւ այսպես շարունակ: Մյուս կողմից Հայաստանի իշխանությունների լեգիտիմության դեֆիցիտը հերթական անգամ լուրջ խնդիր է դառնում արտաքին ճնշումներին դիմակայելու հարցում: Հետեւաբար, նման խոցելիության պարագայում անորոշությունը մեծ է, թե ում կհաջողվի «շեղել» ՀՀ արտաքին քաղաքականության ուժագիծը»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս