ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարբերաբար հրապարակային նկատողություններ է անում տարբեր գերատեսչությունների ղեկավարների` դժգոհելով նրանց աշխատանքից: Փետրվարի 16-ին կառավարությունում ներկայացված հաշվետվությունների քննարկման ժամանակ եւս Հ. Աբրահամյանը մի շարք նախարարների հորդորել է հետեւողական լինել իրենց ղեկավարած գերատեսչություններում առկա թերությունների շտկման հարցում:

Այս կապակությամբ կառավարության երեկվա նիստից հետո «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան
-Պարո՛ն Սարգսյան, փետրվարի 16-ին՝ քաղաքաշինության նախարարության 2015 թվականին կատարած աշխատանքների հաշվետվության քննարկման ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի շարք նկատողություններով հանդես եկավ` կապված ոլորտում առկա խնդիրների հետ: Արդյո՞ք այդ խնդիրները շտկելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են, եւ հիմնականում վարչապետի դիտարկումներն ինչի՞ն էին վերաբերում:
-Վարչապետը մեր հաշվետվության ժամանակ երկու բան ընդգծեց: Առաջինի մասով դրական գնահատական տվեց: Մենք ապակենտրոնացման քաղաքականություն ենք իրականացնում արդեն երկու տարի, այսինքն՝ քաղաքաշինության նախարարությունը նախկինում ավելի շատ ասոցացվում էր շինարարության նախարարության հետ եւ հիմնականում ինքն էր պատվիրատուն հանրապետությունում իրականացվող շինարարությունների: Մենք այս երկու տարիներին արել ենք հակառակը, շինարարության պատվիրատվությունը տվել ենք հիմնականում մարզպետարաններին, դա արել ենք այն պատճառով, որպեսզի կադրերը այնտեղից չփախնեն, որպեսզի շինարարները տեղում մնան: Այդ մասով վարչապետի գնահատականը շատ դրական էր: Իսկ մյուս մասով մեզ վարչապետի առաջարկությունն այն էր, որ քաղաքի համար ավելի նախաձեռնողական ծրագրեր ներկայացնենք, որպեսզի շինարարության տեմպերը ավելանան, եւ այդ ուղղությամբ մենք աշխատում ենք:
-Հովիկ Աբրահամյանը նաեւ ընդգծեց, որ 2016 թվականին ոլորտի համար լուրջ մարտահրավերներ կան: Ըստ Ձեզ` մարտահրավեր ասելով վարչապետն ի՞նչ նկատի ուներ:
-Վաչապետը մարտահրավերներ ասելով՝ մեր ոլորտում նկատի ուներ առաջին հերթին այն, որ շինարարության տեմպերի նվազում չկա, բայց աճ էլ չկա: Պետք է մեր ներդրումային ծրագրերը մենք զարգացնենք: Այդ ներդրումային ծրագրերը վերաբերում են ե՛ւ Երեւանին, ե՛ւ Ֆիրդուսի տարածքին, ե՛ւ, ընդհանրապես, Հայաստանում շատ այլ հատվածների: Այսինքն՝ դրանով պետք է խթանենք շինարարության աճը:
-Պարո՛ն Սարգսյան, իսկ Ձեր կողմից բավարար աշխատանքներ տարվո՞ւմ են ներդրումային ծրագրերի եւ շինարարության ծավալների աճի ուղղությամբ:
-Անշուշտ: Տարիուկես առաջ մենք առաջին անգամ նախարարության կազմում ստեղծել ենք ներդրումային ծրագրերի վարչություն: Այդ ուղղությամբ խումբ է աշխատում, որը իմ անձնական ղեկավարությամբ քաղաքի տարբեր հատվածների վերաբերյալ մշակումներ է անում: Դրանք մենք ներկայացնում ենք տարբեր ներդրողների, այդ թվում նաեւ մաս-մաս ուղարկում ենք դրսում գտնվող մեր ներկայացուցչություններին եւ փորձում ենք բարենպաստ վիճակ ստեղծել այստեղի զարգացումների համար: Ես ասել եմ, որ 2016 թվականին մեր սպասումներն ակնհայտ կան: Չեմ կարող տոկոսով թիվ ասել, բայց վստահ եմ, որ շարժ կլինի, իսկ 2017 թվականին արդյունքները շատ ավելի նկատելի կլինեն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան
-Պարո՛ն Ասատրյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ 2015 թ. հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ ոլորտում առկա մի շարք խնդիրների՝ նշելով, որ ոլորտը գտնվում է իր ուշադրության կենտրոնում: Հիմնականում ինչպիսի՞ բացթողումներ է վարչապետը նկատել նախարարությունում, եւ արդյո՞ք դրանց վերացման ուղղությամբ աշխատանքներ տարվում են:
-Շտապում եմ…
-Պարո՛ն Ասատրյան, բայց հարցը վերաբերում է Ձեր ղեկավարած գերատեսչությանը…
-Ես շտապում եմ…
Հ.Գ. Ուշագրավ է, որ Արտեմ Ասատրյանը հերթական անգամ խույս տվեց լրագրողների հետ շփումից եւ իր ղեկավարած գերատեսչությունում առկա խնդիրների մասին պարզաբանումներ ներկայացնելուց: Մինչդեռ նկատենք, որ ոչ վաղ անցյալում նաեւ նման վարքագիծը փոխելու վերաբերյալ էր ՀՀ վարչապետը հանձնարարական տվել կառավարության անդամներին: Փաստորեն, Արտեմ Ասատրյանի դեպքում կա՛մ ՀՀ վարչապետի հանձնարարականը ոչինչ չարժի, կա՛մ էլ ոլորտում առկա խնդիրներն այնքան շատ են, որ նա պարզապես ասելու ոչինչ չի գտնում:

 

 

 
«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀՆ Է»

ՀՀԿ գործադիր մարմնի՝ երեկվա նիստի արդյունքում, կարծես թե, որոշակիություն մտավ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորման հարցի շուրջ, թեեւ վերջնական հայտարարություն այդպես էլ չհնչեց:

«Քննարկել ենք ներկուսակցական եւ ներքաղաքական զարգացումների հետ կապված հարցեր: Հիմնական քննարկումներն ընթացել են երկու հարցի վերաբերյալ. առաջինը` ՀՀ նախագահի փետրվարի 12-ին ունեցած ծրագրային-հայեցակարգային ելույթի կարեւորագույն կետերի մասին կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչները մտքեր են կիսել: Բացի այդ` քննարկել ենք նաեւ ՀՅԴ-ի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր, առաջարկություններ ենք ներկայացրել, եւ այս շաբաթվա ընթացքում կքննարկվեն այդ առաջակությունները, իսկ մյուս շաբաթվա ընթացքում հուշագրի վերջնական տեքստը կլինի, եւ մենք կունենանք ստորագրված քաղաքական համաձայնություն: Հուշագիրը կոչվելու է քաղաքական համագործակցության հուշագիր` ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների միջեւ»,- նիստից հետո ներկայացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորումն այսքան ձգձգվում, Շարմազանովն ասաց. «Սա զուտ մեխանիկական, պաշտոնների բաժանման համագործակցություն չէ: Սա երկարատեւ ծրագրային համագործակցություն է, որի հիմքում Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահն է, որի հիմքում ընկած են թե՛ մեր համահայկական հռչակագրի դրույթները, թե՛ նախագահի ելույթի հիմնական կետերը: Իսկ այն, ինչ ունի լուրջ նպատակ, չի կարող մեկ-երկու օրում լինել, սա պետք է մանրամասն քննարկվի»:
Շարմազանովը չցանկացավ առիթը բաց թողնել առաջիկայում ՀՀԿ-ի հետ համագործակցության մեջ մտնող ՀՅԴ-ի մասին գովաբանական խոսքեր ասելու համար: Արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի տված խորհուրդին` ՀՅԴ-ի հետ համագործակցության վտանգավորության շուրջ՝ Շարմազանովը նախ հիշեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի այցելությունը Դաշնակցության գրասենյակ, ապա ՀԱԿ-ՀՅԴ համագործակցությունը «հրաշալի քառյակի» շրջանակներում.«Որպես պատմաբան ասեմ, որ ՀՅԴ-ն քաղաքական լուրջ, ազդեցիկ ուժ է: Անկախ նրանից` մեր ճանապարհները մի առվով հոսել են, թե ոչ, մենք ունեցել ենք տարբեր կարծիքներ, թե ոչ, մի բան ակնհայտ է՝ ՀՅԴ-ի դերը Հայաստանի հասարակական-քաղաքական վերջին 125 տարվա պատմության մեջ շատ մեծ է, եւ չի կարելի այն թերագնահատել` անկախ նրանից՝ դա իմ դուրը գալիս է, թե ոչ»,- եզրափակեց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ ԳՆԱՑ ՄԵՆԱԿ
«Ժողովուրդ»-ը երեկ արձանագրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ՀՀ կառավարության նիստը կեսից լքել է: Նախարարը կառավարության շենքից դուրս է եկել ժամը 11:30-ին այն դեպքում, երբ գործադիրի նիստը դեռ շարունակվում էր: Հիշեցնենք, որ նոր իշխող կոալիցիայի շրջանակներում Դաշնակցությանը տրվելիք պորտֆելներից մեկը հենց Ճշմարիտյանի նախարարական պաշտոնն է: Կոալիցիայի հուշագիրը ստորագրելուց հետո էկոնոմիկայի նախարար պետք է նշանակվի ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Թերեւս կարելի է ենթադրել, որ Ճշմարիտյանն այլեւս չի ցանկացել ձեւական մասնակցել կառավարության նիստին՝ գիտակցելով, որ մի քանի օրից ինքը դառնալու է գործազուրկ: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարտին կայանալիք պաշտոնական միջոցառումների համար նախատեսված հրավիրատոմսերում Դաշնակցությանը տրվելիք նախարարությունների հրավիրատոմսերն արդեն իսկ ապագա նախարարների անուններով են տպագրվում:

 

ԿԱԴՐԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ
Ինչպես հայտնի է, ըստ լուրերի, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակներում Դաշնակցությանը տրվող նախարարություններից մեկը լինելու է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ ՀՅԴ քվոտայով Լեւոն Մկրտչյանը կնշանակվի ՀՀ ԿԳ նախարար, այդ գերատեսչության նոր աշխատակազմի ղեկավար կդառնա ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր հնարավոր նշանակման մասին լուրերի առնչությամբ ասաց. «Ոչ առաջարկ եմ ստացել եւ ոչ էլ այսօրվա վիճակով նման մտադրություն ունեմ»: Այն հարցին, թե երբ առաջարկ ստանա, ինչպես կվարվի, Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել: Նշենք, որ մինչեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն նշանակվելը, Գ. Հովհաննիսյանը մոտ տասը տարի աշխատել է ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանի հետ, սկզբում նախարարությունում, ապա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես պրոռեկտոր:

 

ՄԻԱՅՆ ԾԱԽՍՈՒՄ ԵՆ
Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2016 թվականի կոմունալ վարձերը կազմելու են 105 մլն 250 հազար դրամ: Այս կառույցը գազի վարձավճարի համար նախատեսել է վճարել 34 մլն 600 հազար դրամ եւ էլէներգիայի համար՝ 67.5 մլն դրամ: Հայաստանում գոյություն չունի մի համակարգ, որով հնարավոր կլինի պետական կառույցների գործունեությունը գնահատել գումարային արտահայտությամբ: Եթե նման համակարգ լիներ, ապա հետաքրքիր կլիներ պարզել՝ պետական կառույցները գոնե իրենց ծախսած կոմունալ վճարների չափով պետությանը օգուտ տալի՞ս են:




Լրահոս